Մատչելի հղումներ

Նավալնիի դեմ կարող է նոր քրեական գործ հարուցվել


Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով այժմ իր պատիժը կրում է Վլադիմիրի շրջանի գաղութներից մեկում, կարող է մեղադրվել մեկ այլ քրեական գործով՝ կալանավայրում «անկազմակերպ վերաբերմունքի» հոդվածով։ Պատճառը կարող է լինել նրա արձագանքը գաղութի անձնակազմի սադրանքներին, հայտնել է Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևը։

Ըստ Կոբզևի՝ Նավալնիի հետ նույն խցում է հայտնվել հիգիենայի խնդիրներ ունեցող մի հարևան։ «Խցում հոտն այնպիսին է եղել, որ անհնար է եղել այնտեղ մտնել և Նավալնին հրաժարվել է ներս մտնելուց»,- գրել է փաստաբանը՝ նշելով, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, նկարահանված է տեսաձայնագրիչով:

Նավալնին զգուշացրել է, որ եթե իրեն ստիպեն խուց մտնել, ապա նա «բանտի կանոնների համաձայն» ուժ կկիրառի իր խցակցի նկատմամբ։ Գաղութի սպաները նախ սպառնացել են քաղաքական գործչին, ապա «զրահաբաճկոններով և սաղավարտներով խումբ» են հրավիրել, ովքեր նրան քարշ են տվել խուց։

Խցում Նավալնին, իբր, բռնել է խցակցի օձիքից և նրան քարշ տվել դեպի ելք։ Ի պատասխան, իրավապահները քաղաքական գործչին պատին են սեղմել:

Գաղութի իշխանությունները հայտարարել են, որ նրա դեմ քրեական գործ են հարուցելու՝ գաղութի գործունեությունը խանգարելու հոդվածով։ Հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում, սակայն գործի մասին դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արվել։

Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 11ին, Նավալնիին 13րդ անգամ «ՇԻԶՈ» պատժախուց էին ուղարկել։ Այս անգամ որոշման պատճառը նշված չէ, սակայն նախկինում նրան պատժախուց տեղափոխելու պատճառներից է եղել ցանկապատ լվանալուց հրաժարվելը։

«ՇԻԶՈ» պատժախուցն առանձնանում է պահման առանձնապես ծանր պայմաններով: Նավալնին այն նկարագրել է որպես երկու մետրանոց խուց, որտեղ նա պետք է նստի երկաթե մի աթոռակի վրա: 2022 թվականի օգոստոսից ի վեր, նա նման խցում է անցկացրել ավելի քան հարյուր օր, ինչը հանգեցրել է նրա առողջության կտրուկ վատթարացմանը։

Կոբզևի խոսքերով, ապրիլի սկզբին Նավալնիի համար շտապ օգնություն են կանչել՝ ստամոքսի սրված հիվանդության պատճառով։ Պաշտպանը նշել է, որ Նավալնիի ախտորոշումը դեռ անհայտ է, սակայն նա պահանջել է թունաբանական և ռադիոլոգիական թեստեր, քանի որ հավատում է, որ իր հաճախորդին կարող են փոքր չափաբաժիններով թունավոր նյութեր տալ։

2022 թվականի հունիսին Նավալնին Պոկրովի ընդհանուր ռեժիմի գաղութից տեղափոխվել է Մելեխովոյի խիստ ռեժիմի գաղութ։ Նավալնին և նրա կողմնակիցները քրեական հետապնդումը համարում են քաղաքական։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG