Վլադիմիրի մարզում Մոսկվայի քաղաքային դատարանն արտագնա նիստում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, որը նա պետք է անցկացնի հատուկ ռեժիմի գաղութում։ Դատախազները պահանջում էին 20 տարի։
Արդեն կալանքի տակ գտնվող Նավալնիին մեղադրել են «ծայրահեղական համայնք ստեղծելու» մեջ՝ նրա դեմ հարուցելով թվով երրորդ գործը։ Ընդհանուր առմամբ, նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով։
Դատավարության ժամանակ՝ իր ելույթում ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է, որ իրեն դատապարտելու են «ստալինյան պատժաժամկետով», արդյունքում կստանա «մոտավորապես 18 (տարի)»։ Նավալնիի խոսքով, նպատակը իր կողմնակիցներին և այլ ակտիվիստներին ահաբեկելն է։
Նավալնին գտնվում է գաղութում 2021 թվականի փետրվարից և այս ամառ պետք է ազատ արձակվեր։
«Ամբողջ հանցակազմը սկզբից մինչև վերջ հորինված է»
Ալեքսեյ Նավալնին միանգամայն ճիշտ է գնահատել իր դատավճիռը՝ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ, իրավաբան Իլյա Շաբլինսկին։ Նրա կարծիքով, ռուս քաղբանտարկյալների բոլոր երկարաժամկետ պատիժները, այդ թվում՝ Վլադիմիր Կարա-Մուրզայի 25 տարվա պատժաժամկետը, գործիք են՝ Ռուսաստանում ժողովրդավարության վերականգնմանն ուղղված շարժման մասնակիցներին և հակապատերազմական ակտիվիստներին վախեցնելու համար։
«Նավալնին մինչ այդ արդեն դատապարտված էր 9 տարվա ազատազրկման, Ալեքսեյ Յաշինը՝ 8 տարվա, Ալեքսեյ Գորինովը՝ 7 տարվա և այլն»,- հիշեցրել է նա։ «Սակայն նախագահի վարչակազմի պաշտոնյաներին դա բավարար չի թվում՝ մյուսներին սարսափեցնելու և ահաբեկելու համար։ Ուստի, կիրառվում են «ստալինյան» պատժաժամկետներ»։
Ըստ Շաբլինսկու, Նավալնիի դատավարությունը զուրկ է հիմքերից. «Նա մեղադրվում է ծայրահեղական համայնք կազմակերպելու, ծայրահեղական գործունեության և այլնի մեջ, ըստ էության՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գործունեության համար։ Մինչդեռ, հիմնադրամը գործել է միանգամայն օրինական, բացահայտ, և իր գործունեության մեջ ծայրահեղականության՝ օրենքով նախատեսված հատկանիշներ չեն եղել։ Ամբողջ «հանցակազմը» սկզբից մինչև վերջ հորինված է։ Նրանք մերկացնում էին «Եդինայա Ռոսիայի» կուսակցական գործիչներին, Դմիտրի Մեդվեդևին, իրենց հետաքննություններով «անհարմարություններ էին պատճառում» Պուտինին։ Անգամ մեծ ցանկության դեպքում այն ծայրահեղականություն անվանել չի կարելի։ Այնուամենայնիվ՝ անվանեցին»։
Իհարկե, Պուտինն ատում է Նավալնիին՝ կարծիք է հայտնում իրավապաշտպանը. «Սակայն պատժաժամկետի հետ կապված՝ ենթադրում եմ, որ գլխավոր դատախազության խումբը, ինքը՝ (Իգոր) Կրասնովը (գերատեսչության ղեկավարը) այս կերպ ցույց են տալիս իրենց անձնական հավատարմությունը նախագահին։ Հնարավոր է, նրանց սեփական նախաձեռնությունն է։ Այդուհանդերձ, հակված եմ կարծել, որ քաղբանտարկյալների համար հսկայական պատժաժամկետները նախագահի վարչակազմի գիծն են։ Նրանք ցանկանում են վախեցնել մարդկանց»։
Ցինիկ համակարգի հետ այս անհավասար պայքարում Նավալնին ակնհայտորեն բարոյական հաղթանակ է տանում՝ ընդգծում է Իլյա Շաբլինսկին։ «Պետք է արժանին մատուցել, թե ինչպես է նա իրեն պահում՝ արժանապատվորեն և հումորով։ Նրա ելույթներում քիչ պաթոս կա, ավելի շատ հեգնանք ու ծաղր է հնչում իրեն դատողների հասցեին։ Թեև դա աներևակայելի դժվար է նրա համար։ Նա ծանր թունավորում է տարել։ Նրան ուղղակի ցանկանում են սպանել մեր աչքի առաջ։ Այնուամենայնիվ, նա հրաշալի է իրեն դրսևորում։ Ոգեշնչող օրինակ է»,- եզրափակել է իրավապաշտպանը։
Դատավարության ժամանակ իր եզրափակիչ խոսքում Նավալնին ասել է, որ թույլ չի տա իրեն «ահաբեկել ու կոտրել իր կամքը» և հորդորել է մյուսներին. «Եղե՛ք այդպիսին»։
«Նրանց խնդիրն է վախով առևտուր անել»
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին համաձայնել է դատավճռի վերաբերյալ Ալեքսեյ Նավալնիի մեկնաբանության հետ․ ««ОВД-Инфо»-ի տվյալներով, անցած տարվա վերջից զգալիորեն աճել են բռնաճնշումների հոդվածներով դատապարտման ժամկետները։ Դատավճիռները դաժան են դարձել։ Ռեպրեսիվ մեքենան դեռ չի կարող զանգվածային բռնաճնշումներ իրականացնել։ Սակայն դաժան դատավճիռները ահաբեկելու, բողոքի ու քաղաքական ակտիվիզմի դիմաց վճարվող գինը կտրուկ բարձրացնելու միջոց են։ Բռնաճնշումների նպատակը ահաբեկումն է։ Եվ Ալեքսեյը հերթական անգամ իրավացի է՝ նշելով, որ իր դատավճռի մասին կիմանան ակտիվ քաղաքացիները»։
Նավալնին և նրա ղեկավարծ կառույցները, անշուշտ, սպառնալիք էին վարչակարգի համար՝ կարծում է Սերգեյ Լուկաշևսկին. «Նա ռուսաստանցի միակ քաղաքական գործիչն էր, որը կարողացավ իրական կուսակցություն ստեղծել՝ ողջ երկրում սփռված իր շտաբների աշխատակիցներից։ 2020 թվականի օգոստոսին նրա թունավորումը վկայում է (Կրեմլի) կողմից հետագայում (Ուկրաինայում) պատերազմի նախապատրաստման մասին։ Հիմա դա լիովին հասկանալի է։ Նավալնիի ճակատագրի մասին որոշումը, անկասկած, կայացվել է ամենաբարձր մակարդակում։ Այն ամենևին էլ գլխավոր դատախազության նախաձեռնությունը չէ»։
Նավալնիին առաջադրված մեղադրանքը, բնականաբար, անհեթեթ է՝ պնդում է իրավապաշտպանը. «Բոլորս գիտենք, թե նա ինչ պայմաններում է պահվել կալանքի տակ, ինչպես էին նրան ամեն օր խոշտանգում ու տանջում։ Եվ ասել, որ քաղաքական գործիչը կալանքի տակ գտնվելիս որևէ գործունեություն էր կազմակերպում, բացարձակ անհեթեթություն է։ Ակնհայտ է, որ ցանկացած բռնապետական իշխանություն, որքան ավելի շատ է մաքրում քաղաքական տարածքը, վերացնում է ընդդիմության բոլոր հետքերը, այնքան ավելի է սկսում վախենալ ազատության ցանկացած դրսևորումից։ Ուժայինները միայն օգնում են իշխանություններին այդ հարցում։ Նրանց խնդիրն է վախով առևտուր անել՝ միաժամանակ բարձրացնելով իրենց կարգավիճակը իշխանական այլ կառույցների շրջանում»։
Պուտինի համար Նավալնին մնում է շատ լուրջ ու վտանգավոր հակառակորդ, քանի որ նրա քաղաքական օրակարգն առավելագույն արձագանք է ստանում ռուսների շրջանում՝ վստահ է Սերգեյ Լուկաշևսկին։
«Դա ցույց տվեց անգամ Պրիգոժինի ապստամբությունը, ով իր հայտարարություններում երբեմն բառացիորեն մեջբերում էր Ալեքսեյ Նավալնիի քաղաքական կարգախոսը, մասնավորապես՝ «չստել և չգողանալ»։ Նավալնիի նկատմամբ Պուտինի անձնական ատելության դրդապատճառն առկա է, և այն նույնպես իր դերն է խաղացել։ Այն չկար ի սկզբանե, բայց կարելի է ենթադրել, որ հայտնվել է «Պուտինի պալատի» մասին տեսանյութից հետո, որը նախագահին ներկայացնում է որպես գռեհիկ նորահարուստ՝ հավաքելով տասնյակ միլիոնավոր դիտումներ Ռուսաստանում։ Այն քաղաքական արդյունքների չհանգեցրեց, մարդիկ փողոց դուրս չեկան, այնուամենայնիվ, Պուտինի հեղինակությանը շոշափելի հարված հասցվեց։ Ուստի, Պուտինը Նավալնիին ատելու պատճառներ ունի»,- եզրափակել է Սախարովի կենտրոնի տնօրենը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը տեղի ունեցածը մեկնաբանել է այսպես.
«Տխուր է, բայց ոչ զարմանալի։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները՝ Պուտինի գլխավորությամբ, ավտորիտար կառավարություն են, որ նրանք օգտագործելու են ցանկացած միջոց՝ ընդդիմության ձայները սահմանափակելու, քննադատության ձայները լռեցնելու համար։ Նավալնին դրա մարմնավորումն է։ Նրան կալանք տակ պահելը անընդունելի է։ Նա չպետք է լիներ դատարանում, և մենք դատապարտում ենք նրա նկատմամբ Ռուսաստանի կառավարության գործողությունները»։