Ալեքսեյ Նավալնիի շտաբի Բառնաուլի մասնաճյուղի նախկին ղեկավարը դատարանի կողմից դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ «ծայրահեղական համայնքի» անդամ լինելու համար։ Այս մասին Նավալնիի թիմը հայտնել է երկուշաբթի իրենց «Telegram»-յան ալիքում։
Վադիմ Օստանինը, ով ղեկավարում էր Նավալնիի շտաբը Բիյսկում և Բառնաուլում, զբաղվել է միայն «օրինական քաղաքական գործունեությամբ»՝ ասված Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր գործչի շտաբի հայտարարության մեջ։
Դատարանը Օստանինին մեղավոր է ճանաչել նաև ոչ առևտրային կազմակերպության անդամ լինելու համար, որը «ոտնձգություն է կատարել քաղաքացիների անձի և իրավունքների դեմ»։ Օստանինը ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին և կալանքի տակ է եղել Մոսկվայում, նախքան նրան տեղափոխել են Բառնաուլ, ուր կանգնել է դատարանի առաջ։
«Մոսկվայից Բառնաուլ ժամանելուն պես՝ ինձ առանց բացատրության տեղավորեցին մոտ վեց քառակուսի մետրանոց նկուղային մեկուսարանում՝ աղբով ծածկված պատուհանով»,- գրել է Օստանինը՝ Նավալնիի թիմի կողմից հրապարակված նամակում։ «Մոտ մեկ շաբաթ անց խուցը ողողվեց մինչև կոճերը հասնող ջրով...։ Խցերում առնետներ էին, մրջյուններ, սարդեր»:
Նավալնիի թիմը հայտնել է, որ քննիչները ճնշում են գործադրել Օստանինի վրա, որպեսզի իրեն մեղավոր ճանաչի, սակայն նա հրաժարվել է:
Ալեքսեյ Նավալնին՝ Պուտինի ամենահայտնի քննադատը, խարդախության ու այլ մեղադրանքով դատապարտվել է ընդհանուր առմամբ 11,5 տարվա անազատության՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նավալնիի խոսքով, այդ մեղադրանքները շինծու են՝ իրեն լռեցնելու համար: Անցած շաբաթ դատախազները հայց էին ներկայացրել՝ պահանջելով Նավալնիի ազատազրկումն ավելացնել 20 տարով՝ մեղադրելով նրան «ծայրահեղականության» մեջ։
Անցած ամիս Նավալնիի գլխավորած շարժման մեկ այլ ակտիվիստ՝ ընդդիմադիրների Ուֆայի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևան, «ծայրահեղականության» մեղադրանքով դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման։