Բջջային հեռախոսով հնարավոր է եղել նկարահանել այն պահը, երբ ահաբեկիչները ռումբ են պայթեցնում մայրաքաղաք Անկարայում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության մոտ գտնվող անցակետում:
Նախարարության ներկայացմամբ, տեղի ունեցածը ահաբեկչություն էր, որն, ի դեպ, տեղի է ունեցել երկրի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից մի քանի ժամ առաջ:
«Մահապարտ-ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Մյուսին վնասազերծել են՝ կրակելով գլխին, քանի դեռ չէր հասցրել իրեն պայթեցնել»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նախարարը հավելել է՝ մտադիր է այցելել հարձակման հետևանքով վիրավորված երկու սպաների՝ տեղեկացնելով, որ նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։
Պայթյունից ժամեր անց խորհրդարան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իր ելույթում նա բարձր է գնահատել իրավապահների գործողությունները։
«Քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունը թիրախ դարձրած սրիկաները չկարողացան հասնել իրենց նպատակներին։ Նրանք երբեք չեն հասնի դրան»,- հայտարարել է Էրդողանը:
«Reuters»ի հետ զրույցում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն նշել է, որ հարձակվողները առևանգել են ավտոմեքենան մայրաքաղաքից մոտ 260 կմ հարավ-արևելք՝ սպանելով վարորդին։
Նման պայթյուն առաջին անգամ է տեղի ունենում Անկարայում 2016 թվականից ի վեր։
Սովորաբար, Թուրքիայում ահաբեկչական նման կարգի գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են «Իսլամական պետություն», «PKK» («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») կազմակերպությունները, կամ թուրքական իշխանությունները նրանց են մեղադրում երկրի հատկապես խոշոր քաղաքներում տեղի ունեցած հարձակումների համար: Նշված երկու կազմակերպությունները ԱՄՆ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական: