Ըստ հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ համապարփակ օրենսդրական նախաձեռնությունը «անդրադառնում է Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ Ադրբեջանի չհրահրված ագրեսիաներին և վայրագություններին, մարդասիրական օգնություն է տրամադրում ծայրահեղ կարիքի մեջ գտնվող հայերին և ամրապնդում է համագործակցությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև»:
«Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի անօրինական և չհրահրված հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907-ի հոդվածի գործողությունը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:
«Արցախի հայ ժողովրդի դեմ նախագահ Ալիևի ցեղասպան արշավը չափազանց երկար է շարունակվում, և վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները բովանդակալից քայլեր ձեռնարկեն այն կասեցնելու համար: Այս օրենսդրությունը առաջին մեծ քայլն է Ալիևի վարչակարգի կատարած վայրագութունների դեմ պայքարելու և նրա ու նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նախագիծը նաև կապահովի հակամարտությունից տուժած հայ ժողովրդին անհրաժեշտ օգնություն և անվտանգություն՝ իրենց հինավուրց հայրենիքում ապահով ապրելու համար՝ չվախենալով Ադրբեջանի կառավարության կողմից բռնաճնշումից», - հայտարարել է կոնգրեսական Փալոնը։
Օրինագիծը նախատեսում է 30 միլիոն դոլարի հատկացում 2020 թվականին 44-օրյա պատերազմի, 2022 թվականի Հայաստանի դեմ սեպտեմբերյան մարտերի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով տուժած խմբերին մարդասիրական օգնության տրամադրում: