Մատչելի հղումներ

Առաջընթացի միակ ճանապարհն է խաղաղությունը, երկխոսությունը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը. ԱՄՆ պետքարտուղար


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն՝ այս տարվա մայիսին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն՝ այս տարվա մայիսին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից պետքարտուղարության տարածած հայտարարությունը կոչ է անում միաժամանակ և անհապաղ բացել Լաչինի ու Աղդամի ճանապարհները

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից: Հայտարարության մեջ Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ընդգծել երկխոսության անհրաժեշտությունն ու «անընդունելի» որակել տարաձայնությունները լուծելու համար ուժի կիրառումը: Բլինքենը կարևորել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացն ու խրախուսել երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև: Հայտարարության մեջ , մասնավորպես, ասված է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նկատում ենք, որ մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի ճանապարհների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղում բնակվող տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք նաև հորդորում ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում գործընթացն այս նպատակից: Խնդիրները լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է:

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի լույսի ներքո, Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու չկարգավորված խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության: Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև։

Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է, որ առաջընթացի միակ ճանապարհն է խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասված է Բլինքենի հայտարարության տեքստում:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, X հարթակում տարածելով վերոհիշյալ հայտարարությունը, կատարել է գրառում, ուր մասնավորապես նշված է.

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել համատեղ աշխատանքը՝ լուծելու առկա խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ դեպի Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ երթուղիների հետ»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG