Մատչելի հղումներ

Լեհաստանը հաստատել է ռուսական միջուկային զենքի փոխանցումը Բելառուսին


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա

Նախագահ Դուդան հայտարարել է՝ այն փոխում է իրավիճակը ՆԱՏՕ-ի համար։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է մարտավարական նշանակության միջուկային զենքի տեղակայումը հարևան Բելառուսում։

Դուդայի խոսքով, նման քայլը փոխում է անվտանգության ճարտարապետությունը տարածաշրջանում և ողջ ՆԱՏՕ-ի համար։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն այս մարտին հայտարարեցին Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման ծրագրի մասին, արդեն հուլիսին երկու երկրների առաջնորդները նշեցին, թե գործընթացը մեկնարկել է:

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն տակավին չեն հաստատել զանգվածային ոչնչացման այդ զենքի տեղաշարժը։

Անջեյ Դուդան հայտարարությունն արել է Լեհաստան ժամանած Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզայի հետ համատեղ ասուլիսին․ «Նախագահ [դի Սոուզային] պատմեցի Վլադիմիր Պուտինի ծրագրերի իրականացման մասին՝ կապված Բելառուսի տարածք ռուսական մարտավարական նշանակության միջուկային զենք տեղափոխելու հետ։ Գործընթացն իսկապես տեղի է ունենում։ Մենք դա տեսնում ենք»:

Լեհաստանի նախագահը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, թե այն ակնհայտորեն փոխում է անվտանգության ճարտարապետությունը Եվրոպայի արևելյան հատվածում։

«Սա փոխում է անվտանգության ճարտարապետությունը մեր անմիջական հարևանությամբ, բայց միևնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում։ Փաստորեն, այն փոխում է իրավիճակը ողջ դաշինքի համար»,- ընդգծել է Դուդան:

Իր հերթին՝ Լուկաշենկոն հանդես է եկել հայտարարությամբ, թե Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կոչված է զսպելու ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի ագրեսիան, թեև Վարշավան նման սպառնալիքներ չի հնչեցրել։

XS
SM
MD
LG