Մատչելի հղումներ

Լեհաստանն իր արևելյան սահմանին ռազմուժ է կենտրոնացնում՝ մտահոգվելով «Վագների» ներկայությունից


«Վագների» զինյալները Բելառուսում
«Վագների» զինյալները Բելառուսում

Նախօրեին Լեհաստանի հետ սահմանի մոտ ռուսաստանցի վարձկանները համատեղ զորավարժություններ էին անցկացնում բելառուսական հատուկ ջոկատայինների հետ։

Լեհաստանի Անվտանգության կոմիտեն չորեքշաբթի որոշում է կայացրել երկրի արևելյան սահմանների երկայնքով ռազմուժի կենտրոնացման մասին՝ Բելառուսում վագներականների առկայության պատճառով։

Այս մասին ուրբաթ հայտնել է լեհական պետական «PAP» լրատվական գործակալությունը։

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը չորեքշաբթի ողջունել է Բելառուսում գտնվող վարձկաններին։ «Telegram»-յան ալիքներում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Պրիգոժինը դիմում վագներականներին, թե խմբավորումն առայժմ չի մասնակցի Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Փոխարենը, վագներականները պետք է պատրաստվեն գործողությունների Աֆրիկայում և զորավարժություններ անցկացնեն բելառուսական բանակի հետ։

Հինգշաբթի տարածված Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, «Վագների» զինյալները բելառուսական հատուկ ջոկատայինների հետ զորավարժություններ են սկսել Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:

«Բելառուսական բանակի և «Վագների» համատեղ զորավարժությունները, անկասկած, սադրանք է»,- հայտարարել է Լեհաստանի անվտանգության կոմիտեի քարտուղար Զբիգնև Հոֆմանը՝ հավելելով․ «Կոմիտեն վերլուծել է հնարավոր սպառնալիքները՝ «Վագների» ստորաբաժանումների տեղակայումը [Բելառուսում]։ Ուստի, ազգային պաշտպանության նախարար, կոմիտեի նախագահ Մարիուշ Բլաշչակը որոշում է կայացրել մեր զորամիավորումները Լեհաստանի արևմուտքից տեղափոխել արևելք»։

Բելառուսական սահմանի մոտակայքում բնակվող լեհաստանցիները հինգշաբթի լսում էին կրակոցների և ուղղաթիռների աղմուկի ձայներ՝ «Վագների» ու բելառուսական հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունների մեկնարկից անմիջապես հետո:

Վարշավայում մտահոգվել են, թե ուկրաինական պատերազմը կարող է տարածվել Լեհաստան:

Լեհաստանի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ լրացուցիչ ավելի քան հազար զինծառայող է տեղակայվել երկրի արևելքում։ Նրանց միանալու են հինգ հարյուր ոստիկաններ՝ Բելառուսի հետ սահմանի անվտանգությունն ամրապնդելու նպատակով։

XS
SM
MD
LG