Մատչելի հղումներ

Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի զինված ուժերում աճում է հակադրությունը բարձր հրամանատարության և սպաների միջև


Ըստ փորձագետների՝ ռուս գեներալները մարտահրավեր են նետում բանակի բարձրագույն ղեկավարությանն ու անձամբ Պուտինին: Ռուս գեներալների նետած մարտահրավերը նրանք բնորոշում են «միկրոապստամբություն»

Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի հրամանատար, մարտական գեներալ Իվան Պոպովի անսպասելի պաշտոնանկությունը կարող է վկայել, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանը ռեզերվի սուր պակաս ունի: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):

Լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնանկության որոշումը կայացրել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը`դժգոհելով Պոպովի զեկույցից և նրան մեղադրելով անհիմն տագնապ տարածելու ու բանակի հրամկազմը շանտաժի ենթարկելու մեջ։

Հայտնի է դարձել, որ 58-րդ բանակի հրամանատարը պահանջել է ճակատում կռվող ստորաբաժանումների ռոտացիա իրականացնել` անձնակազմի մեծ կորուստների պատճառով։ Գեներալը նաև քննադատության է ենթարկել բարձրագույն ռազմական ղեկավարությանը` մի շարք պատճառներով։

Պոպովի` հրապարակված ձայնային ուղերձից` ուղղված իր ենթականերին, պարզ է դառնում, որ նա հրաժեշտի խոսք է ուղղում վերջիններիս ու բացատրում իր քայլերի դրդապատճառները։

Բողոքի մեջտեղ գալուն իր դերն է ունեցել մեկ այլ գեներալ՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի նախկին տեղակալ Անդրեյ Գուրուլյովը, ով նախկինում գլխավորում էր նույն 58-րդ բանակը, իսկ այժմ՝ Պետդումայի պատգամավոր է։

Ավելի ուշ` Գուրուլյովին սուր քննադատության է ենթարկել իշխող «Единая Россия» կուսակցության ղեկավարությունը։

Իր հերթին, Գեներալ Պոպովին աջակցել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը։

Հրապարակախոս, լրագրող Իգոր Յակովենկոյի խոսքով, դժվար է ասել, թե Իվան Պոպովի մոտեցումները որքան են տարածված ռուս գեներալների և սպաների շրջանում։ Միաժամանակ, Յակովենկոն քիչ հավանական է համարում, որ բանակում պառակտում կա։

«Բայց ամեն դեպքում, սա, իհարկե, շատ աղմկահարույց պատմություն է»,- ասել է Յակովենկոն «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը։ «Նա Պրիգոժինը չէ: Բայց, ինչ-որ չափով, կարելի է խոսել բանակում իշխանությունների համար թաքնված և ծայրահեղ տհաճ տրամադրությունների ձևավորման մասին... ։ Այս ամենի ֆոնին` այլևս ֆանտաստիկ չի թվում, որ Մոսկվայի դեմ հաջորդ արշավը ղեկավարվի ոչ թե նախկին հանցագործ, այլ գեներալներից մեկը։ Սա չէի բացառի։ Թեև նման իրադարձության համար կարող են խթան հանդիսանալ Ուկրաինայի զինված ուժերի նշանակալի հաջողությունները»։

Վերջին շրջանում բանակում նկատելի են բացասական տրամադրությունները, քանի որ զինված ուժերի գլխին կանգնած են մարդիկ, ովքեր կապ չունեն բանակի հետ:

Ըստ Իգոր Յակովենկոյի՝ «Խոսքն առաջին հերթին Սերգեյ Շոյգուի և նրա որոշ տեղակալների մասին է։ Բանակը մերժում է նման անձանց։ Շոյգուն բանակում ժողովրդականություն չի վայելում»:

«Պարզ չէ, թե որտեղ է այժմ Սուրովիկինը՝ «գեներալ Արմագեդոնը»,- շարունակում է լրագրողը. «Նրա մասին ամենատարբեր լուրեր են պտտվում... ։ Հստակ է, որ Կրեմլը պատկերացում չունի, թե ինչ անել Սուրովիկինի հետ։ Նրա դեմ քրեական գործ հարուցելը, երբ Պուտինը Կրեմլում ընդունում է Պրիգոժինին ու մյուս ապստամբներին, ինչ-որ տեղ տարօրինակ է... ։ Ընդհանրապես, սա ևս խնդիր է, որը վաղ թե ուշ կարող է մեծապես ազդել զորքերի տրամադրության վրա»։

Ըստ որոշ տեղեկությունների, Սուրովիկինը դեռ կալանքի տակ է։ Իշխանությունները նրան կասկածում են Պրիգոժինի ապստամբության մասին նախորոք տեղյակ լինելու մեջ։ Այս մասին գրում են

«The New York Times»-ը և «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրները։

Մյուս կողմից, «Վագների» և անձամբ Պրիգոժինի հետ կապված էջը շրջված չէ, և այդ պատմությունը ևս չի նպաստում Պուտինի ռեժիմի հեղինակության ամրապնդմանը` նշում է Իգոր Յակովենկոն։ «Այս պատերազմն անիմաստ է, և ռուսական բանակի ներսում իրավիճակը Կրեմլի համար ավելի սպառնալից է դառնում»,- եզրափակում է նա։

Սա լուրջ ահազանգ է Պուտինի համար` ասում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գենադի Գուդկովը` ուշադրություն հրավիրելով, որ գեներալների շրջանում ծագած դժգոհությունը այլևս հանրային բնույթ ունի։

«Գեներալ Պոպովը բավականին սիրված անձնավորություն է զինվորականների շրջանում, և նախկին ենթականերին ուղղված նրա հայտնի կոչից հետո, կարծում եմ, նա էլ ավելի շատ միավորներ հավաքեց»,- նշեց «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ Գուդկովի բնորոշմամբ, գեներալի կոչը, կարծես, սրտից բխող ճիչ է, որ բանակում առկա են լուրջ խնդիրներ, ամենուրեք արհամարհական վերաբերմունք է զինվորների և սպաների կյանքի նկատմամբ։

Գենադի Գուդկովը շարունակում է` ակնհայտ է, որ վերև հասցեագրված ցանկացած զեկույց, որը չի համապատասխանում Պուտինի քարոզչության նկարագրած իրավիճակին, թշնամաբար է ընկալվում պաշտպանության գերատեսչությունում: Սա լրացուցիչ փաստարկ է, որ Պրիգոժինի ապստամբությունը պատահականություն չէր։

Փաստորեն, գեներալ Պոպովը հանդես է եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ դեմ, ըստ էության, նույն հիմնավորմամբ, ինչ Պրիգոժինը՝ պնդում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ «[Պոպովը] պատերազմի հակառակորդ չէ, հակառակը` կողմանակից է, և այսօր հենց «ծայրահեղ հայրենասիրական» թևից է հասունանում է Կրեմլի դեմ ուղղված գլխավոր սպառնալիքը։ Պոպովը մենակ չէ: Ենթադրում եմ, Կրեմլը կզգուշանա խորացնել այս գործը, քանզի պետք չէ հակադրվել նրանց, ովքեր, իրոք, կռվում են Ուկրաինայում։ Այնպես որ, ձերբակալություն չի լինի, թեև տեղի ունեցածն, իհարկե, լուրջ մարտահրավեր է բանակի բարձրագույն հրամանատարությանը և անձամբ Պուտինին։ Տեղի է ունենում գեներալների միկրոապստամբություն»,- եզրափակեց Գենադի Գուդկովը։

XS
SM
MD
LG