Ուկրաինացիները տասնամյակներ շարունակ գնացել են Լեհաստան՝ աշխատելու և սովորելու նպատակով, ուստի պատերազմի բազում փախստականների համար այնտեղ տեղափոխվելը առաջին ընտրությունն էր: Տասնութամյա Ջուլիան վերջերս տեղափոխված փախստականներից մեկն է:
«Ես ուզում եմ սովորել Լեհաստանում և աշխատանք գտնել գումար վաստակելու համար, որպեսզի օգնեմ Ուկրաինայում մնացած իմ ծնողներին»,- ասել է նա:
Ջուլիան սովորում է լեհերեն, բայց պատերազմի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա:
«Որովհետև դա մեր երկիրն է, մեր տունը, և մենք ուզում ենք վերադառնալ»,- հավելել է նա:
Սակայն վտանգի զգացողությունը շատերին է խանգարում տուն վերադառնալ։ Արևելյան Ուկրաինայի պատերազմական գոտուց փախչելուց հետո, Սոֆին փորձում է ընտելանալ Լեհաստանի կյանքին:
«Ես շատ եմ սիրում լեհ երիտասարդներին, որովհետև նրանք իսկապես հասկանում են մեզ և փորձում են օգնել»,- ասել է նա:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի առաջին շաբաթներին Ուկրաինայից հեռացել է մոտ 7 միլիոն փախստական։ Նրանց 2 միլիոնից ավելին հետագայում վերադարձել է հայրենիք: Չորս միլիոն ուկրաինացիներ տեղափոխվել էին Լեհաստան, որոնցից ավելի քան 2 միլիոնը դեռ այնտեղ են։
Թեև որոշ փախստականներ ողջունում են Արևմտյան Եվրոպայի բարեկեցիկ երկրներում ապրելու հնարավորությունը, շատերն անտեսում են անվճար փոխադրումների առաջարկները դեպի ավելի հեռավոր երկրներ, ասում է լեհական միգրացիոն ֆորումի միգրանտների իրավունքները խթանող Ագնեշկա Կոսովիչը:
«Հիմա մենք ունենք գնացքներ և ավտոբուսներ, որոնք դատարկ կամ կիսադատարկ մեկնում են այդ երկրներ, քանի որ փախստականների շրջաններում այնտեղ գնալու հետաքրքրություն չկա»,- հավելել է նա:
Ըստ Կոսովիչի, ոււկրաինացիներին Լեհաստանը գրավում է լեզվի և մշակույթի նմանություններով, սակայն նա նաև ասում է, որ նրանց համար իրենց հայրենիքին մոտ լինելն ամենակարևորն է:
Հոդվածը պատրաստվել է Գրեգ Ֆլակուսի նյութի հիման վրա: