Ամբողջ աշխարհում ուսանողները տոնում են դպրոցների ավարտը։ Սակայն, Ուկրաինայում պատերազմի հետևանքով, շրջանավարտները տոնական տրամադրություն չունեն:
Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգով քաղաքը հրթիռակոծությունների մեջ է եղել պատերազմը սկսվելուց ի վեր: Ավագ դպրոցական Օլհա Բաբյենցը հիշում է, որ վերջին անգամ դպրոց է հաճախել փետրվարի 24-ին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մեկ օր առաջ: Օլհան ասում է, որ այլևս ոչ ոք չի խոսում ավարտական արարողության մասին:
«Ափսոսում ենք, որ մեզանից խլեցին այդ ամենը, բայց ուրախ ենք, որ ողջ և առողջ ենք: Հիմա հասկանում ենք, որ դա ամենակարևորն է»,- հավելել է նա:
Կան նաև դպրոցներ, որոնք փորձում են պահպանել սովորական ժամանակների զգացողությունը:
Ուկրաիներեն լեզվի ուսուցիչ, «Ուկրաինական գլոբալ ուսուցիչ 2021» մրցանակի հաղթող Արթուր Պրոյդակովի դասարանը ընտրել է հիբրիդային արարողության ձևաչափը:
«Տասներկու շրջանավարտներ ընտրեցին գալ դպրոց, թեև նրանց հարազատները բոլորը Կիևում են: Եվս ութ շրջանավարտներ արարողությանը մասկանկցում են առցանց»,- ասել է ուսուցիչը: «Ոչ ոք հատուկ տոնական արարողություններ չի ուզում, այդ մասին չենք էլ խոսել»:
Միկոլաևում ինտենսիվ հրետակոծությունը նույնպես ստիպել է ավարտական արարողությունն անցկացնել առցանց:
«Սպասեցինք մինչև ամենավերջին պահը: Հուսով էինք, որ երեխաների և ուսուցիչների մեծ մասը տուն կվերադառնան: Սակայն հետո հրետակոծությունն այս հատվածում ավելի ուժգնացավ և հասկացանք, որ ոչինչ չենք կարող անել»,- «Reuters» լրատվականին տված հարցազրույցում նշել է Նիկոլաևի գիմնազիայի փոխտնօրեն Նատալիա Կոլեսնիչենկոն:
Նյութը պատրաստվել է «Reuters» լրատվականի հոդվածի հիման վրա