«Financial Times»-ի փոխանցմամբ, իրականում, Ռուսաստանը սահմանաչափից 8 դոլարով թանկ է վաճառում իր նավթը
Այսօր Ռուսաստանը կարողանում է իր արդյունահանած նավթն ավելի թանկ վաճառել, քան արևմտյան երկրների սահմանած գնային առաստաղն է՝ 60 դոլար մեկ բարելի (158.9 լիտր) դիմաց:
Ուսումնասիրելով Հնդկաստան ռուսական նավթի մատակարարումների պայմանագրերը՝ այս մասին հատուկ հրապարակմամբ է հանդես եկել «Financial Times»-ը։
Ըստ հեղինակավոր պարբերականի, այս տարվա մայիս-հուլիս ժամանակահատվածում՝ երեք ամսում ռուսական նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմել է 68 դոլար, ինչի շնորհիվ Ռուսաստանը ստացել է հավելյալ 1,2 միլիարդ դոլար։
Սխեման հետևյալն է՝ ռուսաստանցի արտահանողները ուռճացնում են նավթի փոխադրման և հարակից ծառայությունների գները, իսկ փոխադրումն իրականացվում է նավթատար նավերով, որոնք, փաստորեն, պատկանում են ռուսաստանյան ընկերություններին։ Ենթադրաբար՝ նավթի նման առևտուր Ռուսաստանն իրականացնում է նաև այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ։ «Financial Times»-ը եզրափակում է՝ արդյունքում շահույթը հոսում է Ռուսաստան։
Ավելի վաղ՝ թեմային անդրադարձել էր «The Wall Street Journal»-ը՝ գրելով, թե ռուսական նավթի գնային առաստաղի ներդրման նախաձեռնողները՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը չեն կարողացել պատշաճ կերպով օգտագործել բեռնափոխադրումների շուկայում առկա իրենց ազդեցությունը՝ պատժամիջոցն արդյունավետ կիրարկելու համար։
Այդուհանդերձ, նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինի կարծիքով, չպետք է շտապ եզրակացություններ անել, թե Ռուսաստանն այլևս կարողանում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները և վաճառել իր նավթը 60 դոլարից թանկ։ Նրա խոսքով, նավթ արդյունահող ընկերությունները չեն վաճառում իրենց «սև ոսկին», էժան գնով այն վաճառում են միջնորդներին, որոնք էլ թանկացնում են նավթը՝ մինչև ապրանքը կհասնի գնորդին։ Այդպիսով, ռուսական նավթը թանկանում է բեռնափոխադրումների բարձր գների պատճառով, գումարած՝ իրենց եկամուտն են ստանում ապահովագրական ընկերությունները և վերավաճառողները։
Վերլուծաբանը հարց է բարձրացմում՝ հետևաբար, արդյո՞ք լրացուցիչ շահույթը հոսում է ռուսական պետբյուջե։
Ռուսաստանյան ընկերությունների՝ արտերկրում գործող դուստր ձեռնարկությունները, կամ Ռուսաստանի քաղաքացիների՝ օտար պետություններում ստեղծած կազմակերպությունները զբաղվում են բեռնափոխադրումներով և առևտրով։ Նման մի քանի ընկերությունների կառավարիչներ Կրուտիխինին վստահեցրել են, որ գործարքների արդյունքում ստացված գումարները, իրականում, մնում են արտասահմանյան հաշիվներում։
Այդուհանդերձ, վերլուծաբանը չի բացառում, որ միջոցների մի մասը՝ ոչ մեծ հատվածը վերադառնում է Ռուսաստան․ «Ծաղկում է ռուսաստանցի կոռումպացված պաշտոնյաների և նավթային գործարարների բիզնեսը։ Նրանք շահույթ են ստանում։ Փոքր օրինակներից է «Sovcomflot»-ը, որն ուներ ավելի քան հարյուր նավթատար նավեր, դրանք հանձնեց Արաբական Միացյալ էմիրությունում գրանցված իր դուստր ձեռնարկությանը: Բեռնափոխադրումների վճարները, որոնք ստանում են նման նավերի սեփականատերերը, ըստ երևույթին, չեն հոսում Ռուսաստան։ Եթե դիտարկեք, թե որքան է կորցրել Ռուսաստանի պետբյուջեն նավթի և գազի վաճառքից (ավելի քան 42%), ապա ամեն ինչ ինչ պարզ կլինի։ Սա նշանակում է, որ պատժամիջոցները հասել են իրենց նպատակին»։
Տնտեսական վերլուծության անկախ կենտրոնների ասոցիացիայի նախագահ Օլեգ Բուկլեմիշևը «Ամերիկայի ձայնին» հետ զրույցում խոստովանել է՝ ի սկզբանե վստահ չէր, որ Արևմուտքի կողմից ռուսական նավթի նկատմամբ կիրառված գնային սահմանափակումները կգործեն․ «Առաստաղը բավականին բարդ տեխնոլոգիական համակարգ է շուկայում, որը բաշխված է ժամանակի, տարածության մեջ և այստեղ շատ խաղացողներ կան: Մյուս կողմից, Ռուսաստանը առևտուր է անում տարբեր գործընկերների հետ, և նրանք բոլորն էլ տարբեր կերպ են վճարում»:
Նրա կարծիքով, քիչ հավանական է, որ նավթ արդյունահանող ռուսաստանյան ընկերություններն են ստանում ողջ շահույթը, և իրավիճակը ավելի բարդ է, քան պատկերում է «Financial Times»-ը:
Օլեգ Բուկլեմիշևի ներկայացմամբ, նավթային ոլորտում եկամուտների աղետալի անկում չկա, այսպես ասած, միջին տարի է: Նորությունն այն է, որ ռուսական պետբյուջեն և նավթային ընկերությունները հավելյալ միջոցներ չեն ստանում «սև ոսկու» մատակարարումից: