Անցյալ երկուշաբթի Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է աղյուսակ, որում երևում է, որ եվրոպական ինը երկրներ իբր ավելացրել են ռուսական նավթի ներկրումը, չնայած Ռուսաստանի դեմ իրենց իսկ սահմանած տնտեսական պատժամիջոցներին։ Դեսպանատունը վկայակոչել է Կրեմլի կողմից ֆինանսավորվող Sputnik International լրատվական գործակալության տվյալները։
«Ո՞ր երկրներն են շրջանցում իրենց սեփական պատժամիջոցները և շարունակում առևտուրը Ռուսաստանի հետ». նման ապակողմնորոշիչ գլխագրով Sputnik գործակալությունը հրապարակել է իր աղյուսակը։
Խնդիրն այն է, որ Sputnik-ի մեջբերած անաղբյուր վիճակագրությունը չի համընկնում հեղինակավոր զեկույցների հետ, որոնք ցույց են տալիս, որ ռուսական նավթի արտահանումը ԵՄ կտրուկ նվազել է։ Բացի այդ, դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտնում ՌԴ-ից հում նավթի գնման Եվրամիության արգելքը, իսկ ևս երկու ամիս անց կսկսի գործել ռուսական նավթամթերքի գնման արգելքը։
Ռուսական դեսպանատան թվիթերյան օգտահաշվից ստացված ապատեղեկատվության և Sputnik գործակալության կեղծ տվյալների մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։
Մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրաման, որով արգելվում է նավթի և այլ էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից։ Ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցները, մյուսների հետ միասին, Ռուսաստանի դեմ կիրառվող լայն տնտեսական սահմանափակումների մաս են կազմում՝ նրա ռազմական գործողություններին խոչընդոտելու նպատակով և Կրեմլին ստիպելու դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։
Համաձայն Բանգլադեշում ռուսական դեսպանատան պատճենած աղյուսակի, որը ստեղծել է Sputnik գործակալությունը, Սլովենիան ավելացրել է ռուսական նավթի ներկրումը «երկու անգամ», Իսպանիան՝ 69%-ով, Շվեդիան՝ 48%-ով, Բելգիան՝ 25%-ով, իսկ Լեհաստանը՝ 19%-ով։ Ընդ որում՝ աղյուսակում նշված չէ, թե այս ենթադրյալ «ավելացումը» ինչ ժամանակահատված է ներառում։
Եվրամիությունն այլ տվյալներ է հաղորդում
Համեմատենք այս տվյալները Եվրոստատի՝ Եվրոպական միության պաշտոնական վիճակագրական գրասենյակի վերջին զեկույցի հետ, որում վերլուծության է ենթարկվել ռուսական հում նավթի ներկրումը ԵՄ երկրների կողմից մինչև 2022 թվականի օգոստոս, իսկ որոշ երկրների համար՝ մինչև սեպտեմբեր (կախված, թե ինչ են հայտնում նրանց ազգային կառավարությունները).
Ռուսական հում նավթի արտահանումը Շվեդիա հունվարի դրությամբ 197 հազար տոննայից նվազել է մինչև օգոստոսի դրությամբ զրոյի։
Բելգիան սեպտեմբերին ավելացրել է ռուսական նավթի ներկրումը մինչև 598 հազար տոննա՝ օգոստոսի դրությամբ 592 հազար տոննայի համեմատ։ Սակայն երկու ցուցանիշներն էլ շատ ավելի ցածր են, քան փետրվարին, երբ Բելգիան ներկրում էր 874 հազար տոննա ռուսական նավթ։
Լեհաստանը կրճատել է ռուսական նավթի ներկրումը փետրվարի դրությամբ 1,356,000 տոննայից մինչև օգոստոսի դրությամբ 881,000 տոննա։
Եվրոստատը տվյալներ չի տրամադրել Սլովենիա և Իսպանիա ռուսական նավթի արտահանման վերաբերյալ։
Եվրոպական մյուս չորս երկրների դեպքում Sputnik-ը բերում է միայն նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների վերաբերյալ տվյալներ.
«Գերմանիան ներմուծել է 3,5 միլիարդ եվրոյի (մոտ 3,6 միլիարդ դոլար) ռուսական նավթ, Իտալիան՝ 2,6 միլիարդ եվրոյի (մոտ 2,7 միլիարդ դոլար), Նիդեռլանդները՝ 1,7 միլիարդ եվրոյի (մոտ 1,75 միլիարդ դոլար), Ֆրանսիան՝ 1,2 միլիարդ եվրոյի (մոտ 1,23 միլիարդ դոլար)»։
Եվրոստատի տվյալները «բացատրում են», թե ինչու է հանկարծ Sputnik գործակալությունը որոշել օգտագործել «դրամական վիճակագրություն» հենց այս չորս երկրների համար։ Իրականում նրանցից յուրաքանչյուրը հայտնել է ռուսական նավթի ներկրման կտրուկ կրճատման մասին.
Գերմանիայի կողմից ռուսական նավթի ներկրումն օգոստոսին նվազել է մինչև 1,674,000 տոննա՝ հունվարի դրությամբ 2,821,000 տոննայի համեմատ։
Իտալիան կրճատել է նավթի գնումները ՌԴ-ից մինչև 1,180,000 տոննա օգոստոսի դրությամբ, ինչը գրեթե 1,4 միլիոն տոննայով պակաս է մայիսյան մակարդակից, որը 2022 թվականին ռուսական նավթի ներկրման ցուցանիշների «գագաթնակետային» ամիս էր։
Նիդեռլանդներում ՌԴ-ից նավթի ներկրումը հունվարի դրությամբ 2,094,000 տոննայից նվազել է մինչև 973,000 տոննա օգոստոսի դրությամբ։
Ֆրանսիայի կողմից ռուսական նավթի ներկրումը գրեթե «գոլորշացել» է։ Հունվարին՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից մեկ ամիս առաջ, այն կազմում էր 601 հազար տոննա, իսկ արդեն օգոստոսին՝ 66 հազար տոննայից պակաս»։
Այլ միջազգային գործակալություններ նույնպես հաստատում են անկման փաստը
Հոկտեմբերին իր ամենամսյա զեկույցում Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հաղորդել է, որ ռուսական նավթի արտահանումը և նավթի արտահանման եկամուտները կտրուկ անկում են գրանցել նախապատերազմյան մակարդակի համեմատ։ Եկամուտները նվազել են 17,3%-ով, չնայած, որ Ռուսաստանն այժմ ավելի շատ նավթ է մատակարարում զեղչով Չինաստանին և Հնդկաստանին։
«Ռուսաստանը նավթի արդյունահանումից լրացուցիչ կորուստներ կկրի դեկտեմբերին, երբ ուժի մեջ մտնեն հում նավթի ներկրման ԵՄ էմբարգոն և ծովային փոխադրումների արգելքը։ Ռուս պաշտոնատար անձինք «սպառնացել են» կրճատել արդյունահանումը՝ փոխհատուցելու գների առաջարկվող շեմի բացասական ազդեցությունը», ասվում է ՄԷԳ-ի հաղորդագրության մեջ։
Համեմատության համար՝ 2020 թվականին ԵՄ հում նավթի ներկրման 29%-ը և ԵՄ պինդ վառելիքի ներկրման կեսից ավելին բաժին է ընկել Ռուսաստանին։
Այս տարվա հոկտեմբերին «Մեծ յոթնյակի» (G7) երկրների համաշխարհային խոշորագույն տնտեսությունները պարտավորվել են ռուսական նավթի գնի համաշխարհային շեմ սահմանել մեկ բարելի դիմաց 60-ից 70 դոլարի մակարդակում։ Ռուսաստանը 2021 թվականին հում նավթի արտահանումից մոտ 113 միլիարդ եվրո է վաստակել, և գնային շեմը, տեսականորեն, պետք է փոխհատուցի այդ եկամուտը։
Դեռևս անցյալ երկուշաբթի Եվրոպայի երկրները չէին կարողանում պայմանավորվել գնային սահմանաչափի մակարդակի վերջնական որոշման շուրջ։ Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանն իր հում նավթը վաճառում է մեկ բարելի դիմաց 63,50 դոլարով, ինչը մոտավորապես համապատասխանում է առաջարկվող սահմանաչափին։ Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին ԵՄ կառավարությունները «նախնական» համաձայնության են եկել Ռուսաստանից հում նավթի շեմային գինը մեկ բարելի դիմաց 60 դոլար սահմանելու շուրջ։
Ֆրանսիական Kpler միջազգային վերլուծական գործակալությունը, որը մասնագիտացած է հումքային ապրանքների շուկայի ուսումնասիրության մեջ, նշում է դեպի Ասիա ռուսական նավթի ծովային արտահանման զգալի վերաբաշխման մասին։
«Փետրվարի վերջից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գրանցվել են հում նավթով ռուսական լցանավերի ուղղությունների հստակ տեղաշարժեր Եվրոպայից դեպի Ասիա, հատկապես՝ Հնդկաստան և Չինաստան», հաղորդվում է Kpler-ի սեպտեմբերյան զեկույցում։