Մատչելի հղումներ

Զելենսկին խոսում է խաղաղության պայմանների մասին, իսկ Կրեմլը ստում է Կիևի՝ «բանակցել չցանկանալու» մասին.


Ռուս դիվանագետները «հարմար» պատճառներ են հորինել, թե ինչու Ուկրաինան իբր չի գնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահը նշել է այն պայմանները, որոնք պետք է «դադարեցնեն ավերիչ պատերազմը», մինչդեռ մի քանի օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեղադրել է Կիևին Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններ վարել չցանկանալու մեջ։

«Ուկրաինան օրենք է ընդունել, որով արգելվում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել։ Դա նրանց ընտրությունն է, մենք միշտ հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին նման բանակցություններին, որոնք ընդհատվել են ոչ մեր մեղքով», ասել է նա։

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի այս մոլորեցնող և ապատեղեկատվական հայտարարության մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Իրականում ինչո՞ւ Կիևը չի բանակցում Մոսկվայի հետ։

Ուկրաինան արգելել է բանակցություններ վարել անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և՝ ոչ անհիմն։ Այս ամառ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններն անհնարին կդառնան, եթե Ռուսաստանը փորձի բռնակցել ռուսական զորքերի կողմից մասամբ օկուպացված չորս մարզերը։

Պուտինը ավելի հեռուն գնաց՝ կեղծված հանրաքվեներ անցկացնելով Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում այս տարվա սեպտեմբերին։ Այս արևելյան և հարավային մարզերը միասին կազմում են Ուկրաինայի տարածքի 15%-ը։

Գարնանը և ամռանը ռուս տարբեր պաշտոնատար անձինք պնդում էին, որ այդ «հանրաքվեներն արտահայտում են» օկուպացված շրջաններում «ապրող մարդկանց կամքը»։

«Մենք բազմիցս ասել ենք, որ մարդիկ, որոնք ապրում են այդ տարածքներում, իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը», այս տարվա հունիսին ասել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Եվ մենք չենք կասկածում, որ նրանք կկայացնեն լավագույն որոշումը»։

Սակայն տեղի բնակիչները լրագրողներին և իրավապաշտպան կազմակերպություններին պատմել են, որ իրենց «ստիպել են քվեարկել զենքի սպառնալիքով»։

«Զանգում են բնակարանների դռները, չբացելու դեպքում կոտրում են դռները, պահանջում են, որ մարդիկ դուրս գան և նշան դնեն, որ իրենք համաձայն են մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ», The Washington Post-ին պատմել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի պետ Գալինա Լուխովան։

Օգոստոսին Զելենսկին խոստացել էր, որ եթե Ռուսաստանը կեղծ հանրաքվեներ անցկացնի օկուպացված տարածքներում, «բանակցություններ չեն կայանա»։

«Մեր պետության դիրքորոշումը մնում է նույնը՝ մենք մեզ պատկանող ոչինչ չենք զիջի», ասել է նա։ CBS News-ի «Դեմքով ժողովրդին» սեպտեմբերի 25-ի հաղորդման եթերում Զելենսկին բացատրել է, որ բռնակցման ցանկացած փորձ «անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ դիվանագիտական բանակցությունների շարունակությունը»՝ հավելելով, որ «նա հրաշալի գիտի այդ մասին»։

Զելենսկին համանման հայտարարություն է արել նաև սեպտեմբերի 27-ին՝ պուտինյան կեղծ հանրաքվեներից երեք օր առաջ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Հետագայում նա պարզաբանել է, որ Պուտինի հետ բանակցությունները դեռ «ավարտված չեն», Ուկրաինան դեռևս կարող է դրանք վարել «Մոսկվայի այլ պաշտոնական ներկայացուցիչների» հետ։

«Նա [Պուտինը] չգիտի, թե ինչ է արժանապատվությունն ու ազնվությունը։ Ուստի մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց Ռուսաստանի այլ նախագահի հետ», ընդգծել է Զելենսկին։

Սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը որոշում է ստորագրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս օկուպացված մարզերի բռնակցման մասին։ Այդ ժամանակից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ընթացքում հարավում Կիևը հետ է գրավել ավելի քան 6000 քառակուսի կիլոմետր իրենց հողից, այդ թվում՝ Խերսոնի մարզի տարածքի 21%-ը։ Ազատագրվել է նաև մարզային կենտրոն և Ուկրաինայի խոշոր քաղաք Խերսոնը։ Նախքան ռուսական ներխուժումը Խերսոնն ուներ 238 հազար բնակչություն։ Ռուսաստանը վերահսկողություն է պահպանել անօրինական բռնակցված ուկրաինական երեք այլ մարզերի նկատմամբ։

Ինչո՞ւ հենց հիմա Պուտինին անհրաժեշտ եղան Ուկրաինայի հետ բանակցությունները։

Սեպտեմբերի վերջին ուկրաինական տարածքների բռնակցման մասին փաստաթղթերը ստորագրելիս Պուտինը սուտ մեղադրանք ներկայացրեց Ուկրաինային պատերազմ սանձազերծելու մեջ և հայտարարեց, որ «խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դադարեցնի պայքարել «մեր հողի» համար»։

Փաստորեն, պատերազմից գրեթե ինը ամիս հետո բանակցությունների ռուսական պայմանները կտրուկ փոխվեցին։

Մարտին Ռուսաստանը պահանջում էր Ուկրաինայից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից, հնգապատիկ կրճատել իր բանակը, հրաժարվել հեռահար զենքերից, արգելել հայրենասիրական և «ազգայնական» կուսակցությունները, ինչպես նաև հրաժարվել Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի և Դոնբասի արևելյան մասի նկատմամբ հավակնություններից։ Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ բանակցություններ սկսելու համար այլևս որևէ նախապայման չունի, բացի «Ուկրաինայի բարի կամքից»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքերով՝ «ռազմաճակատում Ռուսաստանի խնդիրները» բացատրում են Մոսկվայի նոր դիրքորոշումը։ «Ռուսաստանը ցանկանում է ստիպել Ուկրաինային ընդունել խաղաղության ծրագիր՝ Ուկրաինայում նոր հակահարձակումից առաջ շունչ քաշելու համար», բացատրել է Արեստովիչը։

Զելենսկին վստահեցնում է, որ նա բանակցությունների «դուռը չի փակել»։

«Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց միայն նրանց հետ, ովքեր ընդունում են, որ Ռուսաստանը դարձել է օկուպանտ և իսկապես պատրաստ է խաղաղության», նշել է Զելենսկին նոյեմբերի 10-ին CNN-ին տված հարցազրույցում։

Այս տարվա փետրվարին ռուսական ներխուժումը զրոյացրեց ութ տարի առաջ Կրեմլի կողմից Ուկրաինայի արևելքում սանձազերծած հակամարտության հարցով նախկին բանակցային ձևաչափերը (հիմնականում նորմանդական ձևաչափը և Եռակողմ շփման խմբի բանակցությունները)։ Պատերազմի առաջին շաբաթներին բանակցությունների փորձեր էին նախաձեռնվում տարբեր երկրների կողմից, մասնավորապես՝ Իսրայելի, Իտալիայի և Հարավային Աֆրիկայի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում դարձավ առանցքային միջնորդ՝ օգնելով Միավորված ազգերի կազմակերպությանը գործարք կնքել, որը ապահովել է Ուկրաինայում կուտակված հացահատիկի անվտանգ առաքումը սևծովյան երեք նավահանգիստներից։

Ռազմաճակատում Ուկրաինայի հաջողություններից հետո Միացյալ Նահանգները առաջարկում է դիվանագիտություն

The Washington Post-ը հայտնել է, որ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով կոչ է արել Ուկրաինային բանակցություններ վարել, նույնիսկ եթե Պուտինը մնա իշխանության ղեկին։ Այնուհետև նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ պատերազմը թանկ է նստել երկու երկրների վրա՝ յուրաքանչյուր կողմից մոտ 100 000 զոհերով։

Միլին համեմատել է իրավիճակը Առաջին աշխարհամարտի սկզբի հետ, երբ պատերազմող պետությունները հրաժարվեցին դիվանագիտությունից, իսկ սարսափելի մարտերը շարունակվեցին տարիներ շարունակ՝ խլելով միլիոնավոր կյանքեր։ «Այսպիսով, երբ կա բանակցելու հնարավորություն, երբ կարելի է հասնել խաղաղության... օգտվեք պահից», ասել է Միլին Նյու Յորքի տնտեսական ակումբի նիստի ժամանակ։

Երկու օր առաջ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ստիպի Ուկրաինային բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ «Ցանկացած բանակցային շրջանակի ժամկետներն ու բովանդակությունը մնում են Ուկրաինայի որոշումը», նշել է նա։

XS
SM
MD
LG