Մատչելի հղումներ

«Ճաշից առաջ խորհրդային թերթեր մի կարդացեք, Իլոն Մասկ»


Ինչպես պարզվեց Իլոն Մասկի «խաղաղապահ» հայտարարություններից, նա լավ չի տիրապետում Ուկրաինայի և Ռուսաստանի պատմությանը։

«Եվ, ի սեր Աստծո, ճաշից առաջ մի կարդացեք խորհրդային թերթեր... Այն [հիվանդները], որոնց...հատուկ ստիպում է[ին] կարդալ «Պրավդա» թերթը, կորցնում էին քաշը..., [ցուցաբերում էին] թուլացած ծնկային ռեֆլեքսներ, վատ ախորժակ, ընկճվաճ հոգեվիճակ», խորհուրդ է տալիս «Շան սիրտը» հակախորհրդային վեպի հերոսը, բժիշկ և պրոֆեսոր Պրեոբրաժենսկին։ Նա, կարելի է ասել, Իլոն Մասկի գործընկերն էր այն առումով, որ նույնպես զբաղվում էր «առաջադեմ տեխնոլոգիաների» պես մի բանով, սակայն փոխպատվաստման և կենսաինժեներիայի ոլորտում։

Այս մեջբերումը հաճախ օգտագործում են շատ ռուսախոսներ, երբ ցանկանում են ազդել զրուցակցի վրա, որը հայտնվել է ռուսական քարոզչության ամուր ճիրաններում կամ խճճվել է խորհրդային շահարկային պատմագրության մեջ։

Ռուս գրող Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» հայտնի գիրքը Իլոն Մասկը դժվար թե կարդացած լինի։

Սակայն փորձելով գլուխ հանել ռուսական պատմական խճողամտություններից և որոշելով հրապարակային «խաղաղարարի խորհուրդ» տալ, նա կարող էր պրոֆեսիոնալ պատմաբան-խորհրդագետ վարձել աշխարհի ցանկացած համալսարանից, իհարկե, բացառությամբ «պուտինյան» գաղափարակիրների։

«Խրուշչովի սխալը»՝ Իլոն Մասկի սխալն է

Հոկտեմբերի սկզբին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը թվիթերում փորձել է արծարծել Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու հնարավոր «միջազգային գործարքի» գաղափարը։


Իլոն Մասկի առաջարկած «ծրագրի տարրերից» մեկը հնչում էր հետևյալ կերպ՝ «Ղրիմը պաշտոնապես [դառնում է] Ռուսաստանի մաս, ինչպես եղել է 1783 թվականին (մինչև Խրուշչովի սխալը)»։

Իլոն Մասկի այս մոլորության մասին մանրամասնում է «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Միակ պնդումը, ինչում Մասկը չի սխալվում, ամսաթիվն է։ Ռուսական կայսրությունը Ղրիմը բռնագրավել է Օսմանյան կայսրությունից 1783 թվականին։ Ռուսական ցարերը Ղրիմն օգտագործում էին որպես շքեղ հանգստավայր։ Ռոմանովների տոհմի «ցուցադրական» կայսերական պալատը մինչ օրս կանգնած է սևծովյան թերակղզու ափին։

Այսքանով Իլոն Մասկի նվիրվածությունը պատմական ճշմարտությանն ավարտվում է։

Ղրիմի թերակղզու անցյալի իր հակիրճ նկարագրության մեջ Մասկը չի հիշատակում էթնիկ հատկանիշներով հալածանքների պատմությունները, բացի այդ էլ կրկնում է Մոսկվայի տեսակետը, որը 2014 թվականին անօրինական կերպով բռնակցեց Ղրիմը։

Ղրիմի պատմությունը հիմնականում «ռուսական չէ»

Թերակղզու իրական պատմությունը հերքում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Ղրիմը և ամբողջ Ուկրաինան «միշտ եղել են ռուսական»։

Ինչպես և ռուսական մյուս գաղութներում, Մոսկվան կիրառում էր էթնիկ զտումներ՝ Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։ Ղրիմի բնիկ ժողովուրդը՝ Ղրիմի թաթարները, ենթարկվել են բռնի տեղահանման և բռնաճնշումների, ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ Խորհրդային Միությունում։

Մասկի սխալը կարելի էր աննկատ թողնել, եթե նա չլիներ հայտնի և նշանավոր անձնավորություն, որի կարծիքը լսում են մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ։


«Ղրիմի պատմության Մասկի այս մեկնաբանությունը», ցավոք, կարող է տրամաբանորեն ընդլայնվել. Ռուսաստանի նմանօրինակ կայսերական «պսևդոպատմական» նկրտումները կարող են արդարացնել Ռուսական կայսրության և Խորհրդային Միության բոլոր նախկին գաղութների հնարավոր բռնակցումը։

Այդպիսի «պատմական բռնակցումը» կարող է «ներառել» ոչ միայն Ուկրաինայի տարածքները, այլև Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ռումինիայի, մերձբալթյան պետությունների՝ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի, ինչպես նաև Բելառուսի որոշ հատվածներ, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի որոշ հատվածներ և նույնիսկ հյուսիսարևելյան Չինաստանի մի շրջան՝ Հարբին քաղաքի շուրջ, որը հիմնադրվել է ռուս վերաբնակիչների կողմից 1898 թվականին։

Քննադատելով Ղրիմի մասին Պուտինի առասպելական պատկերացումները՝ Յեյլի համալսարանի հայտնի պատմաբան Թիմոթի Սնայդերը պատմում է այն մասին, թե ինչպես է փոխվել թերակղզու կարգավիճակը հարյուրամյակների ընթացքում։

Հոկտեմբերի 10-ի իր հրապարակումը պատմաբանը սկսում է ժամանակակից իրավաբանական փաստով.

«Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի տարածք, ինչը ճանաչված է միջազգային իրավունքով և Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև պայմանագրերով։ Այդուհանդերձ, Պուտինը արդեն մեկ տասնամյակից ավելի այն կարծիքին է, որ միջազգային իրավունքը պետք է տեղը զիջի նրան, ինչը նա անվանում է «քաղաքակրթություն»՝ նկատի ունենալով անցյալի իր արտառոց ընկալումը»։

Սնայդերը Ղրիմի «կառավարման» պատմությունը ներկայացնում է դարերի խորքից՝ հասնելով մինչև 998 թվականը, երբ սկանդինավյան վիկինգները ստեղծեցին Կիևյան Ռուսիան, որը շարունակում էր գոյություն ունենալ մինչև 13-րդ դարում Ոսկե Հորդայի ներխուժումը։

Հատկանշական է, որ Մոսկվան և այն շրջապատող իշխանություններն այդ նույն ժամանակ դարձան Հորդայի «վասալ պետություններ», նշում է նա։

«Ղրիմի խանությունը, ընդհակառակը, Մոնղոլական կայսրության անմիջական իրավահաջորդն էր։ Մոնղոլ առաջնորդները իսլամ են ընդունել տասներեքերորդ դարի վերջին կամ տասնչորսերորդ դարի սկզբին։ Ղրիմի խանությունը, որը զբաղեցնում էր Ղրիմի թերակղզու մեծ մասը և այժմյան Ուկրաինայի հարավային տարածքի մեծ մասը, մահմեդական պետություն էր, որը կառավարում էին իշխանները՝ Չինգիզ Խանի սերունդները։ Նրանք ունեին ազնվականություն, որը ներկայացված էր համաժողովում կամ քուրուլթայում»։

«Ղրիմը մոտ երկու հարյուրամյակ գտնվել է ավելի խոշոր մոնղոլական պետության տիրապետության տակ, այնուհետև, 1441-ից 1783 թվականները՝ որպես Ղրիմի խանություն՝ բավականին երկար ժամանակ»։

Կարճ ասած՝ Ռուսաստանը դարերով այնտեղ չի եղել։

Ղրիմում էթնիկ զտումների պատմությունը`

18-րդ դարի սկզբին, հիշեցնում է Սնայդերը, Մոսկվան «իրականացրեց ռեբրենդինգ»։ Ի վերջո, Ռուսական կայսրությունը գրավեց Ուկրաինայի հարավը և Ղրիմը, թեև դա ամենևին չէր նշանակում «կորցրած տարածքի» վերականգնում, նշում է նա։

Ըստ էության, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ն ինքն էլ այդ հողերն անվանում էր «Նովոռոսիա» (Նոր Ռուսաստան)։

«Դա, իհարկե, նշանակում էր լռության մատնել [բնիկ] ժողովուրդների և «Նովոռոսիայի» [այս տարածքում նախկինում գոյություն ունեցող պետությունների], մասնավորապես՝ ուկրաինական կազակների և Ղրիմի թաթարների պատմությունը։ Հինն ու «նորը» կապելու համար Եկատերինան Ղրիմի թուրքական տեղանունները փոխարինեց հունական (իրեն մոտ և հասկանալի [ուղղափառ]) անուններով»։

Ղրիմի թաթարները փախել են Ղրիմից դեռևս «վաղ ռուսական ռեժիմի» (Ռուսական կայսրության) օրոք։

Վերջապես, Ռուսական կայսրության փլուզումից հետո, Առաջին աշխարհամարտի ժամանակ և դրան հաջորդած՝ բոլշևիկների իշխանության գալով, Ղրիմը հերթական անգամ գրավվեց և ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում։

Խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի օրոք տեղի ունեցավ թերակղզու «ռուսականացման-բոլշևիզացման» նոր դաժան ալիք։

Բայց նույնիսկ բոլշևիկները և ստալինիստները «Ղրիմի» հարցին վերաբերվում էին՝ հաշվի առնելով պատմությունը.

«Խորհրդային ղեկավարները հասկանում էին, որ Ղրիմը միանգամայն յուրահատուկ անցյալ ուներ, և մինչև 1945 թվականը թերակղզին համարվում էր ինքնավար հանրապետություն ԽՍՀՄ-ում Ռուսաստանի Հանրապետության կազմում։ Այս ինքնավար հանրապետության գոյության վերջին տարիներին այնտեղ մնացած ամբողջ բնիկ բնակչությունը բռնի կերպով վերաբնակեցվեց։ Ստալինը կեղծ կերպով ներկայացրեց ղրիմ-թաթարական ամբողջ ժողովրդին որպես գերմանական [նացիստական] օկուպացիայի մեղսակիցներ և հրամայեց բոլորին արտաքսել իրենց փոքր հայրենիքից»։

«1944 թվականի մայիսին ընդամենը երեք օրվա ընթացքում խորհրդային գաղտնի պետական ոստիկանությունը ձերբակալեց և բռնի տեղահանեց 180,014 Ղրիմի թաթարների, որոնց մեծ մասին տեղափոխեցին Խորհրդային Ուզբեկստան։ Ավելի ուշ արտաքսման ենթարկեցին նաև Կարմիր բանակի ղրիմ-թաթարական վետերաններին, որոնք ցանկանում էին տուն վերադառնալ գերմանական ճամբարներից ազատվելուց հետո։ Այդ բոլոր մարդիկ կորցրեցին իրենց տներն ու ունեցվածքը. նրանց փոխարինեցին ԽՍՀՄ մյուս երկրներից վերաբնակիչներ, հիմնականում՝ էթնիկ ռուսներ։ Այս համեմատաբար վերջերս տեղի ունեցած էթնիկ զտումների շնորհիվ է, որ Ղրիմը բնակչության կազմով դարձել է առավելապես «ռուսական»։

Ի՞նչն է, այնուամենայնիվ, Մասկը անվանել «Խրուշչովի սխալ»

Նիկիտա Խրուշչովը «խորհրդային» Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության տարածաշրջանային առաջնորդն էր մինչև 1953 թվականին ամբողջ Խորհրդային Միության ղեկավար դառնալը։

Հարվարդի համալսարանում «Սառը պատերազմի» հետազոտական նախագծի տնօրեն, պատմաբան Մարկ Կրամերը ուսումնասիրել է Խրուշչովի 1954 թվականի որոշումը՝ Ղրիմը Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից (ՌՍՖՍՀ) Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը (ՈՒԽՍՀ) փոխանցելու վերաբերյալ։

Կրամերը գրել է.

«ՈՒԽՍՀ-ում Խրուշչովի [որպես կուսակցության ղեկավար] պաշտոնավարման վերջին մի քանի տարիների ընթացքում նա համակարգում էր խորհրդային կառավարության գործողությունները դաժան քաղաքացիական պատերազմի ժամանակ Ուկրաինայի բռնակցված արևմտյան մարզերում, հատկապես Վոլինի և Գալիցիայի շրջաններում։ Քաղաքացիական պատերազմը նշանավորվեց երկու կողմից մեծաթիվ զոհերով և սարսափելի վայրագություններով։ Չնայած ստալինիզմը դատապարտելու և ԽՍՀՄ-ի բարեփոխումներ անցկացնելու գործում Խրուշչովի հետագա դերակատարմանը, այն ժամանակ նա ապավինում էր անողոք և համատարած բռնություններին՝ Ուկրաինայի արևմուտքում խորհրդային վերահսկողություն հաստատելու և ամրապնդելու համար»։


Կրամերը գրում է, որ Խրուշչովը ներքաղաքական օգուտ էր տեսնում Ղրիմի «փոխանցումից» ՈՒԽՍՀ-ին։ Նրա խոսքերով՝ Ղրիմի կարգավիճակը՝ որպես «ինքնավար հանրապետություն», մինչ այդ չեղարկվել էր՝ «իբր այն պատճառով, որ Ղրիմի թաթարների բռնի տեղահանումը վերացրել էր ինքնավարության անհրաժեշտությունը»։

«...Խրուշչովը Ղրիմի փոխանցումը [ՈՒԽՍՀ-ին] դիտարկում էր որպես Ուկրաինայի նկատմամբ խորհրդային վերահսկողության ամրապնդման և հավերժացման միջոց, երբ քաղաքացիական պատերազմը վերջապես «հաղթեցին» [բոլշևիկները]։ Մոտ 860,000 էթնիկ ռուսներ միացան Ուկրաինայի արդեն իսկ մեծաթիվ ռուսական փոքրամասնությանը»։

Ժամանակակից միջազգային իրավունքը

Ինչպես նշել է Թիմոթի Սնայդերը, «Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստորագրել է պայմանագրեր՝ խոստանալով հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից»։ Դրանցից մեկը 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրն էր, որը ստորագրել են նաև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ Այդ հուշագիրը «երաշխավորում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ իր միջուկային զինանոցից Ուկրաինայի հրաժարման դիմաց»։

Նմանապես, Բելովեժյան համաձայնագրերն ամրագրեցին Խորհրդային Միության փլուզումը և հռչակեցին դրա բոլոր նախկին հանրապետությունների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Այս պայմանագրերը չխանգարեցին Պուտինին 2014 թվականին ներխուժել Ղրիմ և բռնակցել այն՝ թերակղզում անցկացված կեղծված պսևդոհանրաքվեից հետո, ճիշտ այնպես, ինչպես անցյալ ամիս արևելյան Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները։

Մասկ-պահպանողականն ընդդեմ Մասկ-նորարարի

Կարևոր է նշել, որ Մասկին Ուկրաինայում գովաբանում էին որպես «կյանքեր փրկողի» և «հերոսի» հազարավոր Starlink արբանյակային կայաններ տրամադրելու համար, որոնք մինչ օրս կապ են ապահովում պատերազմի ընթացքում։ Starlink ինտերնետ ծառայությունը կառավարվում է Մասկի SpaceX ընկերության կողմից։

Սակայն «Ուկրաինայում խաղաղության հասնելու» մասին Մասկի այս ելույթը հարուցեց ուկրաինացիների և նրանց կողմնակիցների վրդովմունքը և նոր թափ հաղորդեց ռուսական քարոզչությանը։


Կրեմլը նույնիսկ ողորմածաբար գովաբանեց Մասկին, իսկ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարեց. «Շատ դրական է, որ Իլոն Մասկի նման մեկը խաղաղ ելք է փնտրում այս իրավիճակից»։

Այժմ, Ուկրաինայի դեմ պատերազմում ռազմական անհաջողություններից հետո, Պուտինը հայտարարել է Ռուսաստանում համազգային զորահավաք, այդ թվում և զինակոչելու Ղրիմի թաթարներին՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմի թաթարները մնում են Ուկրաինայի քաղաքացիներ, և նրանց մեծ մասը հրապարակայնորեն իրեն Ուկրաինայի հպատակ է համարում։

Միջազգային իրավապաշտպան հանրությունը և տարբեր երկրների կառավարությունները քննադատել են Ռուսաստանին Ղրիմի թաթարներին բռնի զորակոչելու համար՝ պատերազմելու իրենց հայրենակիցների դեմ։

XS
SM
MD
LG