Արևմտյան երկրները հաջորդաբար ավելի կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ՝ Կիևի դեմ պատերազմ սանձազերծելու համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի նախազգուշացրել է, որ Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները։
«Ցավոք, ահաբեկիչ պետությանը հաջողվում է մատակարարների մի ողջ ցանցի միջոցով ձեռք բերել աշխարհի [ժամանակակից] տեխնոլոգիաները։ [Մոսկվան] կարողանում է շրջանցել միջազգային պատժամիջոցները»,- ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ռուսաստանը սովորում է հարմարվել պատժամիջոցներին՝ ասում է զեկույցի հեղինակ Թոմ Քիթինգը։
«Մասնավորապես, [նրանց] առաջին հերթին անհրաժեշտ է հայթայթել էլեկտրոնային բաղադրիչներ՝ իրենց բանակին աջակցելու համար: Երկրորդ, ակնհայտ է, որ նրանք ստիպված են նոր շուկաներ փնտրել՝ իրենց ածխաջրածինների՝ նավթի արտահանման համար, ինչը երկրի եկամուտների հիմնական աղբյուրն է»,- նշում է Քիթինգը։
Ռուսաստանն ասում է, որ իր տնտեսությունը 2022 թվականին կրճատվել է 2,1%-ով՝ ավելի քիչ, քան շատերն էին սպասում: Միևնույն ժամանակ, Չինաստանի և Հնդկաստանի կողմից ռուսական հում նավթի ներմուծումը մայիսին պատմական ռեկորդ է սահմանել: Մասամբ այն պատճառով, որ պատժամիջոցները վերաբերում են միայն արևմտյան կառավարություններին և Ռուսաստանի հետ առևտուր անող ընկերություններին:
«Հետևաբար, եթե դուք Հնդկաստանում գործող բանկ եք, կարող եք հիանալի ֆինանսական կապեր ունենալ ռուսական բանկի հետ»,- հավելում է Քիթինգը:
Այնուամենայնիվ, համաշխարհային առևտրի մեծ մասը դեռևս իրականացվում է ԱՄՆ դոլարով։ Ուստի, ինչպե՞ս է Ռուսաստանը շրջանցում իր տնտեսությունը խեղդելու փորձերը:
Քիթինգն ասում է, որ Կրեմլն ավելի շատ է հայացք նետում Իրանին՝ որպես պատժամիջոցներից խուսափելու փորձ ունեցող երկիր: Թեհրանը ենթարկվել է Արևմուտքի տարբեր պատժամիջոցների՝ իր միջուկային և հրթիռային ծրագրերի, ահաբեկչական խմբավորումներին աջակցելու պատճառով։ Իրանը հերքում է մեղադրանքները:
«Ածխաջրածնային տնտեսություն ունեցող Իրանը փորձում է նավթ արտահանել և վերջին տարիներին սովորել է բազմաթիվ հնարքներ, որոնք, տեսնում ենք, սկսում է կիրառել Ռուսաստանը: Օրինակ, [կիրառում է] լցանավերի ստվերային նավատորմեր, երբ կեսգիշերին՝ նավթը մի լցանավից մյուսն է տեղափոխվում՝ անջատված տեղորոշիչ սարքերի պայմաններում: Օգտագործվում են ձևական բնույթ կրող ընկերություններ՝ Թուրքիայում կամ ԱՄԷ-ում՝ փորձելով թաքցնել առևտրի ծագումը»,- ասում է նա:
Երկու երկրները սկսել են միացնել իրենց ֆինանսական համակարգերը՝ SWIFT համաշխարհային վճարային համակարգից դուրս գործարքները դյուրացնելու համար: Անցած ամիս Ռուսաստանի մեծությամբ երկրորդ բանկը՝ «ВТБ»-ն, գրասենյակ բացեց Թեհրանում:
Ինչպե՞ս կարող են Ուկրաինայի դաշնակիցները խանգարել Ռուսաստանին, որպեսզի այն չկարողանա խուսափել պատժամիջոցներից։ Այս առումով մասնավոր հատվածին ներկայացվող պահանջները առաջնային են՝ նշում է Քիթինգը։
Զեկույցում Արևմուտքին կոչ է արվում կրթել մասնավոր հատվածը՝ անօրինական առևտուրը բացահայտելու համար:
Այն նախազգուշացնում է՝ Մոսկվան ավելի է ձգտելու օգտագործել Իրանի կիրառած միջոցները, քանզի փորձում է շրջանցել պատժամիջոցները: