Մատչելի հղումներ

Վճռորոշ է Այովայի դերը հանրապետական թեկնածուի որոշման հարցում. ներկուսակցական ընտրություններին ընդառաջ


ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցներ
ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցներ

Այովայում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների քարոզարշավն է: Այս նահանգում ընտրողներն առաջինն են քվեարկելու, թե ով պետք է ներկայացնի Հանրապետական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին։

Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում Այովա նահանգում կազմակերպվող տոնավաճառ: Սակայն Սեդար Ռափիդցի բնակիչ Ռիկ Ստյուարտն այս տարվա միջոցառմանն է ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ կատարելու քաղաքացիական պարտքը:

«Սա հնարավորություն է տեսնել նախագահի բոլոր թեկնածուներին։ Որպես Այովա նահանգի բնակիչ պարտավոր եմ գնալ և կատարել իմ պարտքը՝ ծանոթանալով թեկնածուներին»:

2024 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատների հավանական թեկնածուն գործող նախագահ Ջո Բայդենն է: Հարցումները ցույց են տալիս, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորում է հանրապետականների ցուցակը:

«Անկեղծ կլինեմ՝ Թրամփի կողմնակիցն եմ, բայց ուզում եմ լսել, թե ինչ են ասում մյուսները»,- նշում է Այովայի բնակիչ Սելիա Քրիսվելը:

Այովայում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների քարոզարշավն է
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Քրիսվելը տեղ է զբաղեցրել առաջին շարքերում․ ցանկանում է լսել Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսին և գործարար Փերի Ջոնսոնին: Ըստ հարցումների, երկուսն էլ զգալիորեն զիջում են Թրամփին, սակայն նման կերպ հնարավորություն ունեն ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը:

«Միգուցե, 2028 թվականին այս մարդկանցից ոմանք պատրաստ կլինեն ստանձնել նախագահի պաշտոնը: Միգուցե, այս պահին նրանք ավելի լավ դիտվեն փոխնախագահի պաշտոնին»,- ասում է Սելիա Քրիսվելը:

Թեև Թրամփն ավելի քիչ է այցելել Այովա, քան մյուս թեկնածուները, սակայն շարունակում է ամենից մեծ աջակցությունը վայելել հանրապետական ընտրողների շարքում:

Մինչ թեկնածուների մեծ մասը մասնակցում էր քննարկումներին կամ Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսի հետ զրույցի էր բռնվել, Թրամփն այլ ճանապարհ ընտրեց՝ շաբաթ օրը մի քանի ժամով այցելելով տոնավաճառ ու զբոսնելով մարդկանց մեջ:

Թերի Ռամփֆը եկել է Ինդիանայից․ Թրամփին այլընտրանք է փնտրում։

«Եթե ընդհանուր դատողություններ անենք, ապա տարիքային համեմատությունը Բայդենի հետ լավագույն տարբերակը չէ՝ ասելու, որ Թրամփը նախընտրելի է։ Բացի այդ, նրա՝ Թրամփի թեկնածությունը մեծ ռիսկեր է պարունակում․ չեմ ցանկանում ևս չորս տարի անկարգություններ տեսնել փողոցներում »,- ասում է Ռամփֆը:

Ռիկ Ստյուարտը նույնպես չի հավատում, որ Թրամփը կարող է հաղթել Բայդենին․ «Ցանկանում ենք հաղթել համազգային ընտրություններում: Մեր թեկնածուն պետք է լինի լավագույնը, ով ունի [գործն առաջ տանելու] հնարավորություն: Չեմ հավատում, որ այդ թեկնածուն Թրամփն է»։

Այովա համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Թիմ Հեյգլն ասում է, որ շատերն են մտածում Ստյուարտի նման: Ըստ պրոֆեսորի, Այովա նահանգում լավ հանդես գալը կարևոր է նրանց համար, ովքեր հույս ունեն շրջանցել Թրամփին՝ առաջադրման հարցում։ Օրինակ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը: «ԴեՍանտիսը, իրոք, պետք է լավ հանդես գա Այովա նահանգում, որպեսզի հետագայում առաջ շարժվելու հնարավորություն ունենա: Սակայն եթե Թրամփը հաղթի Այովայում, հավանաբար, կդառնա հանրապետականների թեկնածու»:

Ստյուարտն ընդգծում է․ «Հավատում եմ, որ մինչ այժմ իմ տեսած հանրապետական յուրաքանչյուր թեկնածու կարող է հաղթել Բայդենին, և դա լավ կլիներ ինձ համար: Բայց [դեռ] չեմ պատրաստվում ընտրել որևէ մեկին, քանի դեռ չեմ տեսել բոլորին»:

Հունվարի 15-ին Այովա նահանգում ընտրողները կմասնակցեն հանրապետականների ներկուսակցական ընտրություններին:

XS
SM
MD
LG