Մատչելի հղումներ

Մեղադրող կողմը առաջարկում է սահմանափակել Թրամփի գործի հրապարակայնությունը


Նախկին նախագահ Թրամփը՝ Մանհեթանի դատարանում, 4 ապրիլի, 2023թ.
Նախկին նախագահ Թրամփը՝ Մանհեթանի դատարանում, 4 ապրիլի, 2023թ.

Թրամփի իրավաբանները դեմ են դաշնային դատախազների առաջարկին՝ սահմանափակել նախկին նախագահին ներկայացված վերջին մեղադրանքի վերաբերյալ տեղեկության հրապարակային տարածումը: Գործն աստիճանաբար ընդլայնվում է, սակայն միջազգային արձագանքը, կարծես, շարունակում է զուսպ մնալ։

Շաբաթ օրն իր կողմնակիցների հետ Հարավային Կարոլինայում կայացած հանդիպմանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «խարդախություն» է որակել իր դեմ առաջ քաշած վերջին մեղադրանքը:

Անցած շաբաթ Թրամփը կանգնեց դատարանի առջև՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո իր մրցակցի հաղթանակը չեղարկելու ապօրինի փորձի համար, ինչը մեղադրող կողմի համոզմամբ՝ դավադրության փորձ էր:

Թրամփի փաստաբան Ջոն Լաուրոն «ABC»-ին փոխանցել է, որ իրավապահներին դժվար կլինի ապացուցել նման մեղադրանքը։ Համացանցում տեղադրված Թրամփի տեսաուղերձից հետո, ուր նա, ըստ երևույթին, խոստանում է վրեժխնդիր լինել իրեն հետապնդող մարդկանցից, դատախազներն առաջարկել են դաշնային դատավորին սահմանափակել տեղեկատվությունը, որը Թրամփը և իր թիմը հրապարակայնորեն տարածում են գործի վերաբերյալ:

Նախկին նախագահի փաստաբաններն այս առաջարկին պետք է արձագանքեն մինչև երկուշաբթի՝ «CNN»-ին փոխանցել է Ջոն Լաուրոն․ «Մամուլը և Ամերիկայի ժողովուրդը իրավունք ունեն քարոզարշավի շրջանում գիտենալու, թե ինչ ապացույցներ կան այս գործում, որոնք հիմնավորված չեն։ Ուստի, պատրաստվում ենք դեմ հանդես գալ սահմանափակմանը»:

Նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ով գալիք՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուներից է և որպես վկա կարող է հայտնվել դատարանում, «CNN»-ին մանրամասնել է, թե ինչու է մերժել 2020 թվականի ընտրությունները չեղարկելու Թրամփի փաստաբանների առաջարկը․ «Ոչ մի փոխնախագահ կամ որևէ անձ երբեք չպետք է իրավունք ունենա ընտրել Ամերիկայի նախագահին։ Նախագահին [ընտրելու իրավունքը] պատկանում է ամերիկյան ժողովրդին»:

Միջազգային հանրությունը, սակայն, տակավին զուսպ է արձագանքում Դոնալդ Թրամփի շուրջ պտտվող իրավական խնդիրներին: Վաշինգտոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջեյմս Լոնգը զարմացած չէ. «Նրանք խելամիտ են գործում՝ լռելով և թույլ տալով, որ այս գործընթացն ինքն իրեն զարգանա, քանի որ նրանք շարունակում են ձգտել ամուր դիվանագիտական հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ»:

Ըստ Հարվարդի համալսարանի Քենեդու դպրոցի միջազգային հարաբերությունների մասնագետ Քեթրին Սիկքինկի, Թրամփին ներկայացված վերջին մեղադրանքին պետք է լուրջ վերաբերվել․ «Եթե չունես ժողովրդավարություն, կամ ժողովրդավարությունը թույլ է, մարդու իրավունքների [պաշտպանությունը] վտանգված է: Հավատացած եմ, որ երկարաժամկետ հեռանկարում, եթե ԱՄՆ-ում գործընթացը ճիշտ ընթանա, մյուս երկրները ևս ուշադրություն կդարձնեն դրան»:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին, թե ինչպես են հաղթահարվում նման լրջության խնդիրները՝ հիմք ընդունելով օրենքի գերակայությունը։

XS
SM
MD
LG