Մատչելի հղումներ

Նոր մեղադրանքներ Դոնալդ Թրամփի դեմ. դատախազությունը գտնում է, որ նրա ելույթները դրդել են մարդկանց գրոհել Կապիտոլիումը


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի պետք է ներկայանա դատարան։ Վաշինգտոնոմ նրա դեմ մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու անօրինական փորձի համար։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ այս անգամ Վաշինգտոնում։ Սպիտակ տան նախկին ղեկավարին մեղադրում են 2020 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցի հաղթանակը անօրինական կերպով չեղարկելու փորձի համար: Ըստ դատախազների, այդ նպատակին միտված Թրամփի ջանքերը ոգեշնչել են նրա կողմնակիցներից շատերին՝ 2021 թվականի հունվարի 6-ին հարձակում գործել ԱՄՆ Կապիտոլիումի վրա:

«2021 թվականի հունվարի 6-ին մեր երկրի Կապիտոլիումի վրա հարձակումն աննախադեպ էր ամերիկյան ժողովրդավարության պատմության ընթացքում: Սա նկարագրված է մեղադրական եզրակացությունում: [Այդ հարձակումը] կեղծիքների և ստերի հետևանք էր»,- ասել է հատուկ դատախազ Ջեք Սմիթը:

Դատախազությունը գտնում է, որ Թրամփի ելույթները դրդել են մարդկանց գրոհել Կապիտոլիումը
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Հինգշաբթի Թրամփը կկանգնի Վաշինգտոնի դատարանի առջև, ուր, այսպես կոչված, մեծ ժյուրին մեղադրանք է ներկայացնելու նախկին նախագահին՝ Արդարադատության նախարարության հետաքննության արդյունքում:

Չորս կետերից բաղկացած փաստաթուղթը Թրամփին մեղադրում է դավադրության մեջ՝ ամերիկացիների՝ ընտրություն կատարելու իրավունքը ոտնահարելու, ԱՄՆ կառավարությանը խաբելու, դավադրության, պաշտոնական գործընթացը խոչընդոտելու համար:

«Պարոն Սմիթը և իր փորձառու, սկզբունքային աշխատակիցներն ու դատախազների թիմը հետևել են փաստերին և օրենքին՝ անկախ գործի ընթացքից»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը:

2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, ուր մեղադրանքներն անվանել է «հետապնդումներ, որոնք հիշեցնում են նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը»:

«Այն, ինչ նրանք արեցին, զզվելի էր, որը պատմության մեջ կմնա որպես խոսքի ազատության ամենավատ ոտնահարումներից մեկը»,- նշել է Ռուդի Ջուլիանին՝ Թրամփի նախկին փաստաբանը:

Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ մեղադրանքները կապված են Թրամփի գործողությունների հետ, որոնք դրդում էին նախկին նախագահի հետևորդներին գրոհել Կապիտոլիումը:

«Մեղադրական եզրակացությունը ցույց է տալիս, որ Թրամփը ոչ միայն ստում էր ընտրակեղծիքների մասին, այլև՝ օգտագործել է այդ կեղծիքները՝ փորձելով չեղարկել ժողովրդի ընտրության արդյունքները»,- ասել է Շերիլ Բադերը՝ Ֆորդհեմի իրավունքի դպրոցից:

2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը և տեղի ունեցածում Թրամփի ներգրավվածությունը քննող կոնգրեսական հանձնաժողովի անդամները ընդգծում են՝ արդար դատավարությունը ցույց կտա Միացյալ Նահանգների հանձնառությունը օրենքի գերակայությանը:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ոմանք գտնում են, որ մեղադրանքները ժամկետանց են:

Թրամփի համոզմամբ, իր դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակն է շեղել ուշադրությունը գործող նախագահի և գալիք՝ 2024 թվականի ընտրություններում իր մրցակցի որդու՝ Հանթեր Բայդենի գործից:

Թրամփի դեմ մեղադրանքներ է առաջադրված նաև Նյու Յորքում ու Ֆլորիդայում՝ այլ գործերի շրջանակում, որոնք վերաբերում են պետական գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելուն և ընտրական գործընթացում ֆինանսական խախտումներ թույլ տալուն:

Ի հավելումն, Ջորջիա նահանգում Դոնալդ Թրամփի դեմ կարող են առաջ քաշվել այլ մեղադրանքներ՝ 2020 թվականի ընտրակեղծիքների հետ կապված:

Քեթրին Գիփսոն, «Ամերիկայի Ձայն», Վաշինգտոն

XS
SM
MD
LG