Մատչելի հղումներ

Թրամփը պահանջում է Ջորջիա նահանգի պետքարտուղարին վերանայել ընտրությունների արդյունքները. Washington Post


Washington Post թերթը հրապարակել է հատվածներ հեռախոսազրույցից, որը, կարծես թե, տեղի է ունեցել նախագահ Թրամփի և Ջորջիա նահանգի ընտրական համակարգի ղեկավարի միջեւ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիայի ընտրական համակարգի ղեկավարից պահանջել է «գտնել» բավարար թվով ձայներ այս նահանգում իր օգտին ընտրությունների արդյունքները փոխելու համար: Այս մասին վկայում է շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը տրամադրվել է Washington Post- ին:

Կիրակի օրը թերթը հրապարակել է հատվածներ Թրամփի և նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի միջև մեկ ամսվա վաղեմության զրույցից: Վերջինս նույնպես հանրապետական է:

Թերթը գրում է, որ զրույցի ընթացքում Ռաֆենսպերգերը և նրա գրասենյակի իրավական հարցերով գլխավոր խորհրդականը մերժել են Թրամփի պնդումները, որը ձգտում էր համոզել նրանց, թե ընտրությունների ժամանակ եղել են քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունեցող կեղծիքներ:

«Ջորջիայի ժողովուրդը վրդովված է, երկրի ժողովուրդն է վրդովված», - ասել է Թրամփը` ՝ համաձայն թերթի կայքում հրապարակված զրույցի ձայնագրության:

Ըստ ձայնագրության, նախագահ Թրամփն ասել է, որ ինքը պարզապես ուզում է գտնել 11,780 ձայն, քանի որ ինքը հաղթել է այս նահանգում: Նա պնդում է, որ «չի կարող» պարտված լինել այստեղ:

Ջորջիան այն առանցքային նահանգներից է, որտեղ Թրամփը պարտվել է նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում, և որտեղ ըստ նրա՝ եղել են ընտրակեղծիքներ:

Կիրակի օրը Թրամփը թվիթերում գրել է, որ խոսել է պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի հետ Ֆուլտոնի շրջանի և Ջորջիայում ընտրակեղծիքների մասին: Ըստ նախագահի՝ Ռաֆենսպերգերը չէր ցանկանում կամ ի վիճակի չէր պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին քվեաթերթիկների կեղծմանը, քվեաթերթիկների ոչնչացմանը, նահանգից դուրս բնակվող անձանց մասնակությանը նահանգի ընտրություններին, մահացած ընտրողների ձայներին և շատ այլ խնդիրների: Ըստ նախագահի՝ վերջինս չէր տիրապետում իրավիճակին:

Իր հերթին Ռաֆենսպերգերը պատասխանել է. «Ամենայն հարգանքով, նախագահ Թրամփ, Ձեր ասածը ճիշտ չէ: Ճշմարտությունը հետո կբացահայտվի»:

Ռաֆենսպերգերը մեկնաբանել է նաև ABC հեռուստաալիքի եթերում հնչած խոսքերը: «Ես ընդհանրապես նպատակահարմար չէի գտնում խոսել նախագահի հետ, բայց նա պնդեց», - ասել է նա:

«Հիմնականում նա էր խոսում, իսկ մենք հիմնականում լսում էինք: Բայց ուզում եմ շեշտել, որ նրա տվյալները պարզապես սխալ են: Նա պնդում է, որ քվեարկել են հարյուրավոր ընտրողներ, ովքեր արդեն մահացել են: Մենք հայտնաբերել ենք նման երկու դեպքմիայն: Ահա միայն մեկ օրինակ, թե որքանով են նրա տվյալները անվստահելի», - նշել է պետքարտուղարը:

Նա նաև նշեց, որ նահանգային պատկան մարմինները հերքել են բոլոր տեսակի խոսակցույունները ընտրակեղծիքների մասին, սակայն նախագահ Թրամփը շարունակում է հավատալ դրանց:

Շատ քաղաքական գործիչներ մեկնաբանել են Ռաֆենսպերգերի հետ Թրամփի զրույցը:

Նորընտիր փոխնախագահ Քամիլա Հարիսը նախագահի քայլը որակել է «հուսահատության դրսևորում» և «լիակատար լիազորությունների չարաշահում», իսկ երկու դեմոկրատ կոնգրեսականներ երկուշաբթի օրը ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին կոչ արեցին հետաքննել նախագահի զրույցը Ռաֆենսպերգերի հետ:

«Շատ վրդովեցուցիչ է» որակել տեղի ունեցածը հանրապետական կոնգրեսական Ադամ Քինզինգերը Twitter- ում: Նա կոչ է արել Կոնգրեսի բոլոր անդամներին, ովքեր պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները, այս զարգացումների լույսի ներքո հետ կանգնել նման քայլից, իսկ հանրապետական նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը նշել է, որ նման քայլը արդարացում չունի:

«Ես չեմ լռելու, երբ հեռացող նախագահը փորձի խարխլել ավելի քան 5 միլիոն ընտրողների կամքը իմ նահանգում», - գրել է Ջորջիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Քերոլայն Բուրդոն: «Այս երկիրը ժողորդավարություն է, այլ ոչ թե բռնապետություն, և ես մտադիր եմ ամեն ինչ անել, որպեսզի կասեցնենք Թրամփի հարձակումները մեր ընտրությունների վրա»:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ադամ Շիֆն էլ Թրամփի գործողությունները որակել է «իշխանության խայտառակ չարաշահում»:

Ջորջիայի փոխնահանգապետ Ջեֆ Դանկանը CNN- ի եթերում նման քայլը որակել է անտեղի՝ ընդգծելով, որ ընտրակեղծիքների մասին տեղեկությունը հիմնված է սխալ տեղեկատվության վրա: Այն հիմնվում է մի շարք տեսությունների վրա, որոնք հերքվել են վերջին 10 շաբաթների ընթացքում, ասել է փոխնահանգապետը:

Թենեսի նահանգի հանրապետական սենատոր Մարշա Բլեքբերնն էլ Fox News- ի եթերում նշել է, որ Թրամփի կոչը «օգտակար» քայլ չէր:

Ոմանք, սակայն, ընդհակառակը, սատարեցին նախագահին: Օրինակ, Արիզոնայի Հանրապետական կուսակցությունը թվիթերում գրել է, որ «նախագահը հոգ է տանում ընտրությունների ամբողջականության մասին, ինչպես բոլոր ամերիկացիները»:

Երկուշաբթի օրը Fox News- ին տված հարցազրույցում Թրամփին պաշտպանեց նաեւ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին: «Նախագահը միշտ անհանգստացած է ընտրությունների ամբողջականությամբ», - ասել է նա: «Նախագահը կարծում է, որ Ջորջիայում տեղի են ունեցել որոշ զարգացումներ, որոնց համար անհրաժեշտ է սահմանել պատասխանատվություն»:

Facebook Forum

XS
SM
MD
LG