Մատչելի հղումներ

«Հունվարի 6-ի» գործով Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հրաժարվեց ընդունել իր դեմ առաջ քաշված չորս մեղադրանքները, որոնք վերաբերում են 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձին։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հրաժարվեց իրեն մեղավոր ճանաչել Վաշինգտոնի դատարանում՝ ԱՄՆ Կապիտոլիումի վրա 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների հարձակման առնչությամբ քննվող գործի շրջանակում:

Դա էր Թրամփը պատասխանը իր դեմ առաջ քաշված մեղադրանքներին, ըստ որոնց նա դավադրություն է կազմակերպել, խաբել ԱՄՆ կառավարությանը, խոչընդոտել վարույթի իրականացմանը:

Հինգշաբթի՝ ավելի ուշ կայացած ասուլիսում Թրամփը հայտարարեց, որ ունի ազատ խոսքի սահմանադրական իրավունք՝ բարձրաձայնելու ընտրություններին վերաբերող իր մտահոգությունները․ «Սա հետապնդում է քաղաքական հակառակորդի նկատմամբ: Նման բան երբեք չպետք է տեղի ունենար Ամերիկայում»:

Սակայն նրա նախագահության տարիներին երկրի փոխնախագահի աթոռը զբաղեցրած Մայք Փենսը, որը կարող է լինել դատավարության հիմնական վկան, համաձայն չէ Թրևամփի հետ․ «Ցանկանում եմ, որ ամերիկացի ժողովուրդն գիտենա՝ իրավունք չունեի չեղարկել ընտրությունների արդյունքները։ Այդ օրը նախագահ Թրամփը խնդրեց ինձ, որպեսզի նրան ավելի բաձր դասեմ Սահմանադրությունից, սակայն ես ընտրեցի Սահմանադրությունը»։

Թրամփը, ով գալիք՝ 2024 թվականի նախագահական ընտրություներում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է, կալանավորված չէ և առաջիկա ամիսներին կարող է մասնակցել դատավարությանը:

«Նա կարող է հենց հիմա առաջադրվել [որպես նախագահի թեկնածու], քանի որ նրա մեղավորությունը ապացուցված չէ: Նրան ուղղակի մեղադրանք է առաջադրվել: Ակնհայտ է, մինչև հաջորդ տարի որևէ որոշում չի կայացվի։ Հնարավոր է՝ նույնիսկ ընտրություններից հետո [չկայացվի]»,- ասում է Էլեյն Կամարկը՝ Բրուքինգս հաստատությունից:

Թրամփին դեմ կարող են մեղադրանքներ առաջ քաշվել նաև Նյու Յորքում և Ֆլորիդայում՝ կապված նախընտրական արշավում տեղ գտած խարդախության և պետական գաղտնի փաստաթղթերը սխալ օգտագործելու հետ:

«Սա լուրջ հարց է, քանզի վերաբերում է մեր ժողովրդավարությանը և թե ինչպես ենք հաշվում մարդկանց ձայները: Մյուս կողմից, Թրամփը պատրաստվում է ասել, որ ինքը հավատացած էր՝ ինքն էր հաղթել ընտրություններում, ու հետևաբար՝ չի խաբում Միացյալ Նահանգների ժողովրդին»,- նշում է Շերիլ Բադերը՝ Ֆորդհեմի համալսարանից։

Նախկին նախագահի կողմնակիցները հինգշաբթի դատարանի շենքի մոտ իրենց աջակցությունն էին հայտնում Թրամփին:

«Այստեղ եմ՝ Դոնալդ Թրամփին պաշտպանելու համար: Հավատում եմ, որ նա պաշտպանում է ժողովրդին, և ի պատասխան՝ նրան ցույց ենք տալիս մեր աջակցությունը»,- ասում է Թրամփի աջակիցներից Դենը:

Բազմաթիվ ամերիկացիների համար, սակայն, մեղադրանքները նշան են, որ Թրամփը կարող է պատասխանատվության է ենթարկվել:

«Շատ կարևոր է, որ այս ամենը փաստաթղթավորվի՝ պաշտոնապես, գրավոր, որպեսզի մեր երկրում նման բան տեղի չունենա, քանի որ սա բեկումնային կետ է»,- ասում է Պատրիկը:

Վաշինգտոնի դաշնային դատարանում շուտով կմեկնարկեն դատական լսումները։ Ֆլորիդայում Թրամփի դատավարությունը կայանալու է գալիք մայիսին:

XS
SM
MD
LG