Մատչելի հղումներ

Չինաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները. ԱՄՆ հետախուզություն


Չինաստանի և Ռուսաստանի առաջնոդների հանդիպումը
Չինաստանի և Ռուսաստանի առաջնոդների հանդիպումը

Պեկինը Կրեմլին մատակարարում է ռազմական և երկակի նշանակության տեխնոլոգիաներ՝ Ուկրաինայում կիրառելու համար, հայտնում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (ODNI):

Չինաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները և, հավանաբար, Կրեմլին մատակարարում է ռազմական և երկակի նշանակության տեխնոլոգիաներ՝ Ուկրաինայում կիրառելու համար՝ ասված է հինգշաբթի հրապարակված ԱՄՆ հետախուզության բաց զեկույցում:

Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (ODNI) գնահատականները հրապարակվել են Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հետախուզության գծով մշտական հանձնաժողովի կողմից:

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր՝ Չինաստանը բազմիցս հերքել է Ռուսաստան ռազմական տեխնոլոգիաներ ուղարկելու մեղադրանքները:

«Չինաստանը տրամադրում է երկակի նշանակության տեխնոլոգիաների մի մասը, որը Մոսկվայի զինուժն օգտագործում է Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար՝ չնայած պատժամիջոցների միջազգային շղթային և արտահանման [նկատմամբ] վերահսկողությանը»,- կարդում ենք ODNI-ի զեկույցում․ «Մաքսային փաստաթղթերը ցույց են տալիս, որ չինական ռազմաարդյունաբերության պետական ընկերությունները պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ռազմաարդյունաբերական պետական ընկերություններին մատակարարում են նավիգացիոն սարքավորումներ, տարբեր տեխնոլոգիաներ և կործանիչների մասեր»:

Զեկույցում նաև ասված է, որ Չինաստանը դարձել է «ավելի կարևոր գործընկեր» Ռուսաստանի համար՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Ըստ ODNI-ի, Չինաստանը և Ռուսաստանը մեծացրել են չինական արժույթով՝ յուանով իրականացվող երկկողմ առևտրի ծավալը, իսկ երկու երկրների ֆինանսական հաստատություններն ընդլայնում են ներքին վճարային համակարգերի օգտագործումը:

Չինաստանը մեծացրել է ռուսական էներգակիրների, այդ թվում՝ նախկինում եվրոպական շուկայի համար նախատեսված նավթի ու գազի ներմուծումը՝ ասված է զեկույցում։

Վկայակոչելով լրատվամիջոցներին՝ ODNI-ն ընդգծում է, որ այդուհանդերձ հետախուզական մարմինները չունեն բավարար տեղեկություն՝ գնահատելու, թե արդյոք Պեկինը միտումնավոր է խոչընդոտում ստուգելու, թե ով է արտահանվող արտադրանքի վերջնական հասցեատերը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Էմանյուել Բոնն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ թեև ոչ զանգվածաբար, սակայն Չինաստանը Ռուսաստանին ապրանքներ է մատակարարում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակով:

Ամերիկացի պաշտոնյաներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել Չինաստանից Ռուսաստան «երկակի նշանակության սարքավորումների» մատակարարման կապակցությամբ՝ հավելելով, սակայն, թե դեռ չեն նկատել Ռուսաստան՝ սպառազինության տեղափոխման ապացույցներ։

XS
SM
MD
LG