Մատչելի հղումներ

Կենտրոնական Ասիան որպես լուրջ գործոն Ռուսաստան-Չինաստան հարաբերություններում


Ամերիկայի հանդեպ հակակրանքը Չինաստանը կապում է Ռուսաստանի հետ, կարծում են Ատլանտյան խորհրդի փորձագետները

2021 թվականին բնական գազը կազմել է Չինաստանի ընդհանուր էներգիայի սպառման 9%-ից ոչ ավելին՝ համեմատած գլոբալ միջինը 24%-ի հետ։

Այս թվերը տրամադրում է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի ավագ հետազոտող Էրիկա Դաունսը Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի փորձագետների կլոր սեղանի ժամանակ:

Չինաստանը հսկայական ներուժ ունի գազի սպառումը մեծացնելու համար: «Այն կցանկանար ավելացնել իր մասնաբաժինը էներգիայի սպառման հարցում՝ ինչպես օդի աղտոտվածությունը նվազեցնելու, այնպես էլ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2030 թվականը իր մասնաբաժինը հասցնել 15%-ի»,- ասում է Էրիկա Դաունսը։

Կենտրոնական Ասիայի երկրները և Ռուսաստանը մրցակցում են Չինաստանին գազ մատակարարելու համար։ Պատրաստվելով Եվրոպայում պատերազմին և ակնկալելով խնդիրներ եվրոպական շուկայում՝ 2019 թ-ի վերջին Ռուսաստանը շահագործման հանձնեց «Սիբիրի ուժը» առաջին գազատարը Արևելյան Սիբիրից դեպի Չինաստան:

Ռուսաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունները Կենտրոնական Ասիայի համատեքստում
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Մինչև 2025 թվականը այս գազատարը պետք է հասնի տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր նախագծային հզորության։ Ուկրաինա ներխուժումից չորս օր անց՝ 2022 թվականի փետրվարի 28-ին, «Գազպրոմը» հայտարարեց գազատարի երկրորդ ճյուղի կառուցման մասին։ Իրատեսորեն, սակայն, «մենք այս հարցում որևէ առաջընթաց չենք տեսնում», - ասում է Կոլումբիայի համալսարանի փորձագետը: «Քիչ հավանական է, որ Չինաստանը վերջնական համաձայնագիր ստորագրի այս խողովակաշարով մատակարարումների վերաբերյալ, քանի դեռ Ռուսաստանը պատերազմի մեջ է: Չինական ընկերությունները ուրախ են գնել ռուսական էներգակիրները մեծ զեղչերով, սակայն նրանք շատ զգուշավոր են համաձայնագրեր կնքելու հարցում, որոնք երկարաժամկետ հեռանկարում երկու երկրներին կմերձեցնեն էներգետիկ ոլորտում: Մենք նաև չենք տեսնում, որ չինական ընկերությունները գնեն միջազգային նավթային ընկերությունների կողմից վաճառված ակտիվներից որևէ մեկը, որը լքում է Ռուսաստանը»:

Պեկինի նման պահվածքի համար, ըստ երևույթին, երկու պատճառ կա. նախ՝ Չինաստանը չի ցանկանում կրկնել Եվրամիության սխալը և էներգետիկ կախվածության մեջ ընկնել Կրեմլից։ Եվ երկրորդը, Պեկինը չի ցանկանում շատ սերտորեն կապվել պատերազմում պարտվող և լուրջ պատժամիջոցների տակ գտնվող երկրի հետ՝ վախենալով երկրորդական պատժամիջոցներից և հեղինակության վնասից, որն անխուսափելիորեն կհանգեցնի նաև առևտրային վնասների:

Հետևաբար, 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Չինաստանը սկսեց Արևմուտք-Արևելք խողովակաշարի չորրորդ գծի կառուցումը, որը կապահովի ներքին արտադրությունը Սինցզյանում, բնական գազը կհասցնի Արևելյան Չինաստանի սպառման կենտրոններ՝ իր թիրախի տակ պահելով Կենտրոնական Ասիա-Չինաստան էներգակիրների գիծը, որի կառուցումը երկար ժամանակ ձգձգվում էր: «Այն կստեղծի նոր ռազմավարական էներգետիկ ալիք Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության համար», - եզրափակում է Էրիկա Դաունսը:

«Բայց իրական շուկան Եվրոպայում է», - ասում է Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի ավագ փորձագետ Արիել Քոհենը: «Ես խոսել եմ թուրքմեն բարձրաստիճան պաշտոնյայի հետ,- հիշում է Քոհենը,- և նա հասկացրեց, որ նրանք վախենում են Ռուսաստանի և Իրանի արձագանքից, բայց եթե այս հարցը հնարավոր լինի լուծել, թուրքմենական գազի մատակարարումները Եվրոպա իրականություն կդառնան»:

«Այժմ առաջարկում եմ մի փոքր մտածել», - շարունակում է իր միտքը Արիել Քոհենը: – Եթե Չինաստանը ներգրավվի նման խողովակաշարի կառուցման և շահագործման մեջ որպես գործընկեր, այդ 150-170 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազը, որը մենք հանում ենք Եվրոպայի շուկայից, կարող է մասամբ փոխարինվել թուրքմենականով, և դրա հետ մեկտեղ այլ երկրների՝ Ադրբեջանի, Ալժիրի, գուցե նույնիսկ Նիգերիայի, Լիբիայի, Եգիպտոսի, Իսրայելի էներգակիրներով»։

Ատլանտյան խորհրդի փորձագետները Չինաստանի գազատարի կառուցումը դիտարկում են ընդհանուր քաղաքական համատեքստում: «Պեկինը և Մոսկվան ամուր քաղաքական կապեր են պահպանում միջազգային կարգի բազմաթիվ տարրերի նկատմամբ իրենց ընդհանուր հակակրանքի պատճառով, որոնք իրենց աչքում անձնավորված են Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից: Այնուամենայնիվ, ինքնավարության առանցքը հակասական տնտեսական շահեր ունի, քանի որ Կենտրոնական Ասիայից բնական գազի արտահանումը կարող է խանգարել «Գազպրոմին» իր էներգակիրները Չինաստանի շուկա մատակարարել «Սիբիրի ուժը 2» գազատարով: Իհարկե, Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հավասարակշռություն պահպանեն իրենց երկու հսկա հարևանների միջև», և նրանք չեն ցանկանում կախված լինել Չինաստանից այնպես, ինչպես տարիներ շարունակ կախված են եղել Կրեմլից, բայց «Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա խարխլեց Կրեմլի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում՝ բարելավելով այս տարածաշրջանի երկրներից բնական գազի արտահանման հեռանկարները» և ոչ միայն Չինաստան, այլև Եվրոպա:

Եվրոպայում Պուտինի սանձազերծած պատերազմը տեկտոնական տեղաշարժեր է առաջացրել տնտեսության մեջ, և դրանք ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չեն: Արիել Քոհենը ձևակերպում է. «Ռուսաստանը որոշել է ընդդիմանալ ստատուս քվոյին, բայց երբ դա անում ես, հատկապես ռազմական ճանապարհով, դեռ չգիտես, թե ինչ արդյունքի կհանգես: Կարող ես մեծացնել քո ազդեցությունը, կամ կարող ես կորցնել այն։ Ես զգացում ունեմ, որ Ռուսաստանը կորցնում է իր ռազմական հզորությունը և իր գլոբալ ազդեցությունը ուկրաինական ճակատում։ Իսկ Չինաստանը շատ ուշադիր հետևում է։

«Կենտրոնական Ասիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ղեկավարները, որոնք խելամիտ և զգայուն են ուժերի հավասարակշռության նկատմամբ, ցույց են տվել, որ Պուտինի և Ռուսաստանի մասին իրենց ընկալումը արագորեն փոխվում է: Իսկ այն, որ Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դառնում նրանց մի մասի, հատկապես Ղազախստանի հանդեպ, որի նկատմամբ տարածքային պահանջների հռետորաբանություն է ի հայտ գալիս, միայն ավելի է սրում իրավիճակը»։

Հոդվածը պատրաստվել է Եվգենի Կոմարովի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG