Մատչելի հղումներ

Սի Ցզինպինի այցելել է Ռուսաստան


Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ ուշադիր հետևում է այցի ընթացքին

Ուկրաինայի շուրջ իրավիճակը Մոսկվայում Սի Ցզինպինի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկն է։ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը կողմերն անդրադարձել են «ուկրաինական օրակարգին», հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը Մոսկվա է ժամանել պետական այցով մարտի 20-ին, որը նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի մեկնարկի տարելիցին Չինաստանի ԱԳՆ-ը հրապարակել է «Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ» փաստաթուղթը։

Երկու երկրներն էլ Չինաստանի նախագահի այցը որակել են որպես իրենց «անսահման բարեկամության» խորացման հնարավորություն։ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել Ռուսաստան-Չինաստան համագործակցության ընդլայնման մասին։

Ելույթ ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարության և փաստաթղթի ստորագրման արարողությանը՝ Սին վերահաստատել է Չինաստանի «օբյեկտիվ» դիրքորոշումը և հայտարարել, որ Չինաստանը աջակցում է խաղաղությանը և գտնվում է «պատմության ճիշտ կողմում»։

Չինաստանին ձեռնտու է թույլ Ռուսաստանը. վերլուծաբանները քննարկում են Չինաստանի նախագահի այցը Մոսկվա
please wait

No media source currently available

0:00 0:05:35 0:00

ՌԴ նախագահ Պուտինն էլ իր հերթին ասել է. «Մենք կարծում ենք, որ Չինաստանի խաղաղության ծրագրի շատ կետեր համահունչ են ռուսական մոտեցումներին և կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքն ու Կիևը։ Սակայն նրանց կողմից նման պատրաստակամություն դեռ չենք տեսնում»:

Ըստ նրա՝ այս ընթացքում հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային ոչ միայն տանկերի, այլև նվազեցված ուրանով զինամթերքի մատակարարման մասին։

«Կարծես թե Արևմուտքն իսկապես մտադիր է կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին ոչ թե խոսքով, այլ գործով: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ եթե դա տեղի ունենա, Ռուսաստանը համապատասխանաբար կպատասխանի՝ հաշվի առնելով, որ հավաքական Արևմուտքը սկսում է օգտագործել միջուկային բաղադրիչ ունեցող զենքեր»,- ասել է Պուտինը:

Ուկրաինան նշել է, որ ուշադրությամբ հետեւում է Չինաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

«Մենք ակնկալում ենք, որ Պեկինը կօգտագործի իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասել է նա։

Ուկրաինացի քաղաքագետ Տարաս Չորնովիլի կարծիքով՝ այսօր հստակ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Ուկրաինայի թեման կլինի գլխավորը Մոսկվայի բանակցություններում։

«Ուկրաինական թեմայի ազդեցությունները չինական քաղաքականության վրա գործնականում բացակայում են: Դրանք պետք է զրոյից ստեղծել, դրանք ամբողջովին ավերված են։ Ուկրաինան երկու տարի դեսպան չունի Չինաստանում, և դա նույնպես իր դերն ունեցավ»,- ասել է Չորնովիլը «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։

Նրա կարծիքով, Սի Ցզինպինի այցը Մոսկվա կարող է ավելի շատ կապված լինել Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերություններն ու շահերը ներդաշնակեցնելու հետ։

«Ուկրաինան կդառնա քննարկման առարկա, որի շուրջ Չինաստանը կարող է իր որոշ գաղափարներ կամ մեխանիզմներ առաջարկել: Ակնհայտ է, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ կհամակարգվեն առևտրի, չինական բիզնեսի ներթափանցման հարցերը Հեռավոր Արևելք, և Սի Ցզինպինը կհետապնդի Հեռավոր Արևելքում չինական էքսպանսիայի շահերը։ Ակնհայտ է, որ դա լինելու է այցի առանցքային հարցը»,- ասում է փորձագետը։

Սակայն, շարունակում է Չորնովիլը, Չինաստանը նույնպես կարող է հայտարարել, որ պատրաստ է առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ վարելու տարբերակը։

«Այն նույն ձևաչափով, որը նա կազմակերպեց Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև։ Բայց կա միայն «փոքր խնդիր»՝ այս երկրների միջև օկուպացված տարածքներ չկային»,- պարզաբանում է քաղաքագետը։

Ուկրաինայի դեպքում, նրա խոսքով, չինական խաղաղության ծրագիրը գործուն չէ, քանի որ Ուկրաինան չի կարող ճանաչել սեփական տարածքների օրինական օկուպացիան։

«Այն, ինչ առաջարկում է Չինաստանը, շատ մոտ է «կորեական տարբերակին», սակայն այն ամենևին ընդունելի չէ Ուկրաինայի համար։ Եվ դա չի նախատեսում օկուպացիոն զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ Բայց Ուկրաինայում ոչ ոք չի աջակցի նման տարբերակին»,- ասում է Չորնովիլը։

Նա կարծում է, որ Չինաստանի առաջնորդը կարող է Վոլոդիմիր Զելենսկիին առաջարկել օկուպացիոն ուժերի փուլային դուրսբերման տարբերակներ։

«Սակայն այդ ժամանակ Մոսկվան չի համաձայնի դրան, քանի որ այն ճանաչեց ուկրաինական տարածքները որպես սեփական։ Եվ հետևաբար, երկու կողմից էլ բանակցությունների դաշտ չկա»,- նշում է վերլուծաբանը։

Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Եվգենի Մագդան նշում է, որ Միջազգային քրեական դատարանի որոշման պատճառով Սի Ցզինպինի այցը Մոսկվա կարող էր չեղարկվել։

«Մի կողմից, սա իրական քաղաքականության դաս է նրանց համար, ովքեր ասում էին, որ Միջազգային քրեական դատարանի որոշումից հետո Սին չի այցեի Մոսկվա։ Սակայն նա ժամանել է»:

Ըստ վերլուծաբանի՝ Չինաստանի շահերից է բխում թույլ Ռուսաստանի հետ գործակցությունը որպես իր կրտսեր գործընկերոջ: Պեկինը չէր պատրաստվում չեղարկել այցը, ասում է Մագդան։

Քաղաքագետն ընդգծում է, որ պետք է հաշվի առնել Ուկրաինայի համար այս այցի «վտանգավոր» պահերը։ Չինաստանից զինամթերքի հնարավոր մատակարարման գործոնը կարող է կարևոր դեր խաղալ պատերազմի ընթացքի վրա:

Սակայն, ըստ նրա, «ուկրաինական հարցում» Ռուսաստանին ցուցադրական աջակցություն ցուցաբերելու դեպքում Պեկինը կարող է կուրստներ ունենալ։

«Վաշինգտոնից և Բրյուսելից մեր գործընկերները Պեկինին բավականին խիստ ակնարկ են արել, որ եթե նա աջակցի Մոսկվային, ապա նրանց ապրանքաշրջանառությունը կկրճատվի»,- ասել է նա։

Քաղաքական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Յարոսլավ Բոժկոն իր հերթին նշում է, որ Չինաստանի ղեկավարի այցը Մոսկվա ցույց է տալիս Չինաստանի առճակատման նոր փուլ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հետ։

«Առայժմ Պեկինը դեռ պատրաստ չէ Արևմուտքի հետ ամբողջական և վերջնական հակամարտությանը, ինչը նշանակում է, որ նա օգտագործում է հարաբերությունները այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, հիմնականում որպես Արևմուտքի վրա ազդեցության գործիք ևր օգտին փոխգործակցության պայմանները փոխելու փորձ»,- նշում է Բոժկոն։

Նրա խոսքով՝ Սի Ցզինպինի հետ հանդիպումը Պուտինին հնարավորություն է տալիս մասամբ մեղմացնել միջազգային մեկուսացման ազդեցությունը և ռուսական տնտեսության մեջ արևմտյան ընկերությունները փոխարինել չինականներով։

Իր հերթին Սպիտակ տունը կոչ է արել Չինաստանի նախագահին՝ հորդորել Ռուսաստանի նախագահ Պուտինին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և դադարեցնել պատերազմն այդ երկրում։

«Մենք կոչ ենք անում նախագահ Սիին ուղղակի ճնշում գործադրել նախագահ Պուտինի վրա՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության համար»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին։

Նա հորդորել է Չինաստանի առաջնորդին նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ևս քննարկել Ուկրաինայի պատերազմի հետևանքները։

Բացի այդ, նա հայտնել է, որ Վաշինգտոնը և Պեկինը քննարկում են ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հնարավոր այցը Չինաստան:

Եթե նման այց կայանա, ապա դա կլինի ամենաբարձր մակարդակի այցը փետրվարին երկու երկրների հարաբերությունների վատթարացումից հետո։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին լրագրողներին ասել է, որ ներկայումս «ակտիվ» քննարկում է ընթանում այս այցի վերաբերյալ։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Տարաս Բուրնոսի, Agence France-Presse և Reuters գործակալությունների նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG