Մատչելի հղումներ

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Պուտինին ձերբակալելու որոշումը


Ըստ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Պուտինը պատերազմական հանցագործ է: Բայդենն արդարացված քայլ է անվանել նրան ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը:

Նմանատիպ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ այլ պետությունների ղեկավարներ ու միջազգային կազմակերպություններ: Եվրամիության արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ՄՔԴ-ի կայացրած որոշումն Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում միայն առաջին քայլն է:

Սակայն հարցն այն է, որ ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ը մինչ այժմ չեն ճանաչել ՄՔԴ-ի իրավասությունը։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին նախօրեին «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ անկախ այդ փաստից, նախագահ Բայդենը նախապես էր հստակեցրել, որ Միացյալ Նահանգները մտադիր է անել ամեն ինչ՝ վայրագությունների և դաժանությունների պատճառով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի իշխանություններին, պետք է ասել, որ այն փորձում է, սակայն չի կարողանում թաքցնել ՄՔԴ-ի որոշման նկատմամբ իր գրգռվածությունը:

Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ին իրավապաշտպան Լեւ Պոնոմարեւն է ասել, ‘’Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բարբարոսական ագրեսիան չէր կարող մնալ անհետևանք:

Նա նշում է, որ օրինակ աֆրիկյան երկրներում նման հակամարտությունների ժամանակ Միջազգային քրեական դատարանը երբեմն շատ արագ է արձագանքում: ‘’Սակայն Ուկրաինայի դեպքում գործընթացը որոշակիորեն հետաձգվեց՝ չնայած Բուչայի, Իրպենի և այլ հատվածներում հրեշավոր պատերազմական հանցագործությունների բացահայտման փաստին’’: Ի վերջո, ասում է նա, որոշումը կայացվեց, ինչով, ասում է նա, ավելի է վարկաբեկվում Ռուսաստանի միջազգային հեղինակությունը: ‘’Մոսկվան այս խարանով հիմա ավելի մեծ խոչընդոտներ կտեսնի իր դիրքերը պաշտպանելու ճանապարհին’’, վստահ է նա:

Պուտինի համար ի թիվս այլ խնդիրների, առաջ կգա այլ երկրներ ճամփորդելու սահմանափակումը, հակառակ դեպքում, այդ երկրներում նա կարող է ձերբակալվել:

Սակայն կա մի հանգամանք, որը կարող է դառնալ մեծ խնդիր դատարանի որոշման համար: Ռուսաստանը շուտով ստանձնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։ Ինչպես փորձագետներն են ասում, հնարավորին չափ արագ պետք է բարձրացնել Ռուսաստանին նման կարեւոր մարմնից դուրս մղելու հարցը։ Ի դեպ, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնելու է սույն թվականի ապրիլի 1-ից։ Իսկ նման մանդատ տրվում է մեկ տարով։

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանի խոսքերով, չափազանց կարեւոր քայլ էր միջազգային դատարանի այս որոշումը։ Չնայած ‘’Պուտինին Հաագայի դատարան հանձնելու հնարավորությունն առայժմ շատ քիչ հավանական է թվում, սակայն այս որոշումն ապահովում է Եվրոպայի հետ Մոսկվայի բոլոր կապերի խզումը: ‘’Եթե նախկինում, սկզբունքորեն, կարելի էր առանձին-առանձին ինչ-որ բան պայմանավորվել, օրինակ՝ Գերմանիայի կանցլերի կամ Ֆրանսիայի նախագահի հետ, ապա այժմ նման հնարավորությունը գործնականում բացառված է’’, ասում է նա:

Այսպիսով, Մոսկվայի համար սա նշանակում է միջազգային մեկուսացման կտրուկ աճ: Այս պայմաններում Ռուսաստանի ներսում այն ամենայն հավանականությամբ կհանգեցնի ավելի կոշտ ռեպրեսիաների: ‘’Իսկ Կրեմլը Արևմուտքի հանդեպ իր զայրույթը միշտ թափում է իր իսկ ժողովրդի գլխին, ասում են վերլուծաբանները ու բացատրում, որ դա նշանակում է հինգերորդ շարասյան թուլացում։

Ռուսական իշխանություններին ուղղակի այլ բան չի մնում, քան շարունակել խարանել Արևմուտքին ու ավելի մեծ քարոզչություն տանել ընդդեմ Միացյալ Նահանգների: Եվ պատմությունն է ցույց տվել, որ որքան մեծ է Ռուսաստանում քարոզչությունը, այնքան մեծ է իշխանությունների շրջանում հուսահատությունը:

Այս որոշման համաձայն, Պուտինը չի կարող ճամփորդել առնվազն դեպի 123 երկրներ: Դժվար է նաև պատկերացնել, թե ինչպես այլ երկրներ և համաշխարհային առաջնորդներ կշփվեն Պուտինի և նրա բանագնացների հետ միջազգային դատարանի այս որոշման պայմաններում։

Միջազգային միջնորդությամբ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը միանգամայն հստակ է:

XS
SM
MD
LG