Չինաստանի նախագահի այս շաբաթվա այցի առանցքը Պեկինի աջակցությունն է Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում և խաղաղության առաջարկը, որը Չինաստանը ներկայացրել է հակամարտող կողմերին: Փորձագետները նշում են, որ առաջարկը հատկապես կարևոր է Չինաստանի համար:
«Դրանում ամենաշատը շահագրգռված է հենց ինքը՝ Չինաստանը, քանի որ ներկա իրավիճակը շատ անբարենպաստ է նրա համար։ Խաթարվում են նրա տնտեսական կապերը, ներառյալ միջազգային առևտուրը, լոգիստիկան, ենթակառուցվածքները։ Չինաստանը շատ լուրջ ճնշման տակ է»,- ասում է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը:
Ե՛վ Պեկինը, և՛ Մոսկվան վերջին շաբաթներին կենտրոնացել են պատժամիջոցների վերացման վրա՝ որպես Ուկրաինայում խաղաղության հասնելու պահանջ, ինչը ցույց է տալիս, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները լրջորեն ազդեցցություն են թողնում:
Փորձագետները կարծում են, որ Չինաստանին անհրաժեշտ է դուրս գալ ստեղծված իրավիճակից ոչ պակաս, քան Ռուսաստանին։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը գտնվում են Արևմուտքի կողմից պատժամիջոցների ճնշման տակ։ Ռուսաստանի վրա ազդեցությունն այդ ճնշումնեից մի գուցե ավելի շատ է, քան Չինաստանի վրա, բայց, այնուամենայնիվ, դա նաև Չինաստանի խնդիրն է»,- պնդում է վերլուծաբան Անդրեյ Կորտունովը Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդից։
Սեղանին է նաև Չինաստանի և Ռուսաստանի՝ Արևմուտքի դեմ աշխարհաքաղաքական առճակատման հարցը, և այն աջակցությունը, որը Պեկինը ցույց է տալիս Մոսկվային, հատկապես այժմ, երբ Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին, ինչը ռուս փորձագետների կարծիքով, քիչ հավանական է:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը դժվար թե դիմի Չինաստանին նման խնդրանքով։ Չեմ կարծում, որ կա զենքի լուրջ պակաս, որը հնարավոր չէ համալրել ներքին ռեսուրսների հաշվին»,- ասում է Անդրեյ Կորտունովը։
Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները ևս կատարյալ չեն, և երկուսն էլ պայքարում են Կենտրոնական Ասիայում ազդեցության համար: Սակայն, ընդհանուր հակառակորդի գործոնը մշտապես գերակա է, պնդում են վերլուծաբանները։
«Երկրների միջև, անշուշտ, կան խնդրահարույց հարցեր, ներառյալ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ինչպես նաև Հեռավոր Արևելքի ռեսուրսների զարգացման վերաբերյալ մոտեցումները։ Բայց և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը սովորեցին, թե ինչպես պետք է մոռանան տարաձայնությունները, քանի որ կան ավելի կարևոր նպատակներ»,- կարծում է Ալեքսեյ Մասլովը։
Չինաստանի ղեկավարի այս այցը ցույց կտա, թե որքանով են լուրջ կողմերի միջև տարաձայնությունները՝ համեմատած մեկուսացման և տնտեսական խնդիրների հետ, որոնց առնչվում են երկու կողմերը Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման արդյունքում:
Հոդվածը պատրաստվել է ‘’Ամերիկայի ձայն’’-ի Մոսկվայի բյուրոյի և ‘’Ամերիկայի ձայն’’-ի լրագրող Մարկուս Հարթոնի նյութի հիման վրա: