Մատչելի հղումներ

Ուրիշ փուչիկ թո՛ղ չպայթի. ԱՄՆ-Չինաստան


Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ-ին այս շաբաթ քննադատել են մի անսովոր թշնամական հռետորաբանությամբ: Խոսքը երկրի նոր արտգործնախարարի հայտարարության մասին է, որը նախազգուշացրել է հակամարտությունների և առճակատման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-ը շարունակի փորձել զսպել Չինաստանին:

ԱՄՆ-ը, որպես պատասխան, հայտարարում է, որ Չինաստանին զսպելու որեւէ մտադրություն չունի:

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի լիագումար նիստում երկրի նախագահ Սի Ծինպինը քննադատեց Միացյալ Նահանգներին, որը նրա խոսքերով, փորձում է ճնշումներ բանեցնել Չինաստանի վրա եւ կաշկանդել նրա գործողությունները: Երկրի արտաքին գործերի նոր նախարար Ցին Գանգը երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ավելի հեռուն գնաց` հայտարարելով, որ ‘’Եթե Միացյալ Նահանգները չսեղմի իր արգելակները, եւ շարունակի ընթանալ սխալ ուղով, ապա որեւէ մեկը չի կարող ապահովել, որ շարժակազմը շարունակի ընթացքը ռելսերի վրայով’’:

Բայդենի վարչակազմը հաճախ է հայտարարում, որ որոնում է ուղիներ, որպեսզի Չինաստանի հետ մրցակցությունը չտանի դեպի հակամարտություն: Նման խոսքերով վերջերս հանդես եկավ նաեւ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` հայտարարելով. ‘’Մենք խոսում ենք ոչ թե ինչ որ երկիր զսպելու, այդ երկրին ճնշելու կամ ինչ որ բանից հետ պահելու, այլ կանոնների վրա հիմնված կարգի պահպանման մասին’’:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ վերջին օրերի ընթացքում Չինաստանի նախագահի ու արտգործնախարարի կողմից հնչող հայտարարությունները սովորական երեւույթ չեն, եւ այդ մակարդակներում ավելի ճիշտ է ավելի շրջահայաց խոսքերով հանդես գալը:

Վերլուծաբաններից Չեյզ Բլեյզեքի խոսքերով, Պեկինի ու Վաշինգտոնի համար դյուրին չի լիելու լեզու գտնել, քանի որ նրանք միմյանց ընկալում են որպես սպառնալիք, եւ միմյանց մեղադրում են իրենց ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:

Կողմերի միջեւ հարաբերություններում սրում նկատվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը անցյալ ամիս խոցեց օդային իր տարածքով թռչող մի օդապարիկ: Պենտագոնը պնդում է, որ այն եղել է հետախուզական ինքնաթիռ: Չինաստանը շարունակում է հայտարարել, որ այն միայն հետազոտական, այպես ասած փուչիկ էր, որը պարզապես շեղվել էր իր ուղուց:

Հիմա կարեւոր է, որ ոչ միայն փուչիկները, այլ նաեւ երկու գերհզոր պետությունները չշեղվեն խաղաղ ուղուց եւ որ հանկարծ ուրիշ փուչիկ չպայթի:

XS
SM
MD
LG