Մատչելի հղումներ

Զելենսկին կողմ է ամերիկյան կասետային ռումբերի տրամադրմանը Կիևին


ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին հաջորդած ելույթում ԱՄՆ նախագահը խոսել է այն մասին, թե ինչպես են Վաշինգտոնն ու դաշնակիցներն աջակցում Ուկրաինային, պաշտպանում ժողովրդավարական արժեքները և քայլեր ձեռնարկում համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։

Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայի համար ընդունվեց լավատեսական որոշում:

«Չենք տատանվելու: Ուկրաինայի նկատմամբ մեր հանձնառությունը չի թուլանա: Այսօր, վաղը և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հանդես կգանք հանուն ազատության»,- հայտարարել է Բայդենը:

Բայդենը խիստ նախազգուշացում հղեց Մոսկվային:

«Պուտինը սխալ է մտածում՝ շարունակելով կարծել, որ կարող է վերապրել այն, ինչ նախաձեռնեց Ուկրաինայում։ Նա չի կարող հասկանալ, որ այն ուկրաինացիների հողն է, երկիրն ու ապագան: Անգամ այսքան ժամանակ անց Պուտինը դեռ կասկած ունի մեր վճռականության նկատմամբ։ Նա շարունակում է սխալ խաղադրույք կատարել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Սա էր նախագահ Բայդենի հիմնական ուղերձը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի՝ ինչպես Սպիտակ տան ղեկավարն անվանեց «պատմական» գագաթնաժողովից հետո, ուր աջակցություն հայտնեցին ալյանսին Կիևի անդամակցությանը, սակայն հրաժարվեցին այդ առնչությամբ նշել որևէ կոնկրետ պարտավորություն կամ ժամանակացույց:

Գագաթնաժողովում իր խոսքն ասաց նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին․ «Կարծում եմ, գագաթնաժողովի ավարտին կարող ենք արձանագրել մեր միջև առկա մեծ համախմբվածությունը: Ահա, սրանում է կայանում այս գագաթնաժողովի հաջողությունը»:

Զելենսկին սատարել է Վաշինգտոնի որոշումը՝ կասետային ռումբեր տրամդրել Կիևին: Հիշեցնենք, այդ զինատեսակն արգելված է ավելի քան 120 երկրներում:

«Ռուսաստանը մեր տարածքում մշտապես օգտագործում է կասետային ռումբեր, կռվում է մեր հողի վրա, սպանում է մեր ժողովրդին և երկար տարիներ օգտագործել է կասետային ռումբեր»,- նշել է Զելենսկին։

Բայդենը չորեքշաբթի երեկոյան մեկնել է Հելսինկի՝ սկանդինավյան երկրների ղեկավարների հետ հինգշաբթի կայանալիք հանդիպմանը:

XS
SM
MD
LG