Մատչելի հղումներ

Թուրքիան ճնշում է գործադրում Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի Կրեմլը հետ կանգնի ուկրաինական հացահատիկի գործարքը չեղարկելու մտադրությունից


Համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ ռուս-ուկրաինական գործարքը հարցականի տակ է, քանզի Կրեմլը կրկին սպառնացել է հրաժարվել փաստաթղթի երկարաձգումից: Ժամանակին գործարքը միջնորդած Անկարան ուժեղացնում է ճնշումը Մոսկվայի նկատմամբ:

Այս շաբաթ հանդիպելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վճռական աջակցություն ցուցաբերել՝ պահպանելու հացահատիկի գործարքը, որն անցած տարի կնքվեց Ուկրիանայի ու Ռուսաստանի միջև՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:

«Հուսով եմ, նախաձեռնության ժամկետը հուլիսի 17-ին կրկին կերկարաձգվի: [Գործարքը] մինչ այժմ մոտ 33 միլիոն տոննա հացահատիկ է հասցրել կարիքավոր մարդկանց»,- ասել է Էրդողանը։

Միջազգային շուկայում Ուկրաինան հացահատիկի հիմնական մատակարարն է, և այդ գործարքն օգնեց կանխել պարենի համաշխարհային գների աճը: Սակայն պայմանագիրը պետք է թարմացվի 60 օրը մեկ։ Մոսկվան ասում է, որ կհամաձայնի երկարաձգմանը միայն այն դեպքում, եթե միջազգային պատժամիջոցները մեղմացվեն՝ թույլ տալով ռուսական հացահատիկի և պարարտանյութի արտահանումը:

Պատմաբան Զաուր Գասիմովի կարծիքով, «Ռուսաստանը ցանկանում է «պատուհան բացել» իր տնտեսության որոշ հատվածների, որոշ բանկերի համար, որոնք առնչվում են գյուղատնտեսությանը, և չեղարկել կամ մեղմել պատժամիջոցները»:

Չնայած միջազգային ճնշմանը, Էրդողանը սերտ կապեր է պահպանել իր ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ և հրաժարվել է Ռուսաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ: Թուրք պաշտոնյաներն ասում են, որ Մոսկվայի հետ իրենց հարաբերությունները թույլ են տվել Անկարային միջնորդի ստանձնել հացահատիկի գործարքում և հնարավորություն են ստեղծում նախազգուշացնել պարենային ճգնաժամի մասին, եթե գործարքը չերկարաձգվի:

Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Կասինը նշում է․ «Այն շատ կարևոր է, քանզի պարենի համաշխարհային գները կրկին կաճեն։ Եվ կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի մյուս անդամ-երկրների համար»։

Անկարայի որոշումը՝ ազատ արձակել ուկրաինացի հրամանատարներին, որոնք վերադարձան հայրենիք, վրդովեցրել է Մոսկվային։ Էրդողանը նաև Վիլնյուսում աջակցություն հայտնեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտին:

Ըստ վերլուծաբանների, այս քայլերը Թուրքիայի նախազգուշացումն է Ռուսաստանին՝ չփորձել հետ կանգնել հացահատիկի գործարքից:

Թուրք վերլուծաբան Յորուք Իշըքը ասում է․ «Թուրքիան, իրոք, ցանկանում է, որ հացահատիկի գործարքը շարունակվի, սակայն Ռուսաստանից եկող ազդանշանները վկայում են, որ այդ գործարքը մոտենում է ավարտին: Այդպիսով, թուրք պաշտոնյաները որոշեցին, որ նախքան ռուսները որևէ քայլ կձեռնարկեն այդ ուղղությամբ, Թուրքիան պետք է հիշեցնի, որ իրենից կախված շատ բաներ կան, այդ թվում այն, որ ցայսօր Անկարան չի միացել Ռուսաստանի դեմ ուղղված որևէ պատժամիջոցի»:

Էրդողանի համար հացահատիկի գործարքը դիվանագիտական հաղթանակ էր: Եթե Մոսկվան չեղարկի այն, ըստ դիտորդների, կարող են հարցեր առաջանալ, թե իրականում որքան ազդեցիկ միջնորդ է Թուրքիայի նախագահը:

XS
SM
MD
LG