Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրը ժամանել է Նիդերլանդներ՝ անսպասելի այց կատարելով Հաագա, ուր տեղակայված է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ): Հիշեցնենք, ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշում է կայացրել:
Զելենսկու այցը Հաագա, որտեղ ՄՔԴ-ից զատ տեղակայված է նաև Արդարադատության միջազգային դատարանը, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, թե ուկրաինական ուժերը կապ չունեն Կրեմլի վրա անօդաչուի ենթադրյալ հարձակման հետ:
Հատկանշական է, որ հինգշաբթի ՄՔԴ կենտրոնակայանում՝ դատարանի դրոշի կողքին ծածանվում էր Ուկրաինայի դրոշը:
«Մենք բոլորս կցանկանայինք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի»,- Հաագայում ասել է Զելենսկին՝ հավելելով․ «Չկա խաղաղություն առանց արդարության»:
Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահն իր «հանցավոր արարքների համար» արժանի է դատապարտման:
«Վստահ եմ, որ մենք կտեսնենք այդ օրը, երբ հաղթենք։ Իսկ մենք հաղթելու ենք»,- Ուկրաինայի նախագահի խոսքերը մեջբերել է նիդերլանդական NOS հեռուստաընկերությունը։
Զելենսկին անդրադարձել է նաև 2014 թվականի հուլիսին Դոնբասի երկնքում խոցված մալազիական «Բոինգի» զոհերին, որոնցից շատերը Նիդերլանդների քաղաքացիներ էին։ Նիդերլանդական դատարանը ապացուցված է համարել, որ մարդատար ինքնաթիռը ոչնչացրել են ռուսաստանյան «Բուկ»՝ զենիթահրթիռային համալիրի միջոցով։
Սույն հոդվածի հիմքում Associated Press լրատվական գործակալության հրապարակումն է: