Մատչելի հղումներ

Ատոմակայանները պաշտպանության կարիք ունեն ռուսական հարձակումներից. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը, նոյեմբերի 21-ին հորդորել է ՆԱՏՕ-ի անդամներին երաշխավորել ուկրաինական ատոմակայանների պաշտպանությունը ռուսական դիվերսիաներից՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժժիայի կայանի ուժեղ հրետակոծությունից մեկ օր անց:

«Տարածքի բոլոր երկրները շահագրգռված են, որ մեր միջուկային օբյեկտներում վտանգավոր միջադեպեր չլինեն»,- նշել է Զելենսկին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին ուղղված տեսաուղերձում։

«Բոլորս երաշխավորված պաշտպանության կարիք ունենք ռուսական ցանկացած հրթիռից և դիվերսիայից»,- հավելել է նա։

Շաբաթ և կիրակի օրերին Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժժիայի կայանը հրթիռակոծվել է՝ մտահոգություն առաջացնելով Չեռնոբիլից ընդամենը 500 կմ հեռավորության վրա լուրջ վթարի հնարավորության մասին, որտեղ 1986 թվականին տեղի էր ունեցել աշխարհի ամենահայտնի միջուկային աղետը:

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են միմյանց մեղադրել ատոմակայանի վրա հարձակումների մեջ, որն այժմ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Reuters-ին չի հաջողվել ինքնուրույն ճշտել, թե ո՞ր կողմն է պատասխանատու շաբաթավերջին տեղի ունեցած հրետակոծության համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), հայտարարել է, որ նման հարձակումները մեծ աղետի վտանգ են ներկայացնում:

Երկուշաբթի օրը Ռուսաստանը նույնպես հայտարարել է, որ Զապորոժժիայի հրթիռակոծումը կարող է լուրջ միջուկային վթարի պատճառ դառնալ՝ կրկնելով մեղադրանքները, որ այդ հարցում պատասխանատու են ուկրաինական ուժերը։

Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ՝ իրենց «ցեղասպանության քաղաքականության» համար, քանի որ ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռուսաստանը հերքում է, որ դիտավորյալ թիրախավորել է Ուկրաինայում խաղաղ բնակիչներին, սակայն ընդունում է հարվածները էլեկտրաէներգիայի հետ կապված ենթակառուցվածքների դեմ:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG