ԵՄ-ն անդամակցության Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի և Վրաստանի ջանքերը, քննարկման կենտրոնում են ԵՄ դաշինքի առաջնորդների հանդիպման ընթացքում Բրյուսելում: Քննարկվում է նաև Ուկրաինային տրամադրվող հետագա ռազմական աջակցությունը
Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի նախագահը տեսաուղերձով դիմել է Ամստերդամում հավաքված բազմությանը՝ կարևորելով Ուկրաինայի՝ ԵՄ-ը անդամակցելու հայտի հաստատումը դաշինքի կողմից։
«Վստահ եմ, որ մեզանից ոչ ոք, ոչ մեկը, կասկած չունի, որ պետք է բավարարվի Ուկրաինայի դիմումը: Մենք դրան արժանի ենք: Եվ մենք դրան արժանի ենք ոչ միայն մեր խիզախության և հանուն ազատության մեր պայքարի համար»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
Այդ պայքարը շարունակվում է Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում։ Ուկրաինական ուժերը դիմադրում են Սևերոդոնեցկի՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող վերջին հենակետերից: Ռուսական ուժերը գերազանցում են նրանց թե թվաքանակով և թե զինատեսակներով. նրանք իրենց հույսերն են կապում Արևմուտքի ռազմական օգնության հետ:
Իսկ այդ ընթացքում Եվրամիության երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ 27 երկրների առաջնորդները կհաստատեն Ուկրաինայի՝ դաշինքի անդամակցության թեկնածուի կարգավիճակը:
«Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- հայտարարում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Ըստ վերլուծաբան Կամինո Մորտերա-Մարտինեզի՝ ակնհայտ են Ուկրաինայի համար ԵՄ-ն անդամակցելու առավելությունները:
«Կա հսկայական միասնական շուկա, կան մի շարք հաստատություններ և կազմակերպություններ, որոնք կարող են օգնել: Կան միջոցներ, բայց հատկապես Ուկրաինայի համար, կարծում եմ, այժմ ամենակարևորն այն ազդանշանն է, որ նրանք պատկանում են մի խումբ երկրների, որոնք կարող են և ցանկանում են դիմակայել Ռուսաստանին»:
Հակամարտության չորս ամիսների ընթացքում Ուկրաինայի նախագահը մշտապես հորդորել է եվրոպացի առաջնորդներին՝ շեշտելով, որ ուկրաինացիներն արժանի են ԵՄ անդամակցությանը՝ Եվրոպան Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու դիմաց։
Սակայն լիարժեք անդամակցության տեսլականը դեռ շատ հեռու է: Կամինո Մորտերա-Մարտինեզն ընդգծում է՝ դա կարող է տևել ավելի քան 10 տարի: Ըստ նրա՝ բանակցությունները բաժանվում են տարբեր փուլերի, որոնք Եվրոպական հանձնաժողովը անվանում է գլուխներ: Դրանք պարունակում են բազմաթիվ բարեփոխումների իրականացում:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Ջ. Սալիվանն իր աջակցություն է հայտնում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին:
«Մենք աջակցում ենք ԵՄ-ը միանալու ուկրաինական ջանքերին, Ռուսաստանը զենքի ուժով հրում էՈւկրաինային դեպի Արևմուտք»,- ասում է նա:
Միևնույն ժամանակ Ուկրաինան զգուշացնում է, որ Ռուսաստանը կուժեղացնի իր հարձակումներն առաջիկա օրերին, քանի որ Կիևը ձգտում է խզել կապերն իր արևելյան հարևանի հետ ձգտելով դեպի Եվրոպա:
Հոդվածը պատրաստվել է Լոնդոնում «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա