Մատչելի հղումներ

Ուկրաինան աստիճանաբար վերականգնում է էլեկտրաէներգիայի, ջրի և կապի համակարգերը . Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրը, նոյեմբերի 24-ին ասել է, որ երկրում էլեկտրաէներգիայի, ջրի և կապի համակարգերը աստիճանաբար վերականգնվում են: Վերջին շաբաթներին Ուկրաինայի էներգացանցին հասցվել են ռուսական օդային ամենավտանգավոր հարվածները:

Հինգշաբթի օրը լրացավ Ուկրաինայում Մոսկվայի սկսած «հատուկ ռազմական գործողության» ինը ամիսը: Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանը հրթիռներ է արձակել մոտավորապես շաբաթը մեկ անգամ՝ փորձելով ոչնչացնել Ուկրաինայի էլեկտրացանցը: Մոսկվան ընդունում է, որ հարձակում է գործում Ուկրաինայի հիմնական ենթակառուցվածքների վրա՝ ասելով, որ նպատակ ունի նվազեցնել Ուկրաինայի մարտունակությունը՝ երկիրը մղելով բանակցությունների: Կիևը նշում է, որ նման հարձակումները ռազմական հանցագործություն են համարվում:

«Միասին մենք դիմակայել ենք պատերազմի ինը ամիսները: Ռուսաստանը մեզ կոտրելու միջոց չի գտել և չի գտնի»,- հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր գիշերային տեսաուղերձում։

Զելենսկին նաև մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի հարավային Խերսոն քաղաքի անդադար գնդակոծության մեջ: Հինգշաբթի օրը ռուսական հարձակման հետևանքով քաղաքում զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 21-ը, հայտնել են տեղական իշխանությունները: Երեք միլիոնանոց բնակչություն ունեցող մայրաքաղաք Կիևում, բնակիչների 60%-ը հոսանքազրկվել է՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում, նշել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Զելենսկին հավելել է, որ թեև երկրում էլեկտրաէներգիան, կապը և ջուրը աստիճանաբար վերականգնվում են, դեռևս կան ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։ Նա նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերը որոշ շրջաններում պատրաստվում են առաջխաղացման, սակայն ոչինչ չի մանրամասնել։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG