Ինչու՞ են ռուս քարոզիչները սատարում հանրապետականներին և ինչո՞ւմ են նրանք սխալվում
Պաշտոնական տվյալներով՝ Պետդումայի վերջին ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցությունը 52%-ից քիչ էր։ Ռուսները, մինչդեռ, հետաքրքրությամբ հետևում էին ԱՄՆ-ի ընտրություններին, ըստ ռուսականվիճակագրության, երկրի բնակիչների 64%-ին հետաքրքրում էր 2020թ։-ի ԱՄՆ նախագահական ընտրապայքարը։ Իսկ Ամերիկայի անցած միջանկյալ ընտրությունները դարձել են ռուսական քարոզչության բուռն քննարկումների թեմա։
Ըստ Freedom House-ի՝ աշխարհում ժողովրդավարական փոփոխություններին հետևելու, ժողովրդավարությանը աջակցելու և աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցի՝ Ռուսաստանը ազատ երկիր չէ, չունի արդար ընտրություններ։ Այդուհանդերձ, Ամերիկայի վերջին միջանկյալ ընտրությունները կարևոր իրադարձություն էին դարձել Ռուսաստանի քաղաքական կյանքում։
«Մենք այնքան հույսեր ունեինք, հավանաբար, ապարդյուն, ամերիկյան միջանկյալ ընտրությունների հետ։ Եթե հանրապետականները հաղթեն և՛ վերին, և՛ ստորին պալատներում, ապա որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ ի վերջո կնվազի Ուկրաինայի ֆինանսական և ռազմական աջակցությունը: Ո՞րն է հավասարակշռությունն այս առումով», - ասել է ռուս հեռուստահաղորդավար Օլգա Սկաբեևան:
«Սա թե՛ Կրեմլի, թե՛ ռուսական պետական լրատվամիջոցների գլխավոր մոլորությունն է, նրանք չեն հասկանում, որ ԱՄՆ-ում երկկուսակցական աջակցություն կա Ուկրաինայի նկատմամբ։ Սա այն դեպքը չէ, երբ Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը ցանկանում է դառնալ ներքին ընդդիմություն և ասել՝ եկեք դադարենք օգնել Կիևին։ Որքան երկար Կրեմլը և ռուսական պետական լրատվամիջոցները փորձեն համոզել հասարակությանը, որ իրենք կարող են հաղթել կամ գոնե ավարտել պատերազմը սեփական պայմաններով, և հանրապետականները կօգնեն նրանց դա անել, այնքան ավելի մոլորության մեջ են նրանք ընկնում», - կարծում է Քլինթոնի ինստիտուտի միջազգային քաղաքականության պրոֆեսոր Սքոթ Լուկասը:
«Gallup» միջազգային կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ չափահասների 66%-ը կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը, նույնիսկ եթե հակամարտությունը ձգձգվի, իսկ «Pew Research Center»-ի տվյալներով՝ հարցվածների 18%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը բավական օգնություն չի տրամադրում Ուկրաինային։ Միևնույն ժամանակ, հանրապետականներից շատերին հետաքրքրում է, թե ե՞րբ Վաշինգտոնի օգնությունը կհանգեցնի կոնկրետ արդյունքների։
«Ամիս առ ամիս Կիևում ավելի ու ավելի շատ ֆինանսական աջակցության խնդրանքներ են ծագում, և շատերին հետաքրքրում է՝ ի վերջո որքան գումար կբավարարի, ե՞րբ Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ կլինեն ինչ-որ բան քննարկել ու պայմանավորվել։ Հակառակ դեպքում ամերիկացի հարկատուները միլիարդավոր դոլարներ կվճարեն պատերազմի համար, որը կարող է երբեք չավարտվել։ Կան մի շարք հանրապետական քաղաքական գործիչներ, ովքեր ասում են, որ ցանկանում են սահմանափակել այն գումարը, որն ԱՄՆ-ն ուղարկում է Ուկրաինա: Սակայն նրանց անմիջապես մեղադրում են, թե իբր Պուտինին են սատարում կամ դա ինչ-որ աջակցություն է Ռուսաստանին։ Դա ճիշտ չէ։ Չեմ կարծում, որ կարող եմ գտնել որևէ կուսակցությունում մեծաթիվ ամերիկացիների, ովքեր կողմ են Պուտինին կամ աջակցում են ներխուժմանը», - ասում է Տեխասի քաղաքական մեկնաբան և ռադիոհաղորդավար Մարկ Դևիսը:
«2016թ.-ին Թրամփի ծրագրի կետերից մեկն էր՝ ազատել Միացյալ Նահանգները օտարերկրյա կազմակերպություններից և ամերիկյան ներգրավվածությունից աշխարհի գործերին։ Դա մեկուսացման ուղերձ էր։ Ապագա նախագահական ընտրությունների առումով ես կասկածում եմ, որ ցանկացած հանրապետական, բացառությամբ Թրամփի, ով կարող է հաղթել, հավանաբար կընդունի Ուկրաինային երկկուսակցական ուժեղ աջակցության դիրքորոշումը», - հավելում է Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանի ամերիկյան քաղաքականության պրոֆեսոր Հովարդ Շվեբերը:
Արտաքին թշնամի փնտրելու Կրեմլի դիրքորոշումը ժամանակի փորձարկված մարտավարություն է, կարծում են փորձագետները։ Այլ հարց է, թե ինչու են ռուսները շարունակում հավատալ այն ամենին, ինչ իրենց ասում են քարոզիչները և կասկածի տակ չեն դնում սեփական իշխանության գործողությունները:
Միջազգային քաղաքականության պրոֆեսոր Սքոթ Լուկասը մեկնաբանել է իրավիճակը. «Ռուսաստանը արագ հաղթանակ չտարավ, Կիևը չընկավ, Զելենսկին չհանձնվեց։ Իսկ հետո Պուտինի համար ամեն ինչ ավելի վատացավ. ուկրաինացիները սկսեցին տարածքներ հետ վերցնել: Ամենապարզ լուծումն այն է, որ ասեն, թե դրանում մեղավոր են ՆԱՏՕ-ն և այլ երկրներ, հատկապես ԱՄՆ-ը, քանի որ շատ ռուսներ մեծացել են մի մշակույթի մեջ, որտեղ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն ավելի քան 40 տարի հակադրվել են միմյանց: Մշակույթ, որը շատ խառը պատկերացում ունի Միացյալ Նահանգների մասին, որտեղ Ամերիկան ունի բոլոր պայմանները՝ կենսունակ հասարակություն, հարստանալու կարողություն, ինչում Ռուսաստանը այնքան էլ լավ չի եղել: Եվ սա դառնում է խնդիր, հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք այդքան լավ անում, իսկ մենք՝ ոչ։ Պուտինը, Լավրովը, քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները խաղում են այս գաղափարի վրա և սևացնում ամերիկացիներին»։
Ռուսական պարադոքս է նաև այն, որ Ամերիկան մշտապես հիշատակվում է որպես ռուսական խնդիրների աղբյուր տեղի ԶԼՄ-ների կողմից, Պետդումայի ամբիոնից, նախագահների և բոլոր շերտերի քաղաքական գործիչների կողմից, և որոշ պատճառներով ԱՄՆ ընտրությունները ռուսներին շատ ավելի են հետաքրքրում, քան իրենց սեփականը: Բայց ոչ Կոնգրեսի հանրապետականների մեծամասնությունը, ոչ էլ հանրապետական նախագահը չեն կարողանա լուծել Ռուսաստանի ներքին խնդիրները, որոնք են՝ արդար ընտրությունների, ժողովրդի իրավունքների բացակայություն, կոռուպցիա և անսահմանափակ լիազորություններով ավտորիտար կառավարություն, որը կարող է իրեն թույլ տալ ներխուժել հարևան անկախ պետություն։