Մատչելի հղումներ

Ուկրաինայի ատոմակայանների հրթիռակոծումը կարող է միջուկային և ռադիոակտիվ աղետի պատճառ դառնալ


Ռուսական հրթիռային հարվածների հերթական ալիքից հետո երկրում փակվել են երեք ատոմակայաններ

Հրթիռակոծելով Ուկրաինայի ատոմակայանները՝ Ռուսաստանը սպառնում է «միջուկային և ռադիոակտիվ աղետ» առաջացնել, հինգշաբթի ասել է ուկրաինական «Էներգոատոմ» ատոմային էներգիայի ընկերության ղեկավար Պետր Կոտինը։

Կոտինի խոսքով՝ հրթիռակոծության արդյունքում 40 տարվա մեջ առաջին անգամ Ուկրաինայի ատոմակայաններն անջատվել են էլեկտրացանցից։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինական զորքերի կողմից վերահսկվող տարածքում գտնվող երեք ատոմակայաններ անջատվել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա ռուսական հրթիռային հարձակումների հերթական ալիքից հետո։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան Ռիվնե, Հարավային Ուկրաինա և Խմելնիցկի ատոմակայանները պետք է վերսկսեն աշխատանքը։

Կոտինն ասել է, որ Զապորոժիեի ատոմակայանը, որը գրավել էին ռուսական ուժերը ինն ամիս առաջ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, չորեքշաբթի օրը աշխատում էր պահեստային դիզելային գեներատորների միջոցով:

Նա հավելել է, սակայն, որ հինգշաբթի առավոտյան այն կրկին միացվել է ցանցին, իսկ պահեստային գեներատորներն անջատվել են։

«Ռուսական թեւավոր և բալիստիկ հրթիռներով Ուկրաինայի ողջ տարածքի հրթիռակոծման հետևանքով միջուկային և ռադիացիոն աղետի իրական վտանգ է առկա, ինչպես նաև միջուկային կայանքների վնասման հսկայական վտանգ», - ասվում է Կոտինի գրավոր հայտարարության մեջ: «Ռուսաստանը պետք է պատասխան տա այս ամոթալի հանցագործության համար»:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հինգշաբթի առավոտյան ասել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի մոտ 70%-ը դեռևս հոսանքազրկված է, սակայն մայրաքաղաքի ողջ տարածքում ջրամատակարարումը վերականգնվել է։

Ուկրաինայի իշխանությունները բացում են հազարավոր ջեռուցվող կետեր, որտեղ կարելի է ստանալ տաք կերակուր, առկա է էլեկտրականություն և հնարավորություն միանալ ինտերնետին։ Հինգշաբթի օրը առավոտվա դրությամբ ամբողջ երկրում բացվել է ավելի քան 3700 նման կետ, ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի բարձրաստիճան անդամ Կիրիլո Տիմոշենկոն։

XS
SM
MD
LG