Անցած շաբաթվա վերջին ուկրաինական ուժերը վարժանքներ են անցկացրել երկրի հարավարևելյան՝ Զապորոժիեյի շրջանում: Ակնկալվում է, որ Ուկրաինան կսկսի երկար սպասված գարնանային հակահարձակումը՝ անցած ձմեռ Ռուսաստանի ձեռնարկած գրոհներից հետո։ Չնայած կանխատեսվող արյունալի մարտերին, ենթադրվում է, որ արդյունքները կլինեն համեստ։
Ամիսներ շարունակ Կիևը ժամանակակից սպառազինություն էր խնդրում Արևմուտքից՝ առաջարկելով մատակարարել F-16 կործանիչներ կամ նմանատիպ այլ օդուժ: Ցայսօր լայն հանրության համար գաղտնիք է՝ արդյո՞ք եղել են նման մատակարարումներ: Ուկրաինայի նախագահն պնդում է, թե ժամանակ չի մնացել, և որ հակահարձակումը տեղի կունենա նորագույն կործանիչներով կամ առանց դրանց։
«Անկեղծ ասած՝ այն մեզ շատ կօգներ։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ չենք կարող հետաձգել հակահարձակումը։ Այդ իսկ պատճառով մենք կսկսենք հակահարձակումը՝ նախքան F-16 կամ այլ տեսակներ ստանալը: Մենք կսկսենք և կգնանք առաջ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, արևմտյան կործանիչ ստանալը շատ կարևոր է»,-հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին խոսել է ընդամենը մեկ օր անց այն դեպքից հետո, երբ փրկարարներն ու տեղի բնակիչները պայքարում էին ինը հարկանի բնակելի շենքի փլատակների տակից մարդկանց դուրս բերելու համար։ Շենքը ենթարկվել էր հրթիռային հարձակման։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ խոցել են ռուսական օդուժի կողմից արձակված 23 հրթիռներից 21-ը, սակայն նշանակետին տեղ հասած հրթիռները առնվազն 23 մարդու մահվան պատճառ են դարձել:
Ուկրաինայի պետական լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում նախագահ Զելենսկին Ռուսաստանն անվանել է ահաբեկչական պետություն՝ նշելով. «Ոչ միայն նրանք, ովքեր հրաման են տալիս․․․, դուք բոլորդ ահաբեկիչներ և մարդասպաններ եք, և դուք պետք է պատժվեք»:
Միևնույն ժամանակ, Դոնեցկի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքը խոցել է մեկ այլ քաղաքացիական օբյեկտ։ Ուկրաինայի արևելքում գտնվող Դնիպրո քաղաքում սպանվել է 31-ամյա կին՝ իր երկու տարեկան դստեր հետ։
Ղրիմում՝ նավթային օբյեկտներից մեկում բռնկված ընդարձակ հրդեհը հնարավոր է ցուցիչ է, թե ինչ է սպասվում, երբ Ուկրաինան ստանա արևմտյան կործանիչներ կամ անգամ եթե դրանք չստանա: Ղրիմում Կրեմլի նշանակած պաշտոնյան ասել է, որ հրդեհը բռնկվել է անօդաչու սարքի հարվածի հետևանքով, զոհեր չկան: Ըստ Associated Press-ի, պաշտոնյան չի պարզաբանել, թե ում էր պատկանում անօդաչու սարքը, սակայն հայտնի է, որ վերջին շաբաթներին ուկրաինական անօդաչու սարքերը հաճախ են թիրախավորել Ղրիմը: