Մատչելի հղումներ

Վաշինգտոնը մասնավոր ընկերություններին հորդորում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները շեշտում են, որ պատժամիջոցների չկատարումը կարող է հանգեցնել քրեական հետապնդման

Հինգշաբթի ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը հորդորել է ընկերություններին խստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նախազգուշացնելով, որ հակառակը կարող է հանգեցնել հնարավոր քրեական հետապնդումների:

«Հաշվի առնելով Ռուսաստանի անհիմն պատերազմին ի պատասխան սահմանվող պատժամիջոցները և արտահանման վերահսկողության տարածումը, բազմազգ ընկերությունները պետք է զգոն լինեն պատժամիջոցներին համապատասխանելու իրենց ջանքերում և կանխեն ԱՄՆ օրենքները շրջանցելու հնարավոր փորձերը», - ասված է արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունների համատեղ հայտարարության մեջ: «Բոլոր ձեռնարկությունները պետք է պատասխանատու լինեն՝ իրականացնելով համապատասխանության խիստ վերահսկողություն»:

Հիշեցնենք, որ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը, Եվրոպան և մյուս գործընկերները սահմանել են ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, սառեցնում են ամերիկյան ցանկացած ակտիվ և թույլ չեն տալիս բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող անհատի կամ իրավաբանական անձի հետ։

Ըստ վերոնշյալ մարմինների՝ անպատասխանատու տարրերը շարունակում են փորձել խափանել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները՝ փորձելով շջանցել արտահանման վերահսկողությունը, այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ։

Հայտարարության մեջ վերոհիշյալ գերատեսչությունները հայտնել են պատժամիջոցները շրջանցելու որոշ մարտավարությունների մասին և ընկերություններին կոչ արել զգոն լինել: Ձեռնարկությունները պետք է տեղյակ լինեն սահմանափակումները շրջանցելու համար կիրառվող մարտավարությունների մասին, ներառյալ կեղծ ընկերությունների կամ դրածո անհատների և թաքնված բեռնափոխադրումների օգտագործման մասին, ասված է հայտարարության մեջ:

Հոդվածը պատրաստվել է Reuters գոծակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG