Բայդենի վարչակազմը 37 միլիարդ դոլարի օգնություն է ցանկանում տրամադրել Ուկրաինային առաջիկա շաբաթների ընթացքում՝ նախքան հունվարին նոր Կոնգրեսի մեկնարկը։
Ուկրաինայում ձմեռ է, իսկ պայքարը Ռուսաստանի ներխուժման դեմ շարունակվում է։
ԱՄՆ Կոնգրեսում առկա է երկկուսակցական մեծ աջակցություն Ուկրաինային, բայց իրադրությունը կարող է փոխվել:
Հանրապետական կուսակցության որոշ առաջնորդներ, որոնք փոքր մեծամասնություն կունենան Ներկայացուցիչների պալատում հունվարին, ասում են, որ ուշադիր կուսումնասիրեն Բայդենի վարչակազմի առաջարկած Ուկրաինայի օգնության փաթեթները:
«Մենք պատրաստվում ենք ապահովել ավելի մեծ վերահսկողություն, թափանցիկություն և հաշվետվողականություն: Մենք չենք պատրաստվում կանաչ լույս տալ վարչակազմին»,- հայտարարել է հանրապետական առաջնորդ Մայքլ Մաքքոլը:
Ուկրաինային նախկինում տրամադրված օգնությունը հաստատվել է երկկողմանի մեծ աջակցությամբ: Բայդենի վարչակազմը 37 միլիարդ դոլարի օգնություն է ցանկանոմ տրամադրել Ուկրաինային՝ վստահ լինելու համար, որ Ուկրաինայի և նրա բանակի ֆինանսավորումը չի դադարի առաջիկա մի քանի ամիսներին: Ըստ Բայդենի վարչակազմի՝ այն ներառում է 21,7 միլիարդ դոլար ռազմական, հետախուզական և այլ պաշտպանական աջակցություն և 14,5 միլիարդ դոլար հումանիտար օգնություն:
«Միացյալ Նահանգները լինելու է Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի այս պայքարում: Այս ճանապարհին մեր կողմից չի լինի ոչ մի տատանում, ոչ մի կասկած»,- նշում է Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Թեև երկու կուսակցություններում էլ Ուկրաինային աջակցելու հարցում որոշակի ընդդիմություն կա, որոշ հանրապետականներ քննադատել են Ուկրաինայի նախկին օգնության փաթեթների չափը և կասկածներ հայտնել, որ արդյոք ամբողջ գումարն իսկապես ուղղվել է Կիևին: Նրանք նաև մտահոգված են, թե արդյոք վարչակազմը վերահսկում է տրամադրված միջոցների ծախսելու գործընթացը:
«Մենք դա անելու ենք հաշվետու ձևով, թափանցիկությամբ հանուն ամերիկյան ժողովրդի: Սրանք ամերիկյան հարկատուների դոլարներն են: Արդյո՞ք դա նվազեցնում է մեր կամքը՝ օգնելու Ուկրաինայի ժողովրդին իր պայքարում: Բնավ՝ ոչ: Բայց մենք դա անելու ենք պատասխանատու ձևով»,- ասում է Մաքքոլը:
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ երկրում էներգետիկ ոլորտի ծառայությունների աշխատակիցներն աշխատում են օրուգիշեր էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարվածներ հասցրեց Ուկրաինայի արևելյան և հարավային մի քանի շրջաններին:
Հոդվածը պատրաստվել է Միշել Քվինի նյութի հիման վրա