Մատչելի հղումներ

Հունվարյան դեպքերը քննող հանձնաժողովը հետաքննում է Թրամփի դերը անկարգությունների հարցում


2021 թվականի հունվարին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող Կոնգրեսի քննիչ հանձնաժողովը մանրամասներ է հրապարակել, թե ինչպես է նախկին նախագահ Թրամփը ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար: Կեղծ հայտարարություններ են արվել նաև Կոնգրեսի հանրապետական այլ օրենսդիրների ​կողմից, որոնք հետագայում ներողամտություն են հայցել

Երկու շաբաթ շարունակ Կոնգրեսի քննիչ հանձնաժողովը քննում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու մեղադրանքում: Այն կենտրոնացած էր երկրի ամենաբարձր իրավապահ ատյանների վրա ճնշում գործադրելու Թարմփի փորձերի վրա, ներառյալ գլխավոր դատախազների՝ ընտրության արդյունքները չեղարկլու համար: Վերջիններս հրաժարվել են անել դա:

«Դոնալդ Թրամփը պարզապես չէր ցանկանում, որ Արդարադատության նախարարությունը հետաքններ դա: Նա ցանկանում էր, որ Արդարադատության նախարարությունը օգներ օրինականացնել իր կեղծիքները և ընտրությունները որակեր հիմնականում կոռումպացված»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմփսոնը:

ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է հունվարյան անկարգություններում Թրամփի դերակատարությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Երկու հանրապետական օրենսդիրներ, ովքեր նախկինում քվեարկել են Թրամփի իմփիչմենթի օգտին, ևս պնդում են, որ նախագահը տեղյակ էր, որ իր պնդումները անհիմն էին:

«Դոնալդ Թրամփը գիտեր, որ դա սուտ է։ Արդարադատության նախարարությունն արդեն բազմիցս տեղեկացրել էր Միացյալ Նահանգների նախագահին, որ իր հետաքննությունը չի հայտնաբերել որևէ կեղծիք, որը բավարար լիներ 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»,- ասում է հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին:

Թրամփը քննադատել է հետաքննությունը՝ այն որակելով անարդար, իսկ Կոնգրեսի հանրապետականների մեծամասնությունը հանձնաժողովի հետաքննության արդյունքները համարում է ոչ լեգիտիմ: Բայց Արդարադատության նախարարության երեք պաշտոնյաներ, որոնք ծառայում էին Թրամփի վարչակազմում, վկայում են նախագահի կողմից շարունակվող ամենօրյա ճնշման մասին: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռիչարդ Դոնողյուն հիշատակում է Թրամփի խոսքերը, ըստ որի՝ վերջինս պահանջել է իրենից կոռումպացված ճանաչել ընտրությունները, «իսկ մնացածը թողեք ինձ և հանրապետական կոնգրեսականների վրա», նշել է Թրամփն՝ ըստ Դոնողյունի:

Այդ ճնշումը գագաթնակետին հասավ Կապիտոլիումի հարձակումից երեք օր առաջ, երբ Թրամփը բախվեց գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեֆրի Ռոզենի հետ՝ սպառնալով փոխարինել նրան Ջեֆրի Քլարքով:

Ջեֆրի Ռոզենը պատմում է, որ Թրամփի դժգոհությունը կապված էր արդարադատության նախարարության ընտրակեղծիքները հետաքննելու հետ: Ըստ նրա՝ արդարադատության նախարարությունը մերժել է բոլոր դիմումները, քանի որ չի հայտնաբերել որևէ փաստ:

Քննիչ հանձնաժողովն ասում է, որ այդ պաշտոնյաները պաշտպանել են ամերիկյան ժողովրդավարությունը՝ դիմադրելով Թրամփի ճնշումներին։

«Նա պատրաստ է զոհաբերել մեր երկիրը՝ իր նախագահության ժամկետը երկարացնելու համար։ Նախագահի կողմից ավելի անպատիվ արարք չեմ պատկերացնում»,- ասում է հանրապետական կոնգրեսական Ադամ Քիզինգերը:

Լսումների ժամանակ բացահայտված նոր տեղեկատվությունը նաև ցույց է տալիս, որ Կոնգրեսում Թրամփի հանրապետական դաշնակիցներից ոմանք ներում են հայցել Սպիտակ տնից՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու քվեարկության համար:

«Ներողություն խնդրելու միակ պատճառն այն է, եթե կարծում եք, որ հանցագործություն եք կատարել»,- պնդում է հանրապետական կոնգրեսական Ադամ Քինզինգերը:

Հունվարի 6-ի հանձնաժողովը կարող է առաջարկել ԱՄՆ արդարադատության նախարարությանը քրեական հետապնդում սկսել՝ իր բացահայտումների հիման վրա: Հանրային լսումները կվերսկսվեն հուլիսին՝ մեկշաբաթյա ընդմիջումից հետո։

Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG