ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա իրականացված հարձակման հարցով հետաքննությունը շարունակվում է Կոնգրեսում: Հետաքննիչները նախկին նախագահ Դոնալդ Թրամփին են մեղադրում 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու գործողություններ հրահրելու մեջ:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականներից
Բենի Թոմփսոնի խոսքերով. «Նա դավաճանեց ամերիկյան ժողովրդի վստահությանը։ Նա արհամարհեց ընտրողների կամքը. Նա ստեց իր համախոհների ու երկրին առջեւ»:
«Սա Ամերիկյան ժողովրդի նկատմամբ խարդախություն է: Մենք պատրաստվում էինք տոնել մեր հաղթանակը եւ մենք իսկապես հաղթել ենք այս ընտրություններում», հայտարարում էր այն ժամանակ նախագահի աթոռը զբաղեցնող Դոնալդ Թրամփը: Իսկ նրա նախընտրական արշավի նախկին ղեկավար Բիլլ Ստեպիենն ասում է.
«Դեռ վաղ էր նման կոչեր անելու համար: Քվեաթերթիկները դեռեւս հաշվվում էին: Քվեաթերթիկները դեռ պետք է հաշվեին օրերով: Եվ դեռ վաղ էր նման հայտարարություն անելու համար»:
Նախկին գլխավոր դատախազ Բիլ Բարը, որը երկրի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր 2020 թվականի ընտրությունների ժամանակ, իր վկայությունների ընթացքում ասել է, թե նախագահը շարունակել է կեղծ հայտարարություններով հանդես գալ ընտրություններից հետո ընկած մի քանի շաբաթների ընթացքում, նույնիսկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա պարտվել է:
«Ես ինձ բարոյալքված զգացի: Մտածում էի, եթե նա իսկապես հավատում է իր ասածներին, ուրեմն կորցրել է իրականության հետ կապը’’, ասել է Բարը:
Երեք առանցքային նահանգների ընտրական պաշտոնյաները և Հանրապետական կուսակցության ընտրական հարցերով իրավաբանը նույնպես ասել են, որ Թրամփի քարոզարշավի հետագա փորձերը՝ ապացուցելու, որ կեղծիքներ են եղել դատարանում, անհիմն են:
Քննչական հանձնաժողովի օրենսդիրներն ասում են, որ Թրամփի քարոզարշավն այդ խարդախ պահանջները տարածելու համար հավաքել է միլիոնավոր դոլարներ, որոնք հատկացվել են Թրամփի կողմնակից կազմակերպություններին:
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Զո Լոֆգրենն է ասում, «Կան ապացույցներ այն մասին, որ Թրամփի նախընտրական քարոզարշավը մոլորեցրել է դոնորներին եւ ճիշտ չի ասել, թե ուր են գնալու իրենց միջոցները և ինչի համար են դրանք օգտագործվելու։ Այսպիսով, եղել է ոչ միայն «մեծ սուտ», այլև եղել է «մեծ խաբեություն»:
Կոնգրեսի գրեթե բոլոր հանրապետականները հունվարի 6-ի հանձնաժողովի աշխատանքը ոչ լեգիտիմ են անվանում և շարունակում են աջակցել նախկին նախագահին:
Լսումները կվերսկսվեն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, երբ քննության է դրվելու այն հարցը, թե ինչպես է իր հաղթանակը հայտարարելու նպատակով Թրամփը փորձել օգտագործել արդարադատության նախարարության լիազորությունները:
Հոդվածը կազմված է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի աշխատակից Քեթրին Գիբսոնի հոդվածի հիման վրա: