Ուրբաթ երեկոյան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործի շուրջ բուռն քննարկումներից հետո, օրենսդիրները վերջապես համաձայնության եկան ՝ քվեարկելով Կապիտոլիումի ոստիկաններից մեկին պարգևատրելու օգտին, ով ներգրավված էր հունվարի 6-ին Կոնգրեսում անկարգությունները ճնշելու մեջ:
Սենատորները միաձայն քվեարկել են Կոնգրեսի ոսկե մեդալը Կապիտոլիումի ոստիկանության սպա Յուջին Գուդմանին հանձնելու օգտին:
Այդ օրը Գուդմանն ամբոխին հնարավորինս հեռացնում էր օրենսդիրների գտնվելու վայրից, երբ Թրամփի կողմնակիցները հայտնվեցին Կոնգրեսի շենքի ներսում: Դրան նախորդել էր Կոնգրեսի երկու պալատների համատեղ ժողովը, որի ընթացքում օրենսդիրները պետք է պաշտոնապես հաստատեին Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Դատավարության ընթացքում ցուցադրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Գուդմանը ապահովում սենատոր Միթ Ռոմնիի անվտանգությունը:
Հարձակումից գրեթե հինգ շաբաթ անց Չիկագոյի համալսարանի հետազոտողները եզրակացրեցին, որ անկարգույունների մասնակիցների մեծ մասը ոչ թե ծայրահեղ աջ խմբավորումների անդամներ են, այլ Թրամփի սովորական աջակիցներ:
Օրենսդիրները դահլիճում ծափահարեցին Գուդմանին, իսկ Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերն ասաց, որ պետք է հարգանքի տուրք մատուցել և ճանաչել բոլոր իրավապահների կատարած աշխատանքը, ովքեր ներգրավված էին Կապիտոլիումի պաշտպանության մեջ: Դա բուռն ծափահարությունների երկրորդ ալիք առաջացրեց դահլիճում:
Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը նույնպես գովասանքի խոսքեր ուղղեց Գուդմանի հասցեին ՝ ասելով, որ եթե չլիներ սպա Յուջին Գուդմանի արագ կողմնորոշվելու կարողությունն ու նրա խիզախությունը, ապա այս սենյակում ներկաներից շատերի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ կլիներ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հինգշաբթի օրը ներկայացրեց մի օրինագիծ, որը Կոնգրեսի ոսկե մեդալով պարգևատրում է Կապիտոլիումի ոստիկանության աշխատակիցներին և Վաշինգտոնի Մետրոպոլիտենի ոստիկանության վարչությանը, որոնց սպաները ներգրավված էին Կապիտոլիումի անվտանգության ապահովման գործում:
Թրամփը ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որի նկատմամբ եղել է իմփիչմենթի երկու դատավարություն: Նախկին նախագահը մեղադրվել էր խռովություն հրահրելու մեջ, ինչը, ըստ դեմոկրատների, արտահայտվել է իր հունվարի 6-ի ելույթում՝ ուղղված իր կողմնակիցներին:
Facebook Forum