Մատչելի հղումներ

Հանձնաժողովը պնդում է, որ Թրամփն էր հրահանգել ներխուժել Կապիտոլիում


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի դեմ հունվարի 6-ին իրականացված գրոհի հետաքննությունը վարող հանձնաժողովի դեմոկրատ վեց, երկու հանրապետական անդամներն, առաջին անգամը լինելով, ներկայացրին հետաքննության արդյունքները:

Դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմփսոնն ասաց. «Սահմանադրության ներքին թշնամիներն էին, ովքեր ներխուժեցին Կապիտոլիում և գրավեցին Կոնգրեսի շենքը, նրանք, ովքեր ձգտում էին տապալել իշխանության փոխանցումը` կասեցնելու ժողովրդի արտահայտած կամքը: Եվ նրանք դա արեցին Միացյալ Նահանգների նախագահի քաջալերանքով, այնպիսի մի բան, որի նմանը տեղի չէր ունեցել անցած 220 տարիների ընթացքում»:

Հիշեցնենք, որ Թրամփն իմփիչմենթի ենթարկվեց 2021 թվականի հունվարին` Սպիտակ տնից հեռանալուց ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Կոնգրեսի այս հետաքննությունը ղեկավարող օրենսդիրներն ասում են, թե հետաքննությունն իր ձեռքի տակ ունի հարյուրավոր հարցազրույցներ և հազարավոր փաստաթղթեր, որոնք թույլ են տալու ապացուցել, որ Թրամփն է ծրագրել և իրագործել բռնի հեղաշրջում` նախագահական աթոռը պահպանելու համար:

Լսումների առաջին նիստը կենտրոնացավ «Հպարտ տղաներ և Երդման պահապաններ» ծայրահեղական խմբավորումների վրա, որոնց մի շարք անդամներ արդեն իսկ մեղադրվել են հունվարի 6-ի հարձակման հետ կապված խռովարար գործողությունների համար: Ինչպես փաստավավերագրական կինոֆիլմերի ռեժիսոր Նիք Քուեսթեդն է ասել, ինքը տեսավ, թե ինչպես ամբոխը ցուցարարներից վերածվեց ապստամբների:

Բացի հանրապետական մի քանի կոնգրեսականներից, մնացյալ բոլոր հանրապետականները պնդում են, որ հետաքննության արդյունքներն անօրինական են:

Քևին Մաքքարթիի խոսքերով, «Սա ամենաքաղաքականացված և ոչ լեգիտիմ հանձնաժողովն է Ամերիկայի պատմության մեջ: Այն օգտագործում է իր լծակները` հանրապետականների վրա հարձակվելու, պատշաճ ընթացակարգերը խախտելու և մասնավոր քաղաքացիների քաղաքական խոսքը ոտնահարելու համար»:

Բայց այս ամսվա ընթացքում չորս այս լսումների ժամանակ եւս հանձնաժողովի քննիչները ասել են, թե ունեն փաստեր, որ Թրամփը համակարգված ջանքեր է գործադրել ընտրությունների արդյունքները տապալելու համար:

Հունվարի 6-ի հանձնաժողովը չունի որևէ իրավական լիազորություն, սակայն կարող է Արդարադատության նախարարությանը ներկայացնել քրեական հետապնդում սկսելու առաջարկ: Մինչ օրս ավելի քան 725 անձինք են ձերբակալվել այդ օրվա գործողությունների համար։

Նյութը կազմված է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լրագրող Քեթրին Գիփսոնի հոդվածի հիման վրա

XS
SM
MD
LG