Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը նախկին նախագահ Թրամփին պատասխանատու է համարում հունվարի 6-ի հարձակման համար


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը, նշելով հունվարի 6-ի ապստամբության առաջին տարելիցը, դատապարտել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ‘’ամերիկյան ժողովրդավարությունը տապալելու փորձի համար’’:

«Մեր պատմության մեջ առաջին անգամ նախագահը ոչ միայն պարտվել էր ընտրություններում, այլ նաեւ փորձ է արել կանխել իշխանության խաղաղ փոխանցումը», ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կապիտոլիումից: «Եվ այս հիշատակի օրը մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նման հարձակում տեղի չունենա այլեւս երբեք», ասել է նա:

Շարունակելով իր խոսքը` Բայդենն ասել է, թե Թրամփի համար ավելի կարեւոր է իր իսկ էգոն, քան ժողովրդավարությունը եւ Սահմանադրությունը:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած անկարգություններին մասնակցած անձանցից շատերն են այսօր զղջում դրա համար: Նրանք ասում են, թե ցանկանում են դա թողնել անցյալում: Նրանցից շատերն են ասում, որ իրենց ներկայացրել են ընտրությունները գողացված լինելու մասին կեղծ լուրեր:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ծայրահեղականության մասին ծրագրի մասնակիցներից Ջոն Լյուիսը, որն ուսումնասիրում է հարձակմանը մասնակցած բոլոր անձանց պատճառաբանությունները, ասում է, թե «Մասնակիցների մեջ են եղել 18-ից 80 տարեկան անձինք, անհատներ կյանքի բոլոր ոլորտներից՝ բանվորներից մինչեւբիզնեսի սեփականատերեր, հրշեջներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և զինվորականներ»:

Ավելի քան 80 տոկոսին մեղադրանք է առաջադրվել՝ սոցիալական ցանցերի գրառումներում իրենց կատարած գրառումների հիման վրա: Օրինակ օգտատերերից մեկը գրում է, թե այդ օրն իր կյանքի լավագույն օրերից մեկն է: Դատարանում այս տողերի հեղինակը, ում նկատմամբ կայացվել էր վաթսուն օրվա ազատազրկման մասին դատավճիռ, ասել է, թե շատ է զղջում նման թվիթով հանդես գալու համար, սակայն ավելացրել է. ‘’Բայց չէ որ սա ազատ երկիր է’’:

Որոշ անձինք նույնիսկ անդրդվելի են մնում: ‘’Եվ դեռեւս հավատացած եմ, որ իմ արարքը եղել է ճիշտ’’, ասում է Իվոնե Սիրը:

Ռիչարդ Բարնեթը, որը ներխուժել էր Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի աշխատասենյակ եւ, ըստ մեղադրանքների, հափշտակել էր նրա նամակներից մի քանիսը, եւ որի դեմ հարուցված է յոթ մեղադրանք, այսօր ոչ թե զղջում է, այլ բողոքում բանտային պայմանների դեմ:

Մինչ այժմ գրոհին մասնակացած մեծաթիվ մեղադրյալներ են ընդունել իրենց սխալը, ինչի արդյունքում արժանացել են ավելի մեղմ պատժի: Սակայն ինչպես դատարաններից են հաղորդում, մնացյալ գործերի քննությունը կշարունակվի դեռ երկար տարիներ:

Նախագահ Ջո Բայդենը, հարձակման տարելիցի օրն արտասանած ելույթում ասել է, թե Թրամփը ‘’ոչ ժողովրդավարական եւ ոչ ամերիկյան’’ հարձակում է իրականացրել ընտրական համակարգի օրինականության դեմ` ‘’այսպիսով դաշույն դնելով ամերիկյան ժողովրդավարության կոկորդին’’։

XS
SM
MD
LG