Մատչելի հղումներ

CDC հետազոտություն. օմիկրոնի դեպքում համեմատաբար ավելի քիչ հիվանդներ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքում


ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտողները նշում են, որ չնայած իր խիստ վարակիչ բնույթին՝կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի համաճարակը ավելի քիչ ծանր հետևանքներ է ունենում:

Առողջապահության ոլորտի դաշնային գերատեսչության այս շաբաթ հրապարակած հետազոտությունը ցույց է տվել, որ դեկտեմբերի 19-ից հունվարի15-ը՝ օմիկրոնի տարածման գագաթնակետին, վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների թիվը մոտ 26%-ով ավելի ցածր է եղել, քան դելտա շտամինը և 29%-ով ավելի ցածր, քան նախորդ տարվա ձմռան ամիսների՝ COVID-19-ի վարակման շրջանը։

CDC-ի ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ վարակված հիվանդները միջինը հիվանդանոցում են անցկացնում մոտավորապես 5 օր օմիկրոնի դեպքում՝ համեմատած դելտա շտամի 7 և անցյալ տարվա ձմեռային շրջանի համավարի 8 օրվա հետ:

Հետազոտողները ասում են, որ օմիկրոնի աճի ժամանակ COVID-19-ի ծանր դեպքերի ավելի քիչ թիվը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ պատվաստված ամերիկացիների մեծ թվով, որոնց մի մասը ստացել է նաև խթանող ներարկում, ինչպես նաև նախորդ վարակներից իմունիտետ ստացված մարդկանց բարձր թվով:

Բայց օմիկրոն տարբերակը Միացյալ Նահանգներում առաջացրել է ամենօրյա վարակների և հոսպիտալացումների ռեկորդային քանակություն՝բազմաթիվ հիվանդանոցներին կանգնեցնելով ճգնաժամի շեմին, ինչպես նաև մեծացնելով օրական միջին հաշվարկով մահերի թիվը:

Երկու նոր հետազոտությունները նշել են, թե ովքեր են առավել շատ զգալու COVID-19 վարակի երկարատև հետևանքները, որը սովորաբար հայտնի է որպես «երկարատև COVID»:

ԱՄՆ-ում գործող մի քանի հետազոտական կենտրոնների, այդ թվում՝ Վաշինգտոնի համալսարանի և Սիեթլի շվեդիական բժշկական կենտրոնի գիտնականները, ուսումնասիրել են ավելի քան 200 հիվանդների, ովքեր վարակվել են 2020-ից 2021 թվականներին: Նրանք հայտնաբերել են չորս գործոններ, որոնք կարող են մեծացնել երկարատև COVID-ի հավանականությունը՝ բացահայտելով, թե որքան կարող է կորոնավիրուսը գտնվել մարդու օրգանիզմում, ինչպես նաև մատնանշելով այն հակամարմինների առկայությունը, որոնք սխալմամբ հարձակվում են մարմնի առողջ հյուսվածքների վրա: Բացի այդ, հետազոտությունները անդրադարձել են սովորական մարդկային վիրուսի վերակտիվացմանը, որը հրահրում է մոնոնուկլեոզը, և երկրորդ տիպի շաքարախտին:

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում անցկացված առանձին հետազոտությունը պարզել է, որ որոշակի հակամարմինների ցածր մակարդակն ավելի հաճախ է հանդիպում երկարատև կորոնավիրուսով հիվանդների մոտ։ Երկու ուսումնասիրություններն էլ եզրակացրել են, որ երկարատև COVID հիվանդներին հակավիրուսային դեղամիջոցներով բուժումը կարող է մեղմել ախտանիշները, ինչպիսիք են հոգնածությունը, գլխացավն ու այլ ախտանիշներ, որոնք խանգարում են կենտրոնացմանն ու նպաստում են հիշողության կորուստի:

XS
SM
MD
LG