Մատչելի հղումներ

Omicron-ը դեռևս չի նահանջում ԱՄՆ-ում 


Երկուշաբթի օրը հունվարի 10-ին Միացյալ Նահանգները հաղորդել է 1,35 միլիոն կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի մասին, նշում է Reuters գործակալությունը

Դա ամենաբարձր օրական ցուցանիշն է աշխարհում: Համավարակի Omicron տարբերակն այս պահին չի ցույց տալիս հիվանդության տարածումը դանդաղեցնելու որևէ նշան:

Մի քանի նահանգներում, ներառյալ մայրաքաղաք Վաշինգտոնում, Պուերտո Ռիկոյում և ԱՄՆ Վիրջինյան կղզիներում, հայտնի է դարձել ռեկորդային թվով հոսպիտալացումների մասին:

Մեծ թվով դեպքեր գրանցվում են հատկապե երկուշաբթի օրերին, քանի որ շատ նահանգներ տեղեկություն չեն տրամադրում հանգստյան օրերին: Նոր դեպքերի յոթ օրվա միջին ցուցանիշը եռապատկվել է՝ հասնելով օրական ավելի քան 700,000-ի վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Նոր դեպքերի հակառեկորդը գրանցվել է այն ժամանակ, երբ հոսպիտալացված COVID-19 հիվանդների թիվը նույնպես հասավ պատմական ամենաբարձր մակարդակին՝ կրկնապատկվելով երեք շաբաթվա ընթացքում, նշոււմ է Reuters-ը:

COVID-19 ախտանիշով հոսպիտալացվել է ավելի քան 136 հազար մարդ՝ գերազանցելով նախորդ տարվա հունվարյան ավելի քան 132 հազար ռեկորդային ցուցանիշը։

Չնայած նրան, որ Omicron տարբերակը համարվում է ավելի ''մեղմ'' շտամ, առողջապահության ոլորտի պաշտոնյաները նախազգուշացնում են, որ վարակների մեծ թիվը կարող է լարվածություն մտցնել առողջապահության համակարգում: Մի շարք հիվանդանոցներ արդեն կիրառում են սահմանափակումներ՝ պայքարելով հիվանդության տարածման դեմ:

Դեպքերի աճը խաթարել է նաև կրթական համակարգը: Դպրոցներում գրանցվում է անձնակազմի, ուսուցիչների և ավտոբուսի վարորդների պակաս՝ կապված վերջիններիս բացակայությունների հետ: Չիկագոյում, ուսուցիչների ու տեղական մարմինների միջև անհաձայնության արդյունքում արդեն չեղարկվել են դասերը:

Նյու Յորք քաղաքը դադարեցրել է մետրոյի երեք գծերի սպասարկումը, մեծ թվով աշխատողների հիվանդ լինելու պատճառով: Մասնավոր ընկերությունները վերանայում են աշխատանքի վերադառնալու վերաբերյալ իրենց նախկին որոշումները:

Մասնագետները չեն բացառում COVID-19 նոր պատվաստանյութի անհրաժեշտությունը, որը ուղղված կլինի հատկապես Omicron տարբերակի դեմ: Դրա մասին երկուշաբթի օրը ասել է Pfizer ընկերության գործադիր տնօրենը՝ ակնարկելով, որ իր ընկերությունը կարող է մինչև մարտ պատրաստել նման պատվաստանյութ:

Facebook Forum

XS
SM
MD
LG