Բազմաթիվ զոհեր և վիրավորներ՝ Եմենում տեղի ունեցած բախումների պատճառով

Եմենում հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա կառավարության կողմնակիցների բացած կրակի պատճառով զոհվել է առնվազն 20, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 100 մարդ։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրն անցկացված բողոքի ցույցի ընթացքում, որի մասնակիցները պահանջել են նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը։

Բռնություններ էին տեղի ունեցել նաև հինգշաբթի օրը, երբ առնվազն 85 մարդ վնասվածքներ էր ստացել ցուցարարների հետ Եմենի անվտանգության ուժերի և կառավարության կողմնակիցների բախումների պատճառով։

Եմենում տիրող աղքատությամբ, կաշառակերությամբ և քաղաքական ազատությունների բացակայությամբ վրդովված բնակիչները բողոքի ցույցերը սկսել են այս տարվա սկզբին։

Երկրի նախագահի իշխանությանը սպառնում են նաև ալ-Քաիդայի զինյալները, որոնք գործում են անկառավարելի շրջաններից՝ կազմակերպելով կառավարության և Արևմուտքի դեմ ուղղված հարձակումներ։