Եմենի զինծառայողների կողմից բացված կրակից զոհվել է 20 ցուցարար

Եմենի զինծառայողների կողմից բացված կրակից զոհվել է 20 ցուցարար

Եմենի հարավային Թայիզ քաղաքում անվտանգության ուժերի կողմից բացված կրակից զոհվել է բողոքի ցույցի առնվազն 20 մասնակից։

Ականատեսների համաձայն, Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերը երկուշաբթի օրը հարձակում են գործել ցուցարարների ճամբարի վրա՝ շարունակելով կառավարական ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունները։

Այս ընթացքում Եմենի անվտանգության ուժերի պաշտոնատար անձանցից մեկը հայտնել է, որ երկուշաբթի օրը Զինջիբարում սպանվել է զինուժի չորս, վնասվածքներ ստացել՝ յոթ զինծառայող։ Դեռևս հայտնի չէ, թե ով է պատասխանատու այս հարձակման համար։

Եմենի Աբիյան նահանգի մայրաքաղաք Զինջիբարի բնակիչները երկուշաբթի օրը հայտնել են, որ զինուժը օդային հարձակումներ է իրականացրել մահմեդական զինյալների նկատմամբ։

«The Wall Street Journal» պարբերականի համաձայն, քաղաքի վրա հարձակում կատարած զինյալները կառավարության վերահսկողությունից դուրս բազում տարիներ ապրող ցեղախմբերի անդամներ են, որոնք պատկանում են «Արաբական թերակղզում ալ-Քաիդա» կազմակերպությանը։

Եմենի ընդդիմությունը մեղադրել է երկրի նախագահ Սալեհին` իշխանությունը չփոխանցելու համար քաոս առաջացնելու և երկրի բնակչությանը խուճապի մատնելու նպատակով Զինջիբարը զինյալներին դիտավորյալ մերպով հանձնելու մեջ։ Եմենի նախագահը նախկինում զգուշացրել է, որ առանց իրենց «ալ-Քաիդա»-ն վերահսկողություն կհաստատի այս պետության նկատմամբ։