Շվեդիան բողոքարկել է Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Շվեդիան բողոքարկել է Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Շվեդիայի դատախազները բողոքարկել են «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչը նշանակում է, որ Ասանժը մնալու է բանտում առնվազն մինչև բողոքարկման գործով հինգշաբթի օրը կայանալիք լսումները:

Շվեդիան ջանքեր է գործադրում, որպեսզի Ասանժին հանձնեն այս երկրին` բռնաբարության և բռնաբարության փորձ կատարելու գործով հարցաքննելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի դատարաններից մեկը «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատ է արձակել 315 հազար դոլար (200 հազար բրիտանական ֆունտ) կազմող գրավի դիմաց:

Գրավի պայմանների համաձայն ,Ասանժը պետք է էլեկտրոնային ապարանջան կրի և հետևի նախատեսված պարետային ժամի կանոններին:

Ասանժի դատապաշտպան Մարք Սթիվենսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի բանտում պայմանները բավականին անբարենպաստ են:

«Նրան հնարավորություն չեն տալիս շփվել այլ բանտարկյալների հետ, օրը 23 ու կես ժամ նա գտնվում է իր խցում, իսկ օրը 24 ժամ` նկարահանում են ինֆրակարմիր նկարահանման սարքերով` այսպիսով, այժմ նա գտնվում է բավականին տհաճ պայմաններում», - նշել է Ասանժի փաստաբանը:

Փաստաբանի խոսքերը հաստատել է Ջուլիան Ասանժի մայրը, որը Մեծ Բրիտանիա է ժամանել Ավստրալիայից` իր որդուն ավելի մոտ գտնվելու համար: