«Վիքիլիքս»-ի հիմնադիր Ասանժը չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի դատարանում շարունակելու է պայքարել Շվեդիայի իշխանություններին իրեն հանձնելու դեմ։ Շվեդիայի իշխանությունները ցանկանում են հարցաքննել Ասանժին սեռական բնույթի հանցագործություններ կատարելու կապակցությամբ։
Ասանժը հերքում է նման որևէ հանցագործություն կատարելու հանգամանքը և պնդում, որ այդ երկրի իշխանություններին հանձնելու պահանջների հիմքում քաղաքական դրդապատճառներ են ընկած։ Նա մտահոգություններ ունի, որ այդ երկրում արդար դատաքննության անցկացումը կարող է անհնար լինել։
40-ամյա Ասանժի կողմից «Վիքիլիքս» կայքում գաղտնի նյութերի հրապարակումները մեծ աղմուկ էին բարձրացրել լրատվամիջոցներում և առաջացրել Միացյալ Նահանգների կառավարության զայրույթը։
ԱՄՆ-ի կառավարությունն ուսումնասիրում է գաղտնի նյութերի հրապարակման հետ կապված Ասանժին քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը։ Ասանժի համաձայն, իրեն Շվեդիա տեղափոխելու դեպքում նա վերջո հանձնվելու է Միացյալ Նահանգների իշխանություններին։
«Վիքիլիքս» կայքի հիմնադիրը ներկայումս ապրում է տնային «վիրտուալ» կալանքի տակ Անգլիայի արևելքում՝ իր աջակիցներից մեկին պատկանող տանը։