Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»–ի հիմնադիրը գիրք հրատարակելու գործարք է կնքել


«Վիքիլիքս»–ի հիմնադիրը գիրք հրատարակելու գործարք է կնքել
«Վիքիլիքս»–ի հիմնադիրը գիրք հրատարակելու գործարք է կնքել

«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է գիրք գրել, որի ձեռագիրը պատրաստ կլինի մինչև 2011 թվականի մարտ ամիսը։

Բրիտանական «Սանդի Թայմս» թերթին տված հարցազրույցում Ասանժը հայտնել է, որ գիրք գրել չի ցանկանում, սակայն ստիպված է դիմել այդ քայլին՝ իրավաբանական ծախսերը հոգալու և կայքի աշխատունակությունը պահպանելու համար անհրաժեշտ գումար վաստակելու համար։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ամերիկյան «Ալֆրեդ Ա. Նոպֆ» և Մեծ Բրիտանիայի «Քենոնգեյթ» հրատարակչությունները ինքնակենսագրություն գրելու դիմաց Ասանժին վճարելու են 1,3 միլիոն դոլար։

Լրացուցիչ գումարներ Ասանժը վաստակելու է գիրքն այլ շուկաներում վաճառելու և պարբերականներում հրատարակվելու գործարքներից։

Ասանժի հուշագրությունների մասին հաղորդագրություններից առաջ «Վիքիլիքս» կայքի նախկին խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքն աշխատում է կազմակերպության «ներքին գործունեության և լարվածությունների մասին» պատմող մի գրքի վրա։

Գերմանիայի քաղաքացի Դանիել Դոմշայթ-Բերգը, որը «Վիքիլիքս»-ը լքել է սեպտեմբեր ամսին, «Քրաուն Փաբլիշինգ Գրուփ» ընկերության միջոցով հրատարակելու է ««Վիքիլիքս»–ի ներսում. Ջուլիան Ասանժի հետ անցկացրած իմ ժամանակը և աշխարհի ամենավտանգավոր կայքը» վերնագրով իր գիրքը։

XS
SM
MD
LG